կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 15:27
Իրավական

Գրիշա Վիրաբյանը պատրաստ է գալ, նայել ոստիկանապետի աչքերին ու պնդել, որ նա է իրեն խոշտանգողներից մեկը

Գրիշա Վիրաբյանը պատրաստ է գալ, նայել ոստիկանապետի աչքերին ու պնդել, որ նա է իրեն խոշտանգողներից մեկը

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որի անունը հիշատակվում է Բելգիայում քաղաքական ապաստան ստացած ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու գործով, օրերս ասուլիսում ասել էր, թե պատրաստ է դատարանի առջև կանգնել:

 

Իսկ ավելի վաղ նա հերքել էր, թե որևէ առնչություն ունի 2004 թվականին կատարված` Վիրաբյանին ոստիկանության բաժանմունքում խոշտանգելու հետ, ասել, թե եթե Վիրաբյանն իր աչքերին նայի, … Ի պատասխան` Վիրաբյանն ասել էր, թե պատրաստ է ոստիկանապետի աչքերին նայելու և իր խոսքը պնդելու համար Վրաստանում հանդիպել նրա հետ (Բելգիան, որպես ապաստան տված երկիր, պայման ունի, որ Գ. Վիրաբյանը Հայաստան գալ չի կարող):

 

Սակայն այս առաջարկին Աշոտ Կարապետյանը չի համաձայնել` ասուլիսի ժամանակ նշելով, որ չի պատրաստվում ինչ-որ մեկի քնահաճույքները կատարել: Այս պատասխանը վրդովեցրել է Գրիշա Վիրաբյանին:

 

«Ինձ զարմացրեց նրա հիշողության` տեղ-տեղ մթագնած լինելու փաստը: Խոսքի սկզբում ասում է, թե 10 տարի է անցել, չի հիշում, բայց վերջում ասում է, թե առերեսման ժամանակ իր հարցերին չեմ պատասխանել, մոռանում է, որ առերեսումը արձանագրված է, կա գործում: Նա ստում է, թե չեմ կարողացել պատասխանել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գ. Վիրաբյանը: Նա հույս ունի, որ գործի նոր նախաքննությունը լույս կսփռի դեպքի հետ կապված մի շարք մանրամասների վրա:

 

Մասնավորապես` թե ինչպես 2004 թվականի ապրիլի 23-ին` ժամը 17:05-ին, անհայտ մեկը զանգում է ոստիկանություն ու հայտնում, թե Վիրաբյանը զենք է կրում, որից հետո` ժամը 18-ին, իրեն բերման են ենթարկում, այնինչ` իրականում այդ օրն առավոտյան արդեն` ժամը 11-ին, իրեն հենց ոստիկանությունում առաջին օգնություն էին ցույց տալիս բժիշկները:

 

«Նրա թելադրանքով ու հրամանով հետին թվով գործ սարքեցին, բայց քանի որ հերթապահ մասի ժուռնալում ազատ ժամի տեղ չկար, կանչն ուշացումով են գրանցել ու արձանագրել»,- պատմեց Գ. Վիրաբյանը: Նա հայտնեց նաև, որ առերեսման ժամանակ ինքն ասել է, որ Աշոտ Կարապետյանն իրեն խփողներից մեկն է եղել: Եվ չի փորձում շահարկել նրա` պաշտոնյա լինելու հանգամանքը, քանի որ Ա. Կարապետյանի անունը տվել է դեռևս այն ժամանակ, երբ նա բարձր պաշտոն չուներ:

 

Իսկ ինչ վերաբերում է աչքերի մեջ նայելուն ու պնդելուն, որ Երևանի ոստիկանապետն է իրեն խփել, Գ. Վիրաբյանն ասաց. «Իմ առաջարկն ուժի մեջ թողնելով` հիմա ես, իր լկտի ստից զայրացած, հնարավոր է` Բելգիայի իշխանությունների կարծիքն էլ հաշվի չառնեմ ու գամ Հայաստան` հատուկ իր աչքերին նայելու և քննիչի մոտ հաստատելու այն, ինչ ասել եմ 2004 թվականին»: