Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեղադրեց Արծվիկ Մինասյանին ՀԱԿ-ի ազդեցության տակ ընկնելու համար, նրան փորձեցին պաշտպանել թե' ընդդիմադիրները, թե' հենց հանրապետականները:
Նախ` ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ Արծվիկ Մինասյանն այն պատգամավորն է, ով միշտ փորձել է կոնստրուկտիվ և ոչ կոնստրուկտիվ մարդկանց միջև լուծումներ գտնել, որպեսզի, կուտակային օրենքի հետ կապված, տասնյակհազարավոր մարդիկ լուծումներ գտնեն: «Արծվիկ Մինասյանը հավատում էր ձեզ, մեզ էլ համոզում էր, բայց նրա հավատն էլ եք կործանել»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով հանրապետականներին, հարցրեց. «Դուք ինչո՞ւ եք նեղացել Արծվիկ Մինասյանից, որ նա մի փոքր հատիկ հավատ ուներ իշխանությունների նկատմամբ, և այդ հավատն է՞լ եք ոչնչացրել Արծվիկ Մինասյանի մոտ: Այդ մենք պետք է մեղադրենք Արծվիկ Մինասյանին, որ նա այսքան ժամանակ միամիտ է եղել, ձեր հանդեպ այդ փոքր հավատն ունեցել է»:
Իր ելույթում Արծվիկ Մինասյանին չշրջանցեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ասելով, որ պետք չէ իր կողմից շատ հարգված Արծվիկ Մինասյանին պաշտպանել քաղաքական մեծամասնությունից, և որ Վահրամ Բաղդասարյանը որևէ վիրավորական բան չի ասել նրա հասցեին:
«Բայց ի՞նչ է նշանակում՝ քաղաքական մեծամասնության մեջ պեղեք, հինգ հոգի Արծվիկ Մինասյանի պես չենք կարող գտնել: Ես Արծվիկ Մինասյանին շատ հարգում եմ, շատ ինտելեկտուալ, խելացի, հայրենասեր պատգամավոր է, բայց արդյո՞ք քաղաքական ամբիոնին և հայոց խորհրդարանին հարիր է խոսել այդ տոնով»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ մյուս փոխոսնակը` Հերմինե Նաղդալյանը, հայտարարեց. «Հարգելի, սիրելի Արծվիկ Մինասյանին պետք չէ ոչ մեկից պաշտպանել, հատկապես, որ ինքն էր ամբիոնի մոտ թեկուզ քննադատական, բայց կառուցողական ելույթով հանդես գալիս: Ուրեմն էլ ինչո՞ւ եք այստեղ ցույց տալիս, թե` Արծվիկի համար տեսեք` ինչպես ենք դոշ ծեծում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավելեց. «Ինչ-որ մարդիկ պաշտպանում են իմ կողմից շատ հարգված Արծվիկ Մինասյանին` ասելով, որ, այո, ինքը փորձում էր մեզ բերել կոնստրուկտիվ դաշտ, բայց չկարողացավ, մենք իրեն տարանք այլ դաշտ: Ուզում եմ հարցնել` պարո'ն Մինասյան, Դուք պաշտպանվելու կարիք ունե՞ք, այն էլ այնպիսի մարդկանց կողմից, ովքեր Ձեզ ռեյտինգ չեն բերում»: