կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-12 17:29
Մշակույթ

«Հովվի երգը». Վահրամ Մխիթարյանի առաջին վավերագրական ֆիլմը` «Ոսկե ծիրան»-ում

«Հովվի երգը». Վահրամ Մխիթարյանի առաջին վավերագրական ֆիլմը` «Ոսկե ծիրան»-ում

Վավերագրական ֆիլմ նկարահանելն այնքանով է դժվար, որ դու պատասխանատվություն ես կրում հերոսներիդ համար: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, ում «Հովվի երգը» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Ֆիլմն առաջադրված է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:

Ըստ Մխիթարյանի` երբեմն ռեժիսորն «անելանելի» իրավիճակում է հայտնվում, քանի որ նկարելուց հետո չի իմանում` ինչ անել իր հերոսների հետ, և ինչպես նրանց թողնել ու գնալ:

Մխիթարյանի ֆիլմը մի կույր հովվի մասին է, ով ապրում է լեռներում և փորձում հոգալ ընտանիքի առօրյա ծախսերը: Սակայն ճակատագիրը կարծես թե կրկնվում է, և նրա որդին նույնպես սկսում է կորցնել տեսողությունը: Տղայի հայրը բարդ հոգեվիճակում է հայտնվում` թողնե՞լ գյուղն ու գնալ Երևան` տղային կույրերի դպրոց ուղարկելու, թե՞ ոչ...

Ֆիլմի նկարահանման մտահաղացումն առաջացել է, երբ Մխիթարյանը կարդացել է Վահան Իշխանյանի հոդվածը` հովիվ Խաչիկի մասին.«Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ հրաժարվում են անգամ ձեռնափայտից, որովհետև չեն ուզում ցույց տալ, որ խնդիր ունեն: Ֆիլմի միջոցով ուզում էի ցույց տալ, թե ինչպես է հովիվը, չնայած իր ֆիզիկական խնդրին, ընտանիքի գոյատևման հարցը փորձում լուծել և աշխատել` իր կամքի շնորհիվ: Ուզում էր ֆիլմը աուդիո-դիսկրիպցիա անել, որ կույրերին նույնպես այն հասանելի լիներ»:

Ըստ ֆիլմի ռեժիսորի` ֆիլմը տխուր, դրամատիկ պատմություն է, և լավատեսությւոնը ֆիլմում քիչ է.«Սիրում եմ, երբ ֆիլմն ավարտվում է, իսկ հանդիսատեսը մի քանի րոպե դեռ վարանում է ծափահարել... Ի դեպ, վավերագրական կինոյի ժանրում այն ինձ համար դեբյուտային ֆիլմ է»:

Այժմ Լեհաստանում կրթություն ստացող և ստեղծագործող ռեժիսորը նշում է, որ եկել էր մի պահ, երբ իր և հերոսի ճակատագրի պատմությունը խաչվել էր: «5-6 տարի ձգձգվեց ֆիլմի նկարահանումը, այսքան երկար ես դեռ չէի աշխատել մի ֆիլմի վրա: Հերոսի եիկմտելը` գնալ-գալու հետ կապված, կարծես իմ կյանքի պատմությունը լիներ, իմ ապրումներն էլ համընկան նրա հոգեվիճակի հետ»,-ասաց Մխիթարյանը:

Ռեժիսորի հավաստմամբ` ֆիլմի հայաստանյան պրեմիերան շատ կարևոր է իր համար. նա ուզում է հենց հայ հանդիսատեսի կարծիքը լսել:

Ի դեպ, Մխիթարյանի ֆիլմն արդեն հասցրել է 3 մրցանակ ստանալ տարբեր կինոփառատոներին: Ֆիլմը 1 մրցանակ է ստացել նաև երաժշտության համար. ֆիլմի կոմպոզիտորն Արսեն Բաբաջանն է:

Հիշեցնենք նաև, որ 2014-ին Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» գեղարվեստական ֆիլմը /նկարահանված Վանո Սիրադեղյանի «Գառ-ախպերիկ» պատմվածքի հիման վրա/ հաղթող էր ճանաչվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում: