կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 19:55
Իրավական

ՊԵԿ հարկային տեսուչները միմյանց մեղադրել են հափշտակության ու տոկոսով գումար տալու մեջ. ՀՔԾ

ՊԵԿ հարկային տեսուչները միմյանց մեղադրել են հափշտակության ու տոկոսով գումար տալու մեջ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և վաշխառության դեպքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակիցներ Ա. Ե.-ի և Խ. Հ.-ի կողմից տրված հաղորդումների հիման վրա:

Այսպես, ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսուչ Ա. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն կառույցի մեկ այլ հարկային տեսուչ Խ. Հ.-ն իրեն տոկոսով գումարներ է տվել` զբաղվելով վաշխառությամբ: Մասնավորապես, վերջինս 2008 թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ.-ի օգոստոսի 10-ը` տարբեր ժամանակահատվածներում, իրեն տվել է ընդհանուր առմամբ` 4.500.000 ՀՀ դրամ` սկզբում ամսական 10, ապա` 3 տոկոս տոկոսադրույքով: Վաշխառության հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարկային տեսուչ Խ. Հ.-ն էլ, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ Ա. Ե.-ն է իր վստահությունը չարաշահելու միջոցով իրենից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել: Ըստ Խ. Հ.-ի` 2011 թվականի մարտի 10-ին Ա. Ե.-ն, չարաշահելով իր վստահությունը, կարճ ժամկետներում վերադարձնելու պայմանով իրենից վերցրել է 9.000.000 ՀՀ դրամ, սակայն խոստումը չի կատարել և խարդախությամբ հափշտակել է այն: Հանցագործության հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` վերը նշված երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: