Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010-ին հակակառավարական քարոզչության համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված իրանցի ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում: Նշենք, որ ֆիլմն այս տարի Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք»-ում հաղթող է ճանաչվել:
Լրագրողների հետ զրույցում Մոհամադ Ռասուլոֆը նշեց, որ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես կարող է մասնավոր կառույցը բախվել անհատի շահերի հետ, իսկ հետո փշրել անհատին: Ֆիլմում, ըստ կինոռեժիսորի, առաջ է քաշված հարցը` ինչպես են մասնավոր կառույցները ստեղծվում և ինչ կապերով են կապված պետական մարմինների հետ: «Փորձել եմ վերհանել հարցը` ինչքանով է կառավարությունը և իշխանությունը դեր խաղում հասարակության կայացման, և որքանով է հենց ժողովուրդը քայլեր անում դրա կայացման համար: Գիտեմ, որ երբեք այս հարցերի հստակ պատասխան չեմ ստանալու, բայց, մեկ է, անընդհատ փնտրտուքների մեջ եմ»,-ասաց Ռասուլոֆը:
Խոսելով այն մասին, թե Կաննի կինոփառատոնին մասնակցությւոնն ու հաղթանակը ֆիլմի առջև ինչ դռներ ա բացել, ռեժիսորը նշեց, որ Կաննը ճանապարհ հարթեց, որ ֆիլմը ցուցադրվի նաև Իրանի սահմաններից դուրս: Ըստ նրա` Իրանին դուր չի գալիս իր ֆիլմը.«Չգիտեմ` ո՞րն է լինելու ֆիլմի` մրցանակ ստանալու արդյունքը, մինչև չվերադառնամ Իրան: Կարծում եմ` Կաննում ֆիլմը մրցանակի արժանացավ ավելի շատ իր քաղաքական կողմնորոշման համար, ոչ թե գեղարվեստականության համար: Չեմ կարծում` իմ պարտականությունն է ֆիլմերի միջոցով հույս ներշնչել, ո՛չ, ինձ համար հարցեր առաջ քաշելն է կարևոր: Սակայն կարծում եմ` վերջին ֆիլմս պետք է հանդիսատեսին ավելի պնդացնի»:
Ռասուլոֆը խոսեց նաև Իրանում իր իրավիճակի /իրականում ռեժիսորին շատ են հետապնդել և նրա առջև մի շարք արգելքներ են դրել իր ֆիլմերի համար/ և ֆիլմարտադրության մասին: Նա նշեց, որ «յուրահատուկ» պայմաններում է ապրում, կարծես մի տարայի մեջ լինի, որից իր` դուրս գալու փորձերն անընդհատ ճնշվում են: «Ես անընդհատ աշխատում եմ, չեմ ընկճվում ոչ մի բանից և իմ ապագա անելիքները մտմտում: Լավատես եմ: Շատ աշխատեցի, որ գոնե «Անկաշառը» ֆիլմում հակադրություններ չլինեն իշխանության հետ, սակայն ես ինքս հարցեր ունեմ, և պետք է դրանց պատասխանը գտնեմ: Բացի այդ` չեմ սիրում կոմպրոմիսի գնալ և իշխանության «սրտով» ֆիլմ նկարել: Տեսեք` Իրանում նկարահանվող ֆիլմերի մեծ մասը ֆինանսավորում է պետությունը, որպեսզի դրանք ներկայացնեն այն իրականությունը, որն իրենց է պետք: Կան մատների վրա հաշված ֆիլմեր, որոնք անհատների ջանքերի շնորհիվ են նկարահանվում»,-ասաց ռեժիսորը:
Նա տեղեկացրեց նաև, որ միայն վերջին երկու տարիներին է, որ ռեժիսորներին հնարավորություն են տալիս փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանել` միջազգային կինոփառատոների մասնակցելու համար: Սակայն, Ռասուլոֆի հավաստմամբ, կան հեղինակային շատ ֆիլմեր, որոնք նկարահանվելու իրավունք այդպես էլ չեն ստանում.«Իրանում կինոյի ոլորտը երկու դժվարության առջև է կանգնած` մեկը սերիալներն են, որոնց միջից պետք է կարողանա դուրս գալ, և լիամետրաժ ֆիլմերի նկարահանումը, որոնց ճանապարհը փակում են հենց երկրի ներսում: Կուզեի դիմել հայ երիտասարդ կինոռեժիսորներին` ասելով, որ եթե կինոյի միջոցով ասելու բան ունեն, պետք է անպայման, ամեն գնով այն իրականացնելու ճանապարհը գտնեն. դեպի այդ ճանապարհը տանող ուղիներից մեկն էլ աշխատասիրությունն է»:
Ռասուլոֆը նշեց նաև, որ Իրանում իրականում չունեն կինոարտադրություն` եղածն ավելի շատ կինոշուկա է, որ պետական հովանավորչությամբ է ստեղծվել: Ըստ նրա` փոքր շուկա չէ, բայց շատ է գրաքննությունն ու պետության ազդեցությունը: «Մենք ունենք ֆիլմարտադրություն ունենալու հնարավորություն, բայց գրաքնությունը թույլ չի տալիս կինոյի ոլորտին կայանալ: Նկարահանման թույլտվություն ստանալուց հետո էլ լինում են դեպքեր, որ թույլ չեն տալիս ֆիլմն էկրան բարձրանա, ուստի` չեմ կարծում, որ մոտ ապագայում Իրանում կինոարտադրությունը կզարգանա: Իրանում կինոյի ոլորտի զարգացումը, ավելի ճիշտ` շնչելը, որոշ անհատների հույսին է մնացել»,-ասաց նա:
***
Ռասուլոֆը ձերբակալվել էր իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ, երբ երկու ռեժիսորները փորձել էին վավերագրական ֆիլմ նկարահանել 2009-ին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վիճարահույց վերընտրվելուն հաջորդած իրադարձությունների մասին:
Ռասուլոֆը վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել` ազգային անվտանգությունը վտանգելու և հակապետական քարոզչության համար: Նրան նաև 20 տարով արգելել էին ֆիլմեր նկարահանել: Վերաքննիչ բողոքից հետո նրա ազատազրկումը կրճատվել էր և դարձել մեկ տարի:
Նրան նաև արգելել էին երկրից դուրս գալ, սակայն երբ նրա` գրաքննության մասին գաղտնի նկարահանված «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմը Կաննի կինոփառատոնին մասնակցելու հայտն ընդունվել էր, Իրանի իշխանությունը ստիպված հանեց արգելքը: 2013-ին, Ռասուլոֆը Կաննի կինոփառատոնում ցուցադրեց «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմը: Սակայն կինոփառատոնից Թեհրան վերադառնալուն պես` օդանավակայնում առգրավվեցին նրա անձնագիրն ու անձնական իրերը: Ռասուլոֆը գրավի դիմաց է ազատ արձակվել: