կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 13:43
Մշակույթ

Երաժշտությունն օգնում է մեղմել ցավը. Կլայդերմանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ անմոռուկով

Երաժշտությունն օգնում է մեղմել ցավը. Կլայդերմանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ անմոռուկով

Մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգներով հանդես կգա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար Կլայդերմանը: Նրան կնվագակցի Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

 

Այսօր անվանի դաշնակահարը հանդիպեց լրագրողների հետ, Ի դեպ, Կլայդերմանի կրծքին փակցված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, թեեւ համերգը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում չէ անցկացվում:

 

Դաշնակահարը տեղեկացրեց, որ 40 տարվա մեծ կարիերայի ընթացքում առաջին անգամ է Հայաստանում, սակայն հույս ունի, որ վերջինը չի լինի: Ըստ նրա` միշտ էլ արտիստի համար հետաքրքիր է` բացահայտել նոր երկիր:

 

«Շրջապատված եմ հայ հրաշալի երաժիշտներով և ոգևորված եմ, որ նվագելու եմ նրանց հետ: Համերգին կհնչեն ստեղծագործություններ այն ալբոմից, որով սկսել եմ իմ կարիերան: Ես տեսել եմ և հուզվել, թե ինչպես է իմ երաժշտության ներքո հուզվում տարբեր երկրների հանդիսատեսը, և ուզում եմ տեսնել նաև հայ հանդիսատեսի արձագանքը, նրա հուզմունքը»,- ասաց Կլայդերմանը` հավելելով, որ հաջորդ այցին կփորձի հայկական երաժշտությունից ինչ-որ բաներ սովորել և նվագել մեզ համար:

 

Դաշնակահարը նշեց, որ իր հաջողության գրավականն այն է, որ կարողացել է ճիշտ համադրություն ստեղծել դաշնամուրի և երաժշտության միջև և զգալ յուրաքանչյուր նոտայի թրթիռը: Ըստ նրա՝ աշխարհում բազմաթիվ հրաշալի դաշնակահարներ կան, և երբ 40 տարի առաջ ձայնագրում է իր «Ballade Pour Adeline» ստեղծագործությունը, մտածում էր, որ կկարողանա լավ կարիերա ունենալ Ֆրանսիայում, սակայն որոշ ժամանակ անց նկատել է, որ ստեղծագործությունը վաղուց արդեն դուրս է եկել Ֆրանսիայի սահմաններից: «Այս ստեղծագործությունը տարբեր երկրներում մեծ հաջողություն ունեցավ: Կարելի է ասել` բախտը ժպտաց ինձ»,- ասաց նա:

 

Հարցին, թե իրեն կոչել են ռոմանտիկայի արքայազն, նա իրեն այդպիսին համարո՞ւմ է, Կլայդերմանը պատասխանեց, թե այն երաժշտությունը, որը կատարում է և իր սիրելի գործիքը` դաշնամուրը, այո, ստիպում են ասել, որ ինքը ռոմանտիկ է: «Երաժշտությունը, դաշնամուրը իմ կյանքն են, իմ ապրելակերպը, տրամադրությունը: Ստեղծագործությունները, որոնք ես կատարում եմ, իմ էությունն են արտահայտում: Չի կարող ռոմանտիզմ չլինել դաշնամուրով կատարվող ստեղծագործությունների մեջ»,- նշեց նա:

 

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` նա ասաց, որ գիտի, թե ինչ ցավ է մեզ համար Ցեղասպանությունը: «Երաժշտությունն օգնում է դուրս գալ ցանկացած իրավիճակից, և կարծում եմ` այս դեպքում նույնպես երաժշտությունը կարող է օգնել մեղմել ցավը: Ես ընդամենը երաժշտության դեսպան եմ»,- նշեց Կլայդերմանը:

 

Ասուլիսի ավարտին դաշնակահարը անակնկալ մատուցեց` իր կատարումներից մեկը նվիրելով ասուլիսին ներկա` իգական սեռի ներկայացուցիչներին` կանանց մեկամսյակի առթիվ: