կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 17:46
Իրավական

Ըստ Աշոտ Սուքիասյանի` իրեն Աֆրիկայում «քցել» են

Ըստ Աշոտ Սուքիասյանի` իրեն  Աֆրիկայում «քցել» են

Օֆշորային սկանդալի հերոս` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքի անդամների նկատմամբ «կատարված» ճնշումների վերաբերյալ հաղորդում չի ներկայացրել իրավապահներին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը` նշելով, որ եթե նման բան լիներ, ինքը կիմանար այդ մասին:

 

Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Սուքիասյանը Թբիլիսիի դատարանին միջնորդել էր իրեն արտահանձնել Հայաստանին, պատճառաբանել էր, որ իր` կալանքի տակ գտնվելու ընթացքում ճնշումներ են գործադրվել ընտանիքի անդամների նկատմամբ, մասնավորապես` իր կինն ահաբեկող ու  սպառնալից հաղորդագրություններ է ստանում և այլն:

 

Այս օրերին Սուքիասյանն ակտիվորեն ցուցմունքներ է տալիս օֆշորային սկանդալին առնչվող բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ: Պաշտպանի խոսքով` մինչ այժմ ամեն բան ներկայացվել է միակողմանի, սակայն ինքը հակառակ փաստարկներն ունի, որոնք կներկայացնի: «Այսօր անտեղյակ մարդը թերթերը կարդում է, մտածում, որ քաղաքական հարցեր են, սակայն իրականում խնդիրը քաղաքացիա- իրավական դաշտում է, որը քննության ընթացքում պարզ կդառնա»,- ասաց նա և կարծիք հայտնեց, որ այդ ամենը հատուկ դիտավորություն է եղել, արվել է այն բանի համար, որ Սուքիասյանը խնդիրներ ունենա, Աֆրիկայում գտնվող ադամանդի հանքի` նրան պատկանող 60 տոկոս մասնաբաժինը ձեռքից վերցնեն և մեծ շահույթ ստանան:

 

Նշենք, որ ներկայումս կալանքի տակ է դրված նաև Սուքիասյանի` Աֆրիկայում գտնվող հանքի  բաժնեմասը:

 

Խաչատրյանի խոսքով` իրականում Սուքիասյանն էլ է տուժել, քանի որ նրան Աֆրիկայում «քցել» են: «Այդ ամենի հետ կապված փաստաթղթեր կան, իսկ այն մարդիկ, ովքեր նրան այնտեղ խաբել են, ներկայումս հետախուզման մեջ են: Սուքիասյանն այնտեղ դատական գործ ունի շահած բելառուս, լեհ, ռուսաստանաբնակ հայի դեմ»,- նշեց նա և հավելեց, որ Փայլակ Հայրապետյանը ևս ճանաչել է այդ մարդկանց: «Մեկը եղել է նրա «զեմլյակը»`գավառցի Ռուբեն Մկրտչյանը, ով դուրս է եկել Աշոտի դեմ և նրան «քցել»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա` չափահաս, գիտակից մարդը, ով նման գործարքներ է կնքում, պետք է գիտակցի նման գոտու (խոսքը Աֆրիկայի մասին է) ռիսկայնությունը, դրա համար պետք է նախևառաջ ամեն ինչ չափեն, ձևեն, նոր գործ սկսեն:

 

Հարցին` արդյո՞ք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ Կճոյանը ներգրավված են գործում, փաստաբանը պատասխանեց. «Նրանց վերաբերյալ, բացի օդի մեջ եղած հայտարարություններից, ոչինչ չկա: Եթե լինեն անձինք, ովքեր, պարզվի, իմ պաշտպանյալին համոզել են, մոլորեցրել կամ սպառնացել, առաջինը ես կմիջնորդեմ, որ նրանց ներգրավեն գործում, սակայն Աշոտը նման բաներ ինձ չի հայտնել, ընդհակառակը` ափսոսացել է, որ այս ամենը վերածվել է քաղաքական շոուի, և Փայլակ Հայրապետյանը, շտապելով, վնասել է գործին»:

 

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ Սուքիասյանը երկար ժամանակ չէր ցանկանում, որ իրեն արտահանձնեն, փաստաբանը պատասխանեց. «Պարզապես նա տեսել է, որ հումքը արտահանելու, վարկերը մարելու և բանկային պայմանագրերի հետ կապված դժվարություններ է առաջացնում, այդ ընթացքում ինքը ցանկացել է գնալ և թույլ չտալ, որ Աֆրիկայի հանքը ձեռքից վերցնեն, բայց քանի որ կալանքի տակ է գտնվել, չի կարողացել դա անել»: Պաշտպանը, վկայակոչելով Սուքիասյանին, հայտնեց, որ նա չի ցանկացել, որ նման աղմուկ բարձրանա, այլ առաջարկել է աշխատանքով շտկել իրավիճակը, որից հետո թե' նրա համար լավ կլիներ, թե’ Փայլակի:

 

Հարցին, թե ինչպե՞ս է կալանավայրում իրեն զգում Սուքիասյանը, Խաչատրյանը պատասխանեց. «Չկա չարիք առանց բարիքի. Սուքիասյանը նիհարել է, ավելի է ջահելացել. 55 տարեկան է, բայց նայում ես, կարծես 35 տարեկան լինի, մորուք էր թողել: Խեղճը Մոնտե Քրիստոյի պես օտարերկրյա բանտերում տանջանքների էր ենթարկվել»: