կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 17:33
Տնտեսական

Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ փոխում է շեշտադրումները

Կառավարությունը տնտեսական քաղաքականության մեջ փոխում է շեշտադրումները

Կառավարությունը նոր ուղղություն է որդեգրում ու շեշտադրումներ է անում իր տնտեսական քաղաքականության դաշտում` իր ծրագրով հավաստիացնում է, որ նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետև կգլխավորի կառուցվածքային և ոլորտային քաղաքականությունների նպատակների փաթեթը:

 

«2014-2017 թվականներին ՀՀ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական նպատակը բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն է ու կայուն տնտեսական զարգացմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցությունը»,- ամրագրում է կառավարությունն իր ծրագրում:

 

Իսկ տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններից լինելու է, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի համաձայն, մասնավորապես` երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլո­գիա­ների ներգրավմամբ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը։ Այս դրույթը, թերեւս, կար նաեւ նախորդ կառավարության ծրագրում:

 

Նոր կառավարությունը օրերս 100 խոշոր գործարարների հետ կայացած հանդիպումից հետո սկսեց բարձրաձայնել «հավասար պայմաններ»-ի մասին: Այդ պայմանների մասին հիշատակումը տեղ է գտել նաեւ նոր կառավարության ներկայացրած ծրագրում: Մասնավորապես' նշվում է. «Երկրում տնտեսական առաջընթացի ապահովման գրավականը բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքեր ներգրավելու համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է: Այս նպատակի իրականացման առանցքային երաշխիքը նոր տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումն է' գործարար համայնքի շրջանում պետության նկատմամբ իրապես առկա  վստահության ամրապնդումը: Մասնավոր հատվածի հետ պետությունը կկառուցի գործընկերային հարաբերություններ' նրանց համար երաշխավորելով գործունեության հավասար պայմաններ»:

 

Այս առումով, բացի նախորդ կառավարությունից մնացած ավանդական «կենացներից», որոնց համաձայն` պետք է ներդրումային դաշտը բարելավվի, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական հիմքերը կատարելագործվեն` երկրի գրավչության բարձրացում, պետություն-մասնավոր հատվածի փոխգործակցություն, արտահանմանն խրախուսում, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վարում եւ այլն, մի քանի նոր դրույթներ էլ են տեղ գտել: Մասնավորապես' նոր կառավարության ծրագիրը խոստանում է, որ կառավարությունը կնախաձեռնի Համահայկական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը կգործի համադրելի կառույցների լավագույն օրինակով, ինչպես նաեւ, որ կառավարությունը, Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, կնպաստի ներդրումային բանկերի ստեղծմանը:

 

Բայց այսքանով նոր շեշտադրումները չեն վերջանում կառավարության տնտեսական քաղաքականությունում: Կառավարությունը նախատեսել ու իր ծրագրում ամրագրել է նաեւ տեսչական բարեփոխումների իրականացման ուղղությամբ գործողություններ: Այս ուղղությամբ կնախաձեռնվի տեսչական գործառույթների և ստուգումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսդրության ներկայացում և դրան համահունչ ստուգում իրականացնող մարմինների (տեսչությունների) օպտիմալացում, հետո'        ստուգում իրականացնող մարմին­ներում տեղեկատվության փոխանակման և  կառավարման կենտրոնացված էլեկտրոնային համակարգի ներդրում, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական մարմիններ ներկայացվող հաշվետվությունների բեռի էական նվազեցում, այդ մարմինների հետ էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառմամբ փոխգործակցության առավել խորացում:

 

Կառավարչական մի կարեւոր սկզբունք կա, որ հաջողությամբ գործում է` աշխարհի տարբեր երկրների գործարար միջավայրի բարելավման խնդիրները լուծելու համար: Դա տեսչություններում' ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն է: Այսինքն' այնպիսի համակարգի ներդրում, որի դեպքում, հաշվի առնելով հավաքագրված տվյալները, ներկայացված հաշվետվությունները եւ այլ տվյալներ, իրականացվում է ընկերությունների ու ձեռնարկությունների դինամիկ դիտարկում եւ վերլուծություն' համակարգի միջոցով: Այդ դինամիկ դիտարկման արդյունքում համակարգը, հաշվի առնելով տարբեր պարամետրեր ու ցուցանիշներ, ինքն է նշում, թե որ ընկերությունում կամ ձեռնարկությունում են ռիսկեր առաջանում, ու կոնկրետ այդտեղ է կատարվում ստուգում: Այսպիսի համակարգը, ըստ տեսության, տնտեսվարողին ազատում է անհարկի միջամտություններից ու ստուգումներից, ինչպես նաեւ փոքրացնում է  կոռուպցիոն ռիսկերը: Կառավարությունը խոստանում է այսպիսի համակարգի  ամբողջական ներդրում եւս: