Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը կբացվի Փարաջանովի ֆիլմերից որևէ մեկով կամ «Նռան գույնի» վերականգնված տարբերակով, կամ էլ ավելի քիչ հայտնի նրա վավերագրական ֆիլմերից մեկով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Այս տարի կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը և նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի հիշատակին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան նրա բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիների:
Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ այս տարի կինոփառատոնն արդեն 1500-ից ավելի ֆիլմերի հայտ է ստացել, ամենաշատ հայտ ներկայացրած երկիրը Գերմանիան է` 141 ֆիլմ, իսկ Հայաստանից ներկայացված հայտերի թիվը 59-ն են:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ «Ոսկե ծիրանը» սպասված, սիրված և Հայաստանում ու միջազգային ասպարեզում առկա վառ փառատոներից է:
«Փառատոնը մի շարք կարևոր հարցեր լուծեց` տարեցտարի ընդլայնվելով` այն իրենով մի հսկայական դաշտ լցրեց: Ողջունելի է այն հանգամանքը, որ փառատոնը մեծարում է, անդրադառնում համաշխարհային կինոյի մեծերին` չմոռանալով նաև երիտասարդ ռեժիսորներին: «Ոսկե ծիրանը» մեր կյանքն է, մեր առօրյան»,- ասաց մշակույթի նախարարը:
Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնի նպատակն է հայկական կինոն համաշխարհային դաշտ դուրս բերել, իսկ կինոփառատոնին մասնակցության հայտերի նման մեծ քանակը փաստում է փառատոնի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության մասին:
Ի դեպ, այս տարի փառատոնի բացման և փակման արարողությունները տեղի կունենան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: