կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 13:26
Մշակույթ

Կյանքն այն է, ինչ կա այսօր. Աննա Մելիքյանի «Աստղը»` «Ոսկե ծիրան»-ում

Կյանքն այն է, ինչ կա այսօր. Աննա Մելիքյանի «Աստղը»` «Ոսկե ծիրան»-ում

Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:

 

Ըստ կինոռեժիսորի` ֆիլմի միջոցով իր համար պարզ ճշմարտություններ է բացահայտել` կյանքի, ժամանակի հետ կապված:

 

«Գրքերում, լրագրերում, ինտերնետում ամենօրյա ինչ-որ մտքեր ենք կարդում` կյանքը սա է, այն է, կարդում, անցնում ենք: Իսկ ես այս ֆիլմով ուզում էի ցույց տալ, որ կյանքն այն է, ինչ կա այսօր, հենց այս պահը, ոչ թե շեշտը դնել գալիքի վրա: «Աստղը» ֆիլմ է կյանքի մասին»,- ասաց Մելիքյանը:

 

Հարցին, թե ինչո՞ւ են իր ֆիլմերը միշտ նկարահանվում  հենց Մոսկվայում, կինոռեժիսորը պատասխանեց, որ պատմությունները, որոնք ներկայացնում է, կապված են իր հետ, իսկ ինքն ապրում է Մոսկվայում, դրա համար էլ իր ֆիլմերը նկարահանված են այնտեղ:

 

«Ես ինձ երևանցի եմ համարում` չնայած անձնագրումս, որպես ծննդավայր, գրված է Բաքուն, հայրս հայ է, մայրս` Բաքվից էր: Ինձ թվում է` ես իմ մանկությունն եմ: Երբ նախորդ անգամ մասնակցում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, շատ արտասովոր էր ինձ համար, որ իմ հարազատ քաղաքում որպես տուրիստ եմ եկել»,- ասաց Մելիքյանը` հավելելով, որ շատ է կապված Հայաստանին և իր ֆիլմերն էլ հայկական է համարում:

 

Ռեժիսորը խոստովանեց` երբ սկսում է ֆիլմ նկարահանել, ֆիլմի գաղափարի մասին չի մտածում, ուղղակի փորձում է ներկայացնել այն միտքը, որը ծնվել է իր գլխում:

 

Ֆիլմի գլխավոր դերակատար Սիվերիա Յանուշաուսկայտեն էլ նշեց, որ Մելիքյանի ֆիլմում նկարահանվելը շատ մեծ փորձ էր իր համար:

 

«Առաջին ֆիլմը Ռուսաստանում և միանգամից` գլխավոր դերակատար, մեծ պատասխանատվություն էր ինձ համար: Դրանից հետո, երբ Լիտվիայից հրավիրեցին ներկայացման մեջ խաղալու, չգնացի, քանի որ այդ պահին հասկացա, որ ես ապրում և ինձ պահում եմ ինչպես ֆիլմի հերոսուհին: Ես նրա կյանքով էի ապրում ֆիլմի նկարահանումից հետո էլ»,- ասաց դերասանուհին: