Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համագործակցություն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս հնարավոր կդառնա մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչների երևանյան ներկայության և փառատոնային մասնակցության ապահովումը: Մասնավորապես` դեսպանության աջացությամբ է, որ Աննա Մուգլալիսը (դերասանուհի), Ժան-Քրիստոֆ Ֆերարին (կինոքննադատ) և Ռոն Դյենը (պրոդյուսեր) հրավիրված են ներկայանալու փառատոնի «Միջազգային խաղարկային», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում:
Ավելին, «Միջազգային վավերագրական» ֆիլմերի մրցույթի մասնակից Ջիովանի Դոնֆրանչեսկոն (ռեժիսոր), Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում, Երևանի կինոփառատոնին կմասնակցեն դեսպանության հետ փառատոնի ունեցած համագործակցության շնորհիվ: Բացի այդ` ֆրանսիական արտադրության և/կամ համատեղ արտադրության շուրջ 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում:
Համագործակցության արդյունքում կիրականացվեն նաև ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի «Հետահայաց ցուցադրությունների» ծրագրերը: Համագործակցությունը հնարավոր է դարձրել նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակած «Բարբարոս երկիր» վավերագրականի, ինչպես նաև այս տարվա ամենակարևոր ֆիլմերից մեկի` հռչակավոր Ժան Լյուք Գոդարի` Կաննի կինոփառատոնի մրցանակակիր «Adieu au Langage» ֆիլմի երևանյան պրեմիերաների իրականացումը: Գոդարի ֆիլմը կներկայացվի որպես փառատոնի փակման ֆիլմ:
Համագործակցություն ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ համագործակցությամբ և «Գյոթե» ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիրը, որը Երևանում կներկայացնի գերմանական արտադրության` վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը: Մասնավորապես, փառատոնի շրջանակներում կկայանան Բեռլինի միջազգային կինոփառատոնի` այս տարվա հիմնական մրցույթում ներկայացված «Ջեքը» (Jack) (ռեժ.` Էդվարդ Բերգեր), Ֆեո Ալադագի «Աշխարհների միջև» (Inbetween Worlds) և Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» (Stations of the Cross) ֆիլմերի երևանյան պրեմիերաները, ընդ որում` «Խաչի ճանապարհ» ֆիլմը ներկայացված կլինի միջազգային մրցութային ծրագրում: Ծրագրի շրջանակներում կներկայացվի նաև Յակոբ Լասի «Սիրո բիֆշտեքսներ» (Love Steaks) ֆիլմը: Ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսի 16-ին:
Համագործակցություն ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ «Ոսկե ծիրան»-ի համագործակցությունն այս տարի կնշանավորվի մեր ժամանակների ամենահռչակավոր ռեժիսորներից մեկի' Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա' Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» The Constant Factor (1980) ֆիլմի երևանյան պրեմիերայով: Փառատոնի համար պատիվ է նշել, որ Զանուսին «Ոսկե ծիրան»-ի արդեն երկար տարիների բարեկամն է, և որ փառատոնն ուրախ է այս տարի տոնել մեծ կինոգործչի 75-ամյա հոբելյանը, ինչպես նաև փառատոնի շրջանակներում նրան հանձնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հատուկ` «Եղիցի լույս» մրցանակը:
Համագործակցություն Իսրայելի դեսպանության հետ
Իսրայելի դեսպանության հետ կայացող համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել Ավի Վայսբլայի և Էլիրան Քնոլերի հեղինակած «Արարողություն» (The Ceremony) վավերագրական ֆիլմի մասնակցությունն այս տարվա միջազգային մրցույթում, ինչպես նաև հեղինակների ներկայության կազմակերպումը Երևանում: Իսրայելական արտադրության մեկ այլ ֆիլմի` «Դասալիքը» (Deserted) (ռեժ.` Յոավ Հորնունգ) կարճամետրաժի մասնակցությունը «Կորիզ» մրցութային ծրագրին ևս կկայանա նշված համագործակցության շնորհիվ: