Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ողջունում ենք «Հրայր Մարուխեան» հիմնադրամին, որը տարիներ շարունակ ակտիվ աշխատանքներ է իրականացնում տարբեր տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ. «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ Շենգավիթ վարչական շրջանում 2017 թ. դեկտեմբերի 1-ից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակում այսօր հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հանդիպման առիթը Գագիկ Մակարյանի և «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրեն Շաղիկ Մարուխյանի միջև երկկողմ համագործակցության արձանագրության ստորագրումն էր: Համագործակցությունը միտված է լինելու գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտներում, կողմերի կանոնադրություններին համապատասխան, գործընկերային հենքի վրա համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն ունի համագործակցության մեծ ներուժ
Ստորագրման արարողությանը մասնակից ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը փաստում է՝ գրասենյակն ունի նաև աշխատանքային իրավունքների վերաբերյալ վերլուծությունների իրականացման և լուծումների առաջարկման մեծ կարողություններ:
«Այսպիսի հնարավորությունների պարագայում կարծում եմ, որ շատ տեղին է մեր երկրում գործող գործատուների և աշխատողների իրավունքները պաշտպանող և նրանց ներկայացուցիչները հանդիսացող հասարակական միավորումների հետ համագործակցությունը: Շատ կարևոր է Հայաստանի գործատուների հանրապետական միության գործունեությունը, որը ներկայացնում է գործատուների իրավունքները և շահագրգռված է աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությամբ, ինչը ապացուցվեց մեր բանակցությունների արդյունքում», - նշեց Թադևոս Ավետիսյանը:
Ըստ բանախոսի՝ կայացած քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի «Հրայր Մարուխեան» հիմնադրամի և Գործատուների հանրապետական միության միջև ստորագրվի համագործակցության արձանագրություն, որը թույլ կտա հետագայում իրականացնել համատեղ ծրագրեր: Բնականաբար, երկու կառույցների համագործակցության ծրագրերի հիմքում և առանցքում լինելու է աշխատողների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
Ոլորտի խնդիրներին քաջածանոթ Գործատուների միության նախագահը մտահոգ է՝ ՀՀ-ում բավականաչափ կազմակերպություններ չեն տիրապետում աշխատանքային իրավունքներին և գիտելիքները սուղ են. դրանք չունեն թե՛ գործատուները, թե՛ աշխատողները:
«Հատկապես այդ երևույթներն առկա են փոքր ու միջին բիզնեսների մեջ, որովհետև դրանք առանձնապես ռեսուրսներ չունեն և օժտված չեն գիտելիքներով։ Խոշոր ընկերություններն էլ ունեն ծառայություններ, դրանք ահռելի փաստաբանական գրասենյակներ են, որոնք տիրապետում են և իրականում հետևում են, բայց որոշ խոշոր ընկերություններում նաև կա այն մտածելակերպը, որ աշխատողին որքան կարելի է երկար աշխատացնել ժամանակահատվածի առումով և այլն», - նշեց Գագիկ Մակարյանը։
Թադևոս Ավետիսյանը նշյալ խնդիրների առկայության պայմաններում շատ մեծապես կարևորեց գրասենյակի առկայության փաստը. «Հաշվի առնելով իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը, իրավագիտակցության ցածր մակարդակը, օրենսդրական բազմաթիվ խնդիրները, որոնք չեն լուծվում, շատ կարևոր է ունենալ անվճար գործող գրասենյակ: Մեր բոլոր ծառայությունները, այդ թվում փաստաբանական, անվճար են»:
Ինպիսի՞ ուղղություններ է ներառում համագործակության հուշագիրը
Թադևոս Ավետիսյանը թվարկեց հիմնականները. «Դրանք վերաբերում են և՛ իրավական, օրենսդրական վերլուծությունների շարունակությանը, և՛ մեր գրասենյակի գործունեությանը, հետագայում նաև դրա զարգացմանն ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրարգրեր անկացնելուն, գրասենյակի անձնակազմի շարունակական վերապատրաստմանը, այդ թվում՝ փաստաբանի, փաստաբանի օգնականների, որոնք շատ կարևոր են մանավանդ միջազգային իրավունքի նորմերին ծանոթանալու տեսանկյունից: Կարևոր ուղղություն է նաև աշխատանքային իրավունքի դաշտում այն հիմնական ծրագրերի իրագործումը, որոնք մենք նպատակահարմար կգտնենք համատեղ հետագա քննարկումների արդյունքում»:
Ինչպիսի՞ խնդիրների է բախվում այսօր աշխատողը:
Գագիկ Մակարյանն առանձնացնում է խնդիրների երեք հիմնական խումբ:
Առաջինը՝ աշխատանքային պայմաններ, աշխատանքի անվտանգության պայմաններ, մոտիվացիա, աղմուկ, մաքրություն և այլն: Երկրորդը՝ աշխատավարձի չափը և երրորդը՝ աշխատանքային հարաբերությունների ձևակերպված լինել-չլինելը:
«Եթե հաճախ ձևակերպված են, և պայմանագրում գրված են ժամերը, վճարի չափը ինչպես պետք է լինի և այլն, ապա հաճախ չեն հետևում այդ իրավունքներին։ Հետևաբար, այս բոլոր խնդիրները որքան պարզաբանենք, այնքան աշխատողները կդառնան պահանջատեր, գործատուն էլ իր հերթին կկրթվի, որովհետև մենք գործատուներին նույնպես կտեղեկացնենք: Իսկ եթե աշխատողները սկսեն գործատուներին ներկայացնել իրենց ճիշտ իրավունքները, գործատուն կհասկանա այդ իրավունքները», - փաստեց Գործատուների միության նախագահը։
Դիտավորյալ խախտու՞մ, թե՞ գիտելիքների պակասի հետևանք
Գագիկ Մակարյանը՝ վստահ է՝ գործատուների մի մասը չիմանալուց են երբեմն թույլ տալիս սխալներ. «Այսինքն անպայման չպետք է մենք միշտ դիտավորության երևույթներ գտնենք, պարզապես կարող է չտիրապետի, կարդացած չլինի օրենսգիրքը, մասնագիտական առումով՝ հաշվապահական կադրերի ղեկավարը չտիրապետի, չիմանա և այլն», - նշեց նա։
Համագործակցության մեկ կարևոր մասը վերաբերում է մարզերին
«Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ արդեն շուրջ երկու տարի Երևան քաղաքում գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը սպասարկում է հանրապետության ողջ տարածքը: Ըստ այդմ՝ գրասենյակ են դիմում նաև հանրապետության մի շարք մարզերից:
Գրասենյակի զարգացման տեսլականի մեջ, ըստ Թադևոս Ավետիսյանի, մտնում է հետագա ընդլայնման և մարզերում ևս նման գրասենյակներ ունենալու խնդիրը:
Գագիկ Մակարյանը ևս լավատես է, նա վստահեցնում է՝ տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ մարզերում ևս աշխատանքներ կտարվեն «Հրայր Մարուխեան» հիմնադրամի հետ համատեղ:
«Հիմնադրամն արդեն Երևանում և որոշ մարզերում սկսել է, բայց հիմա մենք կմիանանք իրար, քանի որ մենք բոլոր մարզերում ունենք տարածքային մեր կազմակերպությունները, և համատեղ կկազմակերպենք հանդիպումներ, քննարկումներ, կտեղեկացնենք աշխատող շրջանակներին, որ եթե կան նման երևույթներ՝ դիմեն գրասենյակներին կամ միությանը՝ մեր ընդհանուր ստորագրած հուշագրի շրջանակում այդ աշխատանքները կարգավորելու համար», - եզրափակեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը` հավելելով, որ սույն համագործակցության շրջանակներում իրենք պատրաստ են քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն աջակցելու նպատակով տրամադրել Գործատուների միության մարզային գրասենյակները։
Այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ ևս Գրասենյակը տանում է բանակցություններ
«Այժմ սկսել ենք բանակցություններ և առաջարկ ենք ներկայացրել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային՝ հույս ունենալով, որ մեր բանակցությունները կոնֆեդերացիայի հետ ևս հաջողություն կունենան, ինչի արդյունքում մենք նմանատիպ հուշագիր կստորագրենք նաև կոնֆեդերացիայի հետ», - նշեց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ հաջողության դեպքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ ևս կիրականացվեն համատեղ ծրագրեր:
Արդյո՞ք գործատուն, ի դեմս Գործատուների միության, շահագրգիռ է աշխատողների իրավունքների պաշտպանությամբ
Թադևոս Ավետիսյանը վստահեցնում է՝ պաշտպանված աշխատողը ցանկացած հիմնարկի հաջողության գրավականն է: Ըստ այդմ՝ Գործատուների միությունը չափազանց կարևորում է կարևորում է աշխատողների իրավունքների պաշտպանությունը:
«Առանց աշխատողների իրավունքների լիարժեք, հավասարակշռված պաշտպանության, անհնար է պատկերացնել արդյունավետ աշխատանք: Եթե որևէ կազմակերպություն, գործատու կամ բիզնես ունի կայուն աճի և մրցակցությանը դիմակայելու հստակ նպատակադրում, առաջնային գործոն է դառնում հենց իր կազմակերպությունում աշխատողների առողջ և անվտանգ պայմանների ստեղծումը, իրավունքների լիարժեք պաշտպանությունը և ուրախ, տրամադրված ու արդյունավետ աշխատողներ ունենալը: Հակառակ դեպքում չի կարող լինել երկարաժամկետ տնտեսական արդյունավետություն»,- մանրամասնեց տնտեսագետը:
Հիմնական ի՞նչ գործառույթներ է իրականացնում աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը
Գրասենյակի փաստաբան և իրավաբան Էդգար Կոտայանը ամենօրյա շփումների մեջ է խախտված աշխատանքային իրավունքներով քաղաքացիների հետ: Նրա ներկայացմամբ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը զբաղվում է աշխատողներին իրենց իրավունքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ. «Վեճերի, խնդիրների առկայության դեպքում ներկայացնում ենք խորհրդատվություն, եթե կա անհրաժեշտություն, բանակցություններ ենք վարում գործատուների հետ, ներկայացնում դիմումներ: Մեր առաքելություններից մեկն այն է, որ վեճերը հաշտությամբ լուծվեն, եթե նման եզրեր չեն գտնվում, այդ դեպքում մեզ դիմող քաղաքացիների հետ համաձայնեցնում ենք, թե իրենց խնդիրներն ինչպիսի լուծումներ կարող են ունենալ, ընտրում ենք պաշտպանության եղանակները, ձևերը»:
Ըստ Կոտայանի՝ աշխատողների իրավունքների պաշտպանության հիմնական եղանակը հանդիսանում է դատական պաշտպանությունը՝ երբ համաձայնություն ձեռք չի բերվում կամ արդեն իսկ անհնար է դառնում արտադատական կարգով աշխատողների իրավունքների պաշտպանությունը: Այդ դեպքում իրենք գնում են դատարան, որպեսզի դատական կարգով վերականգնենք խախտված իրավունքները:
Դատական ներկայացուցչության ծախսերը ևս հոգում է գրասենյակը, քանի որ իրավունքների վերականգնման այս փուլը ևս մտնում է գրասենյակի գործառույթների մեջ: Այսինքն՝ քաղաքացու համար ողջ գործընթացը այդպիսով դառնում է լիովին անվճար:
«Բոլոր դեպքերում դատարան դիմելու իրավունքը անմիջականորեն պատկանում է իրավունքը խախտված անձանց, մենք խորհրդատվություն ենք տրամադրում, ներկայացնում ենք խնդիրը», - եզրափակեց Կոտայանը:
Օժանդակության ինչպիսի՞ ծավալների մասին է խոսքը
«Տարեկան մոտ 350 հոգի վստահորդ ենք ունենում, ներկա պահին դատարաններում կա 70 քննվող գործ»՝ ցուցանիշները ներկայացրեց գրասենյակի իրավաբան, փաստաբանի օգնական Արթուր Նարինյանը՝ մանրամասնելով, որ իրենց հիմնականում դիմում են ոչ խոշոր ընկերություններից, բայց կան նաև խնդիրներ, երբ խոշոր ընկերությունները աշխատանքային իրավունքների բնագավառում խախտումներ են թույլ տվել խմբային անձանց մասով:
«Մենք ունենք այդպիսի երկու-երեք խոշոր վեճեր, որտեղ ամեն մի գործով կա 10-ից ավել վստահորդ», փաստեց Արթուր Նարինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, խոշոր ընկերությունները հիմնականում ձգտում են այդպիսի խնդիրներից հեռու մնալ:
Վահե Սարգսյան