Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազգային ժողովն այսօր քննարկում է «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց. «Կուտակային կենսաթոշակային այն համակարգը, որը Հայաստանում է ներդրվել, բացարձակապես արդյունավետ չէ: Կառավարությունը պետք է ներկայացներ նախորդ երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ կատարված հատկացումների օգտագործման արդյունավետությունը, պետք է խթանիչ գործողություններ դրվեին կուտակային կենսաթոշակային համակարգի ուղղությամբ: Ոչ այն է արվել, ոչ էլ այն, ավելին` երեկ ընդունված բյուջեի մասին օրենքում առաջին անգամ թեև ներկայացված է մուտք և ելք, սակայն այդպես էլ անորոշ և անհասկանալի է մնում այս միջոցների օգտագործման և հատկապես` շահառուների, այսինքն` ապագա կենսաթոշակառուների համար կուտակվող գումարների օգտագործման պետական կարգավորման արդյունավետ համակարգ»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով`հիմա առաջարկվում է, որ հարկերի մասին և կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում կատարվի մի փոփոխություն, որպեսզի հարկային մարմինը` որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող, եկամուտների գծով պարտավորություններ ճանաչող, ճանաչի սոցիալական վճարները և այս վճարները ժամանակին չկատարողի նկատմամբ գործադրի որոշակի հարկադիր գործողություններ, այն է` գույքն արգելանքի տակ վերցնի և սկսի մտնել հարաբերության մեջ գործատուի հետ և երրորդ անձանց հետ:
«Խնդիրը հետևյալն է` առաջին անգամ այս օրենքը ՍԴ-ում բողոքարկելու ժամանակ այս նորմերը ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող և անվավեր: Այն խորամանկությունը, որ կիրառվեց, թե իբր սոցիալական վճարը սարքենք պարտադիր վճար, որպեսզի այդ հարցը չառաջանա, և բերվեց ու անցկացվեց պարտադիր կուտակային ու կենսաթոշակային օրենքը, ըստ էության, ոչ մի բան չփոխեց: Սակայն հիմա, երբ դիտարկում ենք այս հատվածը, ստացվում է, որ պարտադիր նպատակային վճարը հավասարազոր է դարձել հարկային պարտավորություններին: Չի կարող ծննդյան թիվը պատճառ դառնալ` տարբեր հարկային պարտավորությունների առումով»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավորը` հավելելով, որ վարչաիրավական հարաբերությունները փոխարինվում են քաղաքացիա-իրավական հարաբերություններով:
«Սա կոնցեպտուալ վերանայում է մեր օրենսդրության շրջանակներում: Օրինակ` հարկային մարմինը պարտավոր է գումարը գանձել, արգելանքի տակ է վերցնում, հետո այդ նեղ վիճակում գործատուին սկսում ես առաջարկել տարբեր սխեմաներ, որպեսզի գա ու քեզ հետ քաղաքացիա-իրավական հարաբերությունների մեջ մտնի: Դա նշանակում է ամբողջ հարկային օրենսդրության մեջ փոփոխություն: Լավ կլինի, որ հարկային օրենսգրքի շրջանակներում քննարկվի այս փոփոխությունը: Չի կարելի գրել, որ դրական ազդեցություն ունի` ռազմավարական կարգավորման տեսանկյունից, դրական ազդեցություն ունի շահառուների տեսանկյունից: Մենք խնդիրները պետք է համակարգի մեջ քննարկենք»,- ընդգծեց Մինասյանը և ասաց, որ դեմ է այս փոփոխություններին: