Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արայիկ Հարությունյանը «տրոյական ձի» է Հայաստանի համար, որը ներդրվել է Հայաստանի ինքնատիպությունը քանդելու համար. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ասուլիսում, որին մասնակցում էին նաև ՀՅԴ ԳՄ անդամներ Տարոն Տոնոյանը և Աշոտ Սիմոնյանը:
«Սա որակում ենք որպես ծրագրված քաղաքականություն, դրա արդյունքը պետք է լինի Հայաստանի ապազգային քաղաքացի ստանալը, որի համար խաղաղությունը՝ ցանկացած տարբերակով, ընդունելի է»,- ընդգծեց Տարոն Տոնոյանը՝ հավելելով, որ Դաշնակցությունն այս հարցը դիտարկում է ազգային անվտանգության տեսանկյունից:
«Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակումներ տալ, այն դեպքում, երբ հրապարակում շարժման շահառուն հենց երիտասարդությունն է: Սա կուսակցականացնել՝ նշանակում է, որ մարդը չի գիտակցում, թե որտեղ է գտնվում և ինչ լիազորություններ ունի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը և «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքից մեջբերեց ԿԳՄՍ նախարարի պարտականությունները:
«Այն, ինչ նա է անում, հակառակ է այս ամենին: Այդ պատճառով պատահական չէ, որ մտավորականները ևս բողոքի ձայն են բարձրացնում»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանի մեծամիտ և ամբարտավան պահվածքից Արծվիկ Մինասյանը հետևություն արեց, որ այս իշխանությունը խելացի էլ չէ. «Սա վկայում է, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև կանխամտածված քաղաքականություն է իրականացնում: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի քաղաքական իշխանության վարկաբեկման քաղաքականություն է իրականացնում»,- նշեց նա՝ պարզաբանելով. «Հրապարակային սպառնալիքներ են տեղում քրեական գործերի, արկղերը լցնելու մասին: Ես հայտարարում եմ, որ նա ենթակա է պատասխանատվության՝ սուտ մատնության հոդվածով կամ հանցագործություն պարտակելու՝ երբ ծանր հանցագործության թեման կանխամտածված քողարկվում է»:
«ԿԳՄՍ նախարարն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ ջրբաժաններ մտցրեց երիտասարդության մեջ՝ որակելով, որ այս պայքարում կան ազնիվ մղումներով երիտասարդներ, որոնց հետ պատրաստ է բանավիճել, և դաշնակցական երիտասարդներ: Այս գործելաոճն անընդունելի է»,-խնդրին մեկ այլ տեսանկյունից մոտեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:
Մեջբերելով Արայիկ Հարությունյանի խոսքը դաշնակցական երիտասարդների դաստիարակության մասին՝ նա նշեց. «Ես չգիտեմ, թե ինչ արժեհամակարգային դաստիարակություն է ստացել Արայիկ Հարությունյանը, բայց եթե ազգային արժեքների համար պայքարողներին անվանում է «անդաստիարակ», ուրեմն խնդիրը պետք է իր դաստիարակության մեջ փնտրի»:
Անդրադառնալով նախարարի՝ դրսի դաշնակցականներին ուղղված կոչին՝ գալ և տեր կանգնել Հայաստանի անդաստիարակ երիտասարդներին, Աշոտ Սիմոնյանն ասաց. «Եթե գան Հայաստան և ավելի մոտից ծանոթանան այն քաղաքականությանը, որ վարում է Արայիկ Հարությունյանը, կհորդորեն Հայաստանի կառույցի դաշնակցականներին՝ իրենց գործողություններում ավելի արմատական լինել և Արայիկ Հարությունյանին դուրս մղել պետական կառավարման համակարգից»:
Նա ընդգծեց փաստը, որ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցները միացել են Հայաստանի դաշնակցական երիտասարդների շարժմանը, ինչը վկայում է, որ Դաշնակցությունը մեկն է՝ իր գաղափարական առանցքով:
Օտարերկրյա այցերի ընթացքում ՀՀ պատվիրակության՝ լավ ընդունելություն գտնելու մասին ԿԳՄՍ նախարարի հայտարարությանն անդրադառնալով՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ դա պետականության գիտակցության արդյունք է, բայց եթե պարոն Հարությունյանն ուզում է հակառակ կողմը տեսնել՝ վատ ընդունելություն, կարող է դրան էլ արժանանալ:
Նա ընդգծեց, որ Դաշնակցությունը մեկն է, և ջրբաժանը գոյություն չունի:
«Չափազանց անհանգստացնող է այն քաղաքականությունը, որը վարվում է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում»,- ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ հավելելով, որ դա մեր հասարակությանը տանում է ապաազգայնացման:
«Եթե որևէ մեկը մեզ քննադատում է քննադատելու համար, նշենք, որ դա եղել է ի շահ պետության և երբեք բամբասանքի մակարդակի չենք իջել: Ինչ վերաբերում է պարոն նախարարի հայտարարությանը՝ անդաստիարակ լինելու մասին, մեր դաստիարակությունը հետևյալն է՝ Դաշնակցությունը՝ որպես ընտանիք, մեզ դաստիարակել է սիրել մերձավորին, ընկերոջը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով: Դա դրսևորվեց, օրինակ, Ազատամարտի ժամանակ, երբ ով անմիջական մասնակցություն չի ունեցել, զենք ու զինամթերք է ուղարկել, որ կարողանանք Արցախյան պատերազմում հաջողել: Ապրիլյան պատերազմի ժամանակ դաշնակցականներն առաջնագիծ դիրքերում են հայտնվել, ոչ թե երկրորդ, երրորդ գծում տեղակայվել: Մեզ համար անընդունելի է, որ պետք Մայր Աթոռի Վեհարանը գրավել և վրան խփել կամ դատարանները շրջափակել: Մեր պատկերացումներով՝ սա է անդաստիարակությունը»,-ասաց Տարոն Տոնոյանը, որը բժիշկ է և մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Նա կոչ արեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ ներողություն խնդրել Եռաբլուրում հանգչող դաշնակցականների մայրերից ու հայրերից, եթե ինքն այդքան դաստիարակված է:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին․ մանրամասներն՝ այստեղ։
Աննա Բալյան