Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման օրվանից մինչ օրս լույս տեսած հարյուրավոր քարտեզների ու գիտական հոդվածների, տասնյակ գրքերի, մեթոդական ձեռնարկների ու թարգմանությունների, ինչպես նաև ինստիտուտի` պաշտոնական www.armin.am կայքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Սիմոնյանը, որը, կարևորելով ինստիտուտի հետազոտությունների արդյունքում ձեռք բերված նվաճումները, նշեց, որ այդ հետազոտությունները քաղաքագիտական ու քաղաքական տեսանկյունից կիրառական մեծ նշանակություն ունեն:
«ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը մի կուռ համակարգ է, որը, հիմնվելով բազային ֆինանսավորման վրա, այսօր բարձրարժեք հետազոտություններ է կատարում»,- ասաց նա և հավելեց, որ վերջին տարիների ընթացքում ինստիտուտը սերտ համագործակցություն է ծավալել մի շարք այլ հայագիտական կենտրոնների հետ:
Այնուհետեւ ցուցադրվեց ֆիլմ, որը ներկայացնում էր ինստիտուտի գործունեությունը` սկսած հիմնադրման օրվանից` 2008թ.-ից:
Ինստիտուտի գործունեությանը ելույթներով անդրադարձան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Բաբկեն Հարությունյանը, Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Հայկ Ավետիսյանը, Ցեղասպանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Վարուժան Պողոսյանը:
Իր ելույթում Հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը նշեց, որ հայագիտությունը հայ ժողովրդի պատմական ռազմավարական պաշարն է, և այդտեղ կարևոր դեր ունեն իրենց բաժնի կողմից կատարված հետազոտությունները, որոնք ծավալվում են մի քանի ուղղություններով:
«Ուսումնասիրել ենք 16-րդ դարում կազմված օսմանյան պատմական մատյանները, որոնցում արժեքավոր նյութեր կան մեր պետության վերաբերյալ: Այդ մատյաններում տրվում է նաև Արևմտյան Հայաստանի ժողովրդագրությունը, տարբեր գավառներում Օսմանյան կառավարության վարած հարկային քաղաքականությունը, որը ցույց է տալիս այդ տարիներին ապրած հայերի սոցիալական վիճակը: Մեր ուսումնասիրություններում կարևոր դեր ունի տեղանունների թուրքացման քաղաքականության հետազոտումը. ցույց ենք տվել, որ այդ երևույթը ոչ միայն այժմյան Թուրքիայում է կիրառվում, այլև հնուց ընդունված կեղծարարական մեթոդ է: Անցած տարի էլ համշենահայերի ներկայիս դրությունն ուսումնասիրեցինք, որի գրքային տարբերակով քառալեզու լույսընծայումը կլինի շատ շուտով: Այժմ մեր բաժինը ցանկանում է ստեղծել օսմաներենի դասագիրք, որը զգալիորեն կհեշտացնի մեր հետագա գործունեությունը»,- ասաց տիկին Սահակյանը:
Միջոցառումը եզրափակեց Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը` ներկայացնելով www.armin.am կայքը: Նա նշեց, որ ամսական կտրվածքով կայքի հաճախելիությունն այնքան էլ մեծ չէ` մոտ 5000 այցելություն, սակայն շուտով սպասվում են փոփոխություններ, մանավանդ որ` կայքը որդեգրել է հղումային գործելաոճ (հայագիտական նյութերը կարելի է գտնել հղումների միջոցով), որը զգալիորեն կբարձրացնի կայքի դերը:
«Մեր բաժինը համալրվել է ժամանակակից սքաներներով, որոնց շնորհիվ հայագիտական գրքերի թվայնացումն ավելի կհեշտանա, եւ մենք կկարողանանք հարևան պետությունների դեմ պայքարել նաև այս բնագավառում` զերծ պահելով նրանց տարբեր տեսակի զեղծարարություններից»,- ասաց Մ. Հովհաննիսյանը:
Հարություն ԾԱՏՐՅԱՆ