կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 09:24
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր ու վտանգավոր շեշտադրումները

Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր ու վտանգավոր շեշտադրումները

Yerevan.Today-ը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից ուշագրավ տողեր է առանձնացրել, որոնք փաստում են Արցախից մնացած վերջին մասնիկը, արցախահայությամբ հանդերձ, հակառակորդին զիջելու պատրաստակամության ու իր կողմից առաջ քաշվող նվազագույն պայմանների մասին:

  • Մենք օպերատիվ ձևով քննարկել ենք Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները ու  արձանագրել, որ այդ առաջարկություներում Հայաստանի համար դրանցում անընդունելի ոչինչ չկա։
  • Մեր բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:
  • Միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք։ Ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:
  • Հանձնելով 7 շրջանները՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա:
  • Իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը չի ավարտվում...ժողովրդի հետ այդ մասին խոսելը, զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը և երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը:
  • Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եվ հետևաբար, Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:
  • Մի շատ կարևոր նրբություն արձանագրենք. Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց:
  • Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով համաձայնություն է տրվել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները:
  • Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումով մենք իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ:
  • Նույն հաշվարկը ունենք նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:
  • Սահմանների ճշգրտման հարցում նախ պետք է ճշտենք Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրենք այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները:
  • Մեր  դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն սահմանների ճշգրտման  հարցում օգտագործել միայն  դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ: Ի՞նչ է սա նշանակում... Որ դելմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների կամ  զրույցների վրա։
  • Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, մենք չենք կարող ձեզ օգնել։
  • Դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ունենալու է կրկնակի մանդատ, այդ թվում՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի այս գհործընթացում նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավվել:
  • Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ ձախողում էր նաև այդ կազմակերպության համար:
  • Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել:
  • Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար: Բայց օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն ՀՀ-ում: Դեռևս 90-ականների սկզբից, ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում: