կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 17:04
Իրավական

Դատախազը կողմ էր խոշտանգված Գրիշա Վիրաբյանի գործի նոր նախաքննությանը, սակայն բողոքարկել է դրա դեմ

Դատախազը կողմ էր խոշտանգված Գրիշա Վիրաբյանի գործի նոր նախաքննությանը, սակայն բողոքարկել է դրա դեմ

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած և ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի` ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ գործը դեռևս նոր նախաքննության չի ուղարկվել:

 

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վիրաբյանի ներկայացուցիչների պահանջը:  Սակայն, որքան էլ զարմանալի է, առաջին ատյանի դատարանի ընդունած ակտի դեմ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել դատախազը:

 

Իսկ զարմանալի է, քանի որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ դատախազ Հայկ Մովսիսյանը բողոքը բավարարելու դեմ առարկություններ չուներ: Նշել էր, որ համամիտ է Վիրաբյանի պաշտպանների հետ, որ գործը պետք է ուղարկել նոր քննության` համաձայն Եվրադատարանի որոշման, հատկապես, որ Հայաստանը միացել է Եվրակոնվենցիային, և Եվրադատարանի որոշումների կատարումը Հայաստանի կողմից պարտադիր է:

 

Թե ինչու՞ է դատախազը դիրքորոշումը փոխել, Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչներից իրավաբան Արա Ղազարյանի համար անհասկանալի է. «Ես կարող եմ միայն ենթադրել, որ գուցե նրա ղեկավարությունը համաձայն չի եղել: Կամ գուցե փոխել է իր դիրքորոշումը, սակայն որևէ առանցքային փաստարակ չի ներկայացվել, որը որևէ օբյեկտիվ երրորդ անձի կարող է համոզիչ լինել: Որևէ օբյեկտիվ դիտորդ չի կարող ասել, թե ինչ դրդապատճառ է եղել, որ դատախազը բողոքարկել է»,- ասաց իրավաբանը Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Արա Ղազարյանի խոսքով, դատախազի վերաքննիչ բողոքի հիմքերը ահասկանալի և անհիմն են իրենց համար. «Շատ անորոշ հիմնավորում է, անկեղծ ասած` ես լավ չհասկացա: Կա այսպիսի միտք, թե քանի որ առաջին ատյանի դատարանը պատշաճ կերպով չի գնահատել քննիչի երկու որոշումները, ապա անհնարին է դառնում Եվրադատարանի որոշումը ՀՀ-ում կատարելը»:

 

Խոսքը 2004-2005 թվականներին քննիչի կողմից ընդունված երկու որոշումների մասին է: Դրանցից մեկը վերաբերում է Վիրաբյանին խոշտանգելու վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, մյուսը` Վիրաբյանի որոշ անձանց հարցաքննելու միջնորդություն մերժելուն:

 

Թե արդյո՞ք դատախազի բողոքին պատասխան գրել են, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Դեռ չենք գրել, որովհետև շատ դժվար է պատասխանել մի փաստարակի, որն անհիմն ու անորոշ է: Երևի կնախընտրենք գնալ դատարան, այնտեղ լսել բողոքը… »:

 

Դեպքից անցել է մոտ 9 տարի, և արդյո՞ք այսքան ժամանակ հետո հնարավոր է գործի նոր նախաքննությունը, Ա. Ղազարյանը նշեց` միանգամայն հնարավոր է: Նրա խոսքով, Գ. Վիրաբյանը այդ ժամանակ քննիչին հայտնել է որոշակի փաստական հանգամանքների մասին, որոնք չեն ուսումնասիրվել: Եվ գործի նոր նախաքննության շրջանակներում պետք է հենց այդ փաստական հանգամանքներն ուսումնասիրվեն:

 

Սակայն փաստական հանգամանքները ամբողջացնելուց հտո պետք է դրանք գնահատվեն, և այս դեպքում սուբյեկտիվիզմը շատ մեծ է լինում: Եվ, իրավաբանը չի բացառում, որ ինչպես, ինը տարի առաջ, այնպես էլ նոր նախաքննության ժամանակ կգնահատեն, որ չկան խախտումներ և այդպիսով գործը նորից կփակվի:

 

«Գործով, Գ. Վիրաբյանին խոշտոնագողներից մեկը նշվում է Աշոտ Կարապետյանը: Եվ նրա մասով առկա փաստերը վերագնահատելիս կասեն, որ չկա ապացույց, որ ներկայիս միլպետը այն անձն է, որը նրան խոշտանգել է: Հնարավոր է` այդպես վերջանա: Այսինքն` ֆորմալ առումով Եվրախորհրդին ցույց կտրվի, որ գործը վերաբացվեց, վերաքննվեց, իսկ իրականում գործը նորից փակեն»,- ասաց Վիրաբյանի ներկայացուցիչը:

 

Իսկ թե արդյո՞ք կա հայաստանյան պրակտիկա, երբ չեն կատարվում Եվրադատարանի որոշումները, Ա. Ղազարյանը նշեց, որ վերջերս կատարված մոնիտորինգի արդյունքում առանձնացրել են 8 գործ (ՀՀ-ի դեմ կայացված ընդհանուր 43 գործերից), որոնց դեպքում պետության կողմից գործուն քայլեր չեն արվել որոշումը կատարելու համար:

 

Այդ որոշումները ընդունվել են 2010 թվականից շուտ և վերաբերել են կալանավայրերում ապրելու պայմանների և բժշկական սպասարկման բարելավմանը: Սակայն մինչ օրս ԵԽ նախարարների կոմիտեին Հայաստանը չի ներակայացրել համապատասխան տեղեկություններ, որ բարեփոխումները կատարվել են: