կարևոր
3895 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 17:53
Քաղաքական

Հարգե՛ք այս ինստիտուտը,  վերացրե՛ք ապօրինի կալանավորումը․ Արծվիկ Մինասյանը՝ դատավորին

Նկատի առնելով ոչ միայն Գերասիմ Վարդանյանի քաղաքական պայքարի առաջնագծում լինելու հանգամանքը, շատ լավ ճանաչելով Գերասիմ Վարդանյանին, նրա անցած ուղին, ամբողջությամբ ազնվության, նվիրվածության և սեփական պարտականությունները լիարժեք կատարելու ուղի է եղել։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Երբ Խոսրովի անտառ պետական արգելոցում Գերասիմ Վարդանյանը պահպանության գծով պետի տեղակալ էր, ակտիվորեն պայքարում էր հանցագործություններ իրականացնող անձանց դեմ, նույնիսկ նրա ակտիվ ջանքերով ու միջամտությամբ բազմաթիվ անձինք, ովքեր ուղղակի Հայաստանի Հանրապետության բնության ոչնչացման ուղղությամբ ակտիվ գործողություններ էին իրականացնում, նա ակտիվորեն կարողացավ կանխել այդ ամենը, երբ արգելոցը հրդեհի ճիրանների մեջ էր, Գերասիմ Վարդանյանը՝ իր պահպանության ծառայությամբ, կարողացավ նպաստել, որպեսզի կանխվի այդ ամենը, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, 44-օրյա պատերազմի առաջին օրվանից Գերասիմ Վարդանյանը առաջնագծում էր, երբ Հայաստանի Հանրապետության ներսում անարդարությունը, ապազգայնությունը մոլեգնում էր, Գերասիմ Վարդանյանը դրանց դեմ պայքարի առաջնագծում էր։ Նա հանդիսանում է Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու, և այս պահին ԱԺ պատգամավորի օգնական է։ Արդեն երկար ժամանակ, ըստ էության, ապօրինի կալանքի տակ պահելով Գերասիմ Վարդանյանին, փաստորեն, խոչընդոտվում է նաև Ագզային Ժողովի պատգամավորի գործունեությունը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ իրենք և դատավորները երդում տալով խոստացել են օրինակություն պահպանել, ապահովել դա․ «Որպես պատգամավորներ՝ սահմանադրությամբ ուղիղ գրված է, մենք ներկայացնում ենք ժողովրդին, հիմա ժողովրդի ներկայացուցիչները դիմում են արդարադատություն իրականացնող մարմնին, հարգե՛ք այս ինստիտուտը,  վերացրե՛ք ապօրինի կալանավորումը, ապօրինի անազատության մեջ գտնվելը, որպեսզի ձեր հետ միասին, ի վերջո, կարողանանք խոսել ժողովրդավարության մասին»։

Պատգամավորն ավելացրեց, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները այսօր էլ գտնում են քաղքական ճնշման տակ, բայց արդարադատություն իրականացնող մարմինը կարող է այդ կապանքնեը կտրել։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում։