Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանը բացառիկ հարցազրույց է վարել աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի հետ:
Հատկանշական է, որ «Հրատապ օրակարգ» հաղորդաշարը, որը սովորաբար շաբաթ օրն է հեռարձակվում, փոխել է հեռարձակման օրը ՀՅԴ ԳՄ պատվիրակության անդամների հետ հարցազրույցի համար:
Իշխան Սաղաթելյանը ամփոփել է այցը՝ խոսելով հանդիպումների հագեցած օրակարգի մասին, որի ընթացքում հանդիպել են Լիբանանի կառավարության անդամների՝ 5 նախարարի հետ, ձեռք բերել կարևոր պայմանավորվածություններ, երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկել Լիբանանում ՀՀ դեսպանի հետ, Այնճարում անցկացրել ժողովրդային հավաք, հանդիպել «Զավարյան» ուսանողական և երիտասարդական միության հետ, այցելել հայկական վարժարաններ, ՀՕՄ:
ՀՀ անկախության տոնին նվիրված՝ «Միշտ միասին» փառատոնում, Սաղաթելյանի խոսքով, մեկ անգամ ևս փաստվել է, որ բեյրութահայ համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված, հզոր, ուժեղ գաղթօջախներից է:
Իշխան Սաղաթելյանը, ամփոփելով իշխանափոխությունից հետո 1,5 տարիները, արձանագրեց, որ այն սպասումները, որ հասարակությունն ուներ նոր ձևավորվող իշխանությունից, դեռ չեն իրականացել, և գնալով, ցավալիորեն, պակասում են հույսերը, որ առաջիկայում կիրականանան:
«Ինչո՞ւ, որովհետև նոր իշխանությունը, փոխանակ ազգային կարևոր օրակարգեր առաջ բերելու, որի շուրջը հայ ժողովուրդը կհամախմբվեր, հայ ժողովրդի համահայկական ռեսուրսը այդ խնդիրների լուծմանն ի նպաստ դնելու, սկսեց հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների և երկրում իրական համակարգային բարեփոխումներ անելու փոխարեն երկիրը շարունակեց պահել անցյալում»,- ասաց նա:
Երկրի հիմնական օրակարգերին անդրադառնալով՝ Սաղաթելյանն ասաց, որ դատական համակարգը բարեփոխելու անվան տակ տեղի են ունենում գործընթացներ, որոնք Դաշնակցության համար անընդունելի են, քանի որ այդ անվան տակ փորձում են յուրացնել դատարանները: «Հիմա էլ քննարկում են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը, որը մեզ համար անընդունելի է: ՍԴ-ն այս ճանապարհով տապալելը կեղծ օրակարգ է, քանի որ մղումը իրական բարեփոխումները չեն, այլ սեփական դատական համակարգ ունենալը»,- նշեց նա:
ՀՅԴ-ն, Սաղաթելյանի խոսքով, խնդիրները բարձրաձայնելով, դրանց լուծման ճիշտ ճանապարհը ցույց տալով, նպաստելու է, որ այդ խնդիրները լուծվեն: Նույն՝ իշխանությունների զգոնանալու նպատակին էին ուղղված նաև «Լրջացեք»-ի և «Դեղին քարտեր» ակցիաները:
«Մենք ոչ միայն քննադատել ենք, այլև հստակ թղթածրարներ ենք պատրաստել, առաջարկել ենք լուծման տարբերակներ, ցույց ենք տվել ուղղություններ: Դժբախտաբար, իշխանությունը շարունակում է ձախողել»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Դաշնակցությունը խնդիրները բարձրաձայնել է լուծման ակնկալիքով, քանի որ համարում է, որ իշխանությունից սպասումներն այնքան մեծ են եղել, որ հիասթափությունը արտագաղթի պատճառ կարող է դառնալ:
ՀՅԴ-ի ու ժողովրդի միջև առաջացած անջրպետի մասին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը հստակ տարբերություն կտեսնի պոպուլիստների ու գործ անողների միջև և էյֆորիայի անցնելուց հետո գնահատական կտա:
«Անցնող ժամանակահատվածում հսկայական աշխատանք ենք արել հայրենիքում և աշխարհում, բայց չենք կարողացել մեր ժողովրդին դա պատշաճ ներկայացնել, դա է եղել պատճառը, որ ընտրություններին 5-6-7 տոկոս քվե տալով՝ ժողովուրդը մեզանից ունեցել է մեծ ակնկալիքներ, մեծ սպասումներ»,- ընդգծեց նա:
Սխալներ ևս եղել են, որոնք ՀՅԴ-ն քննարկել է հաշվետու ժողովների ընթացքում և հիմա, Իշխան Սաղաթելյանի խոսքով, ավելի բաց ճակատով է ժողովրդի հետ աշխատում:
«Բայց երբեք Դաշնակցությունը չի զբաղվել պոպուլիզմով, երբեք մեր ժողովրդին չենք տվել սուտ խոստումներ՝ քվե ստանալու համար, և երբեք մեր առջև խնդիր չենք դրել դառնալ զանգվածային կուսակցություն, ինչպես շատերը, որ հայտարարել են 100-200 հազարի մասին, բայց ընտրություններին հավաքել են շատ քիչ քվե»,- ասաց նա:
Դաշնակցության կայուն գաղափարական ընտրազանգվածը եղել է կայուն, բայց ոչ բավարար՝ բարեփոխումներ իրականացնելու համար: «Հիմա մենք հետևողականորեն աշխատում ենք մեր ժողովրդի հետ՝ մեր ծրագրերը նոր մոտեցումներով, նոր մեթոդներով ներկայացնելու և մեր շուրջ համախմբում ստեղծելու համար»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ անցյալին վերադարձ չկա, որովհետև ժողովուրդը դուրս է եկել դրա դեմ, բայց փոխարինողը դրանից վատը չպետք է լինի:
Իշխող ուժի՝ «-իզմեր» չունենալու հայտարարությունը, նրա համոզմամբ, գաղափախոսություն և արածի համար պատասխանատվություն չունենալու համազոր խոսք է. «Իշխանությունը տառապում է փորձառու, պատրաստված, գրագետ կադրային բազայի բացակայությամբ»:
Արցախի հարցում Դաշնակցության դիրքորոշումն է, որ ազգի պառակտումը, ժողովրդի մասնատումը, նոր բաժանարար գծեր առաջ բերելը ընդունելի չեն, մինչդեռ այդպիսի կոչեր հնչում են հիմնականում Հայաստանից:
«Իշխանությունը խրախուսում է հայ ավանդական արժեքների, եկեղեցու, ընտանիքի դեմ արշավանքը, որովհետև իշխանության ներսում ապազգային զանգված կա, իսկ իշխանությունը ոչ միայն դրա դեմը չի առնում, այլև խրախուսում է: Նաև փորձում են դա ամրագրել կոնվենցիաներով, լավագույնը՝ Ստամբուլյան կոնվենցիան է, որն ընդունելու գործընթացում, հանդիպելով ժողովրդի դիմադրությանը, հետ են քաշվել: Որքան փորձեն՝ այդ վտանգը մեզ չի սպառնում, քանի որ կան Դաշնակցության նման առողջ ուժեր, որոնք պայքարելու են դրանց դեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Սփյուռքի նախարարության վերացումը ևս ՀՅԴ-ի համար անընդունելի է եղել: Դաշնակցությունն առաջարկել է՝ եթե անգամ մտադիր են դա փոխարինել հանձնակատարով, գոնե հանձնակատարը պետք է ունենա կարգավիճակ, առնվազն՝ փոխվարչապետի պաշտոն, որպեսզի լայն լիազորություններով կարողանա կարգավորել խնդիրները:
«Մենք լսեցինք նաև հեղափոխությունը Սփյուռք տեղափոխելու կոչեր: Սփյուռքը վաղուց իր հեղափոխությունն արել է՝ իր մշակութային կենտրոններով և այլն: Նման հայտարարություններ անողները, հավանաբար, չեն ճանաչում Սփյուռքը»,- ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը ներկայացրեց, որ երբ Դաշնակցությունն ականատես եղավ Սփյուռքի նախարարության լուծարմանը, կազմակերպեց հանձնախումբ, որը կզբաղվի հայրենադարձների խնդիրները կարգավորելով, կդիմավորի նրանց հայրենիքում և գործուն քայլեր կկատարի նրանց ինտեգրման ուղղությամբ: Դաշնակցությունը նոր իրողությունների պայմաններում աշխատում է մասնագիտական 12 հանձնաժողովներով, որոնք տարբեր ոլորտներում իրենց տեսակետն են մշակում, և մոտ 300 էջ փաստագրված մասնագիտական կարծիք ունի, որը տարածվել է տարբեր լրատվամիջոցներով: Այս հարցում ՀՅԴ-ն օգտագործում է նաև Սփյուռքի կառույցի հնարավորությունները:
«Սա կարող է նոր մոդել լինել ապագա կառավարման ժամանակ. եթե օրերից մի օր Դաշնակցությունը հասնի իշխանության, այդ մոդելը կարող ենք ցույց տալ»,- ասաց Սիմոն Սիմոնյանը:
Իշխանությունները, նրա համոզմամբ, անփորձ են նաև Սփյուռքի հետ աշխատանքում. գաղթօջախները տարբեր են և բոլորի հետ աշխատելու լավագույն փորձն ունեն Դաշնակցությունն ու Հայոց կաթողիկոսարանը: Մինչդեռ ներկա իշխանությունները, Սիմոն Սիմոնյանի խոսքով, երբ Սփյուռքում հեղափոխության կոչեր են անում, ալեկոծում են բոլորին:
«Դաշնակցական գործիչները, հատկապես Հայաստանից դուրս գալով, երկրի ներքին խնդիրները բացելու խնդիր չունեն, միասնականության կոչեր են անում: Բայց իշխանություններն անփորձ են, անում են հայտարարություններ, որ միասնականությանը հարվածում է»,-մտահոգություն հայտնեց նա:
Սիմոն Սիմոնյանն ընդգծեց, որ «անցյալի բարքերին վերադարձ չկա» համոզումը վերաբերում է նախկին բոլոր՝ 3 նախագահների ժամանակաշրջաններին, մինչդեռ, դժբախտաբար, իշխանության մեջ այսօր կա որոշ խավ, որն անցյալի անցյալի անցյալից է: