Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՏՄՊՊՀ-ն կազմակերպել էր հանդիպում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` լսելու համար նրանց հուզող խնդիրները: Ներկա էին հիմնականում փոքր և միջին ձեռնարկատերեր, որոնք հերթով ներկայացրեցին ոլորտի խնդիրներն ու իրենց մտահոգությունները: Դրանցից պարզ դարձավ, որ խնդիրները վերաբերում են մրցակցային դաշտին և պետական գնումների ոլորտին:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ ժամանակն է, որ կառավարությունը պետական գնումների հարցով մշակի հայեցակարգ, որովհետև այդ ոլորտի խնդիրները չեն լուծվում: Դեղերի ներմուծմամբ զբաղվող «Էսկուլապ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշեց, որ դեղերի շրջանառության ոլորտում պետական գնումների խնդիրները լուծված են:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` ի՞նչ փոփոխություններ կան տնտեսական ոլորտում վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գործարարների միջև հանդիպումից հետո, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ վարչապետի հետ հանդիպումից անցել է մոտ մեկ ամիս, և կառավարության իրականացրած դրական քայլերն այն օրինագծերն են, որոնք ընդունվեցին ԱԺ-ում: Մասնավորապես` կառավարությունը, ըստ նրա, խիզախորեն սահմանեց ընտանեկան բիզնեսը` հնարավորություն տալով մինչև 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններին ազատվել հարկերից, ինչպես նաև դրական էր շրջանառության հարկի նվազեցումը:
«Իհարկե, 12 միլիոն դրամի շեմը քիչ է, որովհետև այդ պայմաններում ընտանիքը կապրի միջինից ցածր, պետք է ավելացնել այդ շեմը` դարձնելով 18-20 միլիոն դրամ, որովհետև այդ դեպքում է ընտանիքը ունենալու 600-ից 700 հազար դրամ մաքուր եկամուտ»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նա նշեց, որ վարչապետ-գործարարներ հանդիպման արդյունքները դեռ ամփոփված չեն, դրանք կամփոփվեն հուլիսի 1-ին:
Գագիկ Մակարյանը մտահոգություններ հայտնեց` ՊԵԿ-ի հետ կապված, որովհետև ՊԵԿ-ը սկսել է ճշտումներ պահանջել ՓՄՁ-ներից, սակայն դրանք պետք է զգուշորեն իրականացնի, որովհետև որոշ տեսուչներ հարկադրաբար են մոտենում ձեռնարկատերերին` ասելով, որ կգնան ձեռնարկություններ, ստուգումներ կիրականացնեն և այլն:
«Եղել են դեպքեր, երբ տեսուչները զանգել են հիմնարկներ ու ասել` աշխատողի աշխատավարձը 70 հազարից պետք է դարձնեք 100 հազար, այսինքն` ՊԵԿ-ը հաշվարկներ է արել ու հանգել այդ եզրակացության, այնինչ` տնտեսվարող սուբյեկտը կարող է չունենալ այդ հնարավորությունը: Դա էլ կարող է վախ առաջացնել տնտեսվարողների մոտ ֆինանսների նախարարության հետ հարաբերվելիս: Դրա համար եմ ասում, որ այդ ամենը պետք է զգուշորեն իրականացվի: Ես հասկանում ե, որ մինչև հուլիսի 1-ը կառավարությունը պետք է ամփոփում կատարի, բայց պետք է անել զգուշորեն»,- ասաց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ պետք է գործի դնել համոզելու մեթոդը: