կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-14 12:23
Առանց Կատեգորիա

Կճոյանի ''Բենթլի''-ն՝ փողերի լվացման լավագույն օրինակ

Կճոյանի ''Բենթլի''-ն՝ փողերի լվացման լավագույն օրինակ

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան շուրջ սկանդալային տեղեկությունները բազմաթիվ են, մեկը մյուսից դատապարտելի: Դրանցից մեկն էլ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր լինելն է:

 

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը երեկ տարածել էր արքեպիսկոպոսի արձագանքը իր անվան շուրջ տարածվող որոշ տեղեկությունների վերաբերյալ: «Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի եւ ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Մինչ Կճոյանը հերքում է իր բիզնես պրոյեկտները, համադրության արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս նրա ու սանիկի «թափանցիկ» գործունեության վերաբերյալ: Ըստ «Հետք»-ի՝ Կիպրոսում գրանցված եւ գործարար Փայլակ Հայրապետյանին սնանկացրած օֆշորային ընկերության բաժնետերերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ արք. Կճոյանը եւ «ադամանդագործ», Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանն են: Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում (մտապահեք այս թվականները) «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: «Ամերիաբանկը» «Ձորագյուղ» առեւտրային կազմակերպության հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարների: Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին:

 

Ինչո՞ւ թվականը պահեցինք մտքում. 2011 թվականի մարտի սկզբին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Կճոյանը շրջում է «Բենթլի» ավտոմեքենայով, որի շուկայական միջին գինը Երեւանում տատանվում է 180-200 հազար դոլարի սահմաններում: «168 ժամ» թերթին տված պարզաբանման մեջ Կճոյանը ասել էր, թե «Բենթլին» նվեր է ստացել իր սանիկից` ոմն Կիրակոս Պետրոսյանից: «Իմ սանիկներից մեկն իմ «Մերսեդեսը» վերցրել է եւ տեղը «Բենթլի» է տվել»,- հավելել էր նա: Կիրակոս Պետրոսյանը Կճոյանին «Բենթլի» է նվիրել հենց այն ժամանակ, երբ Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարները հետ էր վերադարձվում Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հաշվեհամարներին: Բնականաբար, սրբազանը շրջապատված է բազմաթիվ սանիկներով, որոնք միջին եւ դրանից ցածր կարողության տեր դժվար լինեն, նրանց մեծ մասը կարող է Կճոյանին շաբաթը մի «Բենթլի» նվիրել: Սակայն վերոհիշյալ «Կիրակոս Պետրոսյանը», ըստ մեր տեղեկությունների, հենց Աշոտ Սուքիասյանն է, ով բարեհաջող գործարքի համար իր «երախտագիտությունն» է հայտնել քավորին:

 

Փաստորեն, «օֆշորային եռյակը», սնանկացնելով գործարարին, Աստծո սպասավորին է նվիրել «աստվածային» մեքենա: Իսկ ինչո՞ւ սրբազանը չի դիմում իրավապահներին իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով. պարզվում է՝ «այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգեւորականի մասին իր ունեցած պատկերացումներին»: Այսինքն, եթե հոգեւորականի մասին զրպարտիչ տեղեկություններ են հրապարակվում, ու նա չի դիմում ոստիկանություն՝ հստակ իմանալով, որ այդպես հայ հոգեւորականի անբասիր վարկանիշն է խայտառակվում, ապա այս պարագայում արդեն պետք է գնահատական տա եկեղեցին՝ թե' հրապարակումներին եւ թե' իր սպասավորին: Իսկ ի՞նչ է այդ դեպքում հոգեւորականին հարիր, եթե ոչ հանցագործների դեմ պայքարելը՝ ոստիկանության հետ համագործակցելով: Հավանաբար, մեր ընթերցասեր սրբազանը ձեռքի հետ նաեւ Սերգեյ Գալոյանի գրքերն է կարդացել, մի քիչ էլ գողականից-բանից պատկերացումներ կազմել եւ հասկացել, որ ոստիկանություն դիմելը «ճիշտ չէ»: Ականջդ կանչի, Վովա Գասպարյան, կասեր՝ «դու տերտե՞ր ես, թե՞ գողական, արա»:

 

Գուցե ճիշտ է Կճոյանը, երբ ասում է, որ ոստիկանությանը դիմելը հարիր չէ, չէ՞ որ Աստծո ներկայացուցիչ է իրեն համարում: Սակայն արդեն հոգեւորականի կողմից ոստիկանություն դիմելու նախադեպեր ունենք: Իսկ սա այն դեպքն է, երբ մութ գործարքի արդյունքում նժարին է դրված պետության ու եկեղեցու վարկը: Ստացվում է, որ սրբազան հոր կողմից «Բենթլի» քշելը, զենք ունենալը, կրելը (սրբազանը ունի նաեւ նվեր ստացած զենքեր, որոնց մասին սկզբում հերքում էր Արարատյան հայրապետական թեմը) մաքրամաքուր արարածի սուրբ աշխատանքն է՝ ամրագրված կճոյանական խմբագրմամբ «նոր կտակարանում»:

 

Ի դեպ, սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նամակ է հղել եւ news.am-ի հետ զրույցում դա հիմնավորել այսպես. «Կաթողիկոսի սրբազանները, մարդ են ուտում, բա ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք: Բա չտեսնի՞, որ իր տեղակալները մարդ են ուտում»:

 

Եվ այսպես` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում է, թե ինքը կապ ունի օֆշորային պատմության հետ, նա չգիտի անգամ թե ինչ է դա նշանակում: Սրբազանի պատասխանում «օֆշորը» դարձել է «օֆշար»: Գուցե սա էլ հենց ապացույց է, թե Կճոյանն այնքան հեռու է օֆշորից, որ անգամ անունը չի կարողանում ճիշտ արտաբերել:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ