կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 16:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնպիսի պնդումներ են անում, որ Մոնտեսքյոն կամ Ժան Ժակ Ռուսոն կարող է գլուխները բռնած փախնեին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխող թիմի պատգամավորների մասին

Մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ Հայաստանի զարգացման լավագույն ձևը պառլամենտական կառավարման համակարգն է՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխությամբ կառավարման համակարգը ևս փոխելու հնարավորությանը։

«Իսկապես, երկար տարիների պայքարի արդյունքում Հայաստանում որդեգրվեց կառավարման խորհրդարանական համակարգը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր երկրում լիարժեքորեն ներդրված է այս համակարգը, անշուշտ՝ ոչ։ Առաջընթացը պետք է հիմնվի հենց ձեռքբերումների վրա, ոչ թե ձեռքբերումները ոչնչացնելու՝ իշխող քաղաքական ուժի և գործադիր իշխանության ներկայացուցիչների այս վարքագծի վրա»,-պարզաբանեց նա։

Ի՞նչ շարժառիթներով է գործող իշխանությունը պատրաստվում փոխել Սահմանադրությունը Մինասյանի համար հստակ չէ՝ բացառությամբ առանձին դրվագների, երբ խոսվում է դատական համակարգի մասին․ «Այն էլ նկատի առնելով դատարանների նկատմամբ այս լայնամասշտաբ, այս ողջամտորեն անբացատրելի ճնշումները՝ հանգում ենք տրամաբանական մեկ բանի․ եթե իրենց նպատակը սեփական քաղաքական հայացքներին համապատասխան դատական իշխանության ձևավորումն է, սա ընդունելի չէ։ Եթե բազմաթիվ հարցեր, որոնք սահմանադրական կարգավորումների շրջանակում կարիք ունեն ավելի հստակեցման, համակարգը ավելի առողջ դարձնելուն, օրինակ, ՏԻՄ համակարգն ավելի զարգացնելուն, ապակենտրոնացման մոտեցումներն ավելի արդյունավետ դարձնելուն, անշուշտ, մենք ինքներս էլ ենք պատրաստ լինելու մասնակցել։ Բայց, տեսե՛ք, իրենց ընտրած ձևը․ իրենք, փաստորեն, արհամարհում են, անտեսում են քաղաքական համակարգը»։

Արծվիկ Մինասյանի խոսքը ընդհանրապես թե՛ սահմանադրական փոփոխությունների և թե՛ «Կուսակացությունների մասին» օրենքին է վերաբերում։

«Այս՝ «ամեն ինչ գիտեմ» մոտեցումը, իշխանության այս վարքագիծը ոչ մի տեղ տանող ճանապարհ է․ չկա երկխոսություն, չկա առողջ բանավեճ, ուստի ակնկալել, որ իշխանությունը սահմանադրական փոփոխություններով միայն ազնիվ նպատակ է հետապնդում, առնվազն այս պահին մշուշոտ է, մեզ համար ընդունելի չէ»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանի համար հստակ է, որ իշխանությունների տարանջատման և փոխադարձ զսպումների սահմանադրական սկզբունքի վերաբերյալ նվազագույն գիտելիքը բացակայում է։

«Պառլամենտում մենք ականատես ենք լինում այնպիսի պնդումների, որ Մոնտեսքյոն կամ Ժան Ժակ Ռուսոն կարող է գլուխները բռնած փախնեին, եթե այսօր լսեին այդ հայտարարությունները։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումը դարձել է ամենօրյա վարքագիծ Աժ պատգամավորների և գործադիրի առանձին ներկայացուցիչների կողմից»,-տարակուսեց նա։

Մինասյանը բացատրեց, որ երբ դատական իշխանության մասին ասում են, որ կա առանձին զսպման մեխանիզմ, խոսքը հենց այն մասին է, որ  ԱԺ-ն ունի ազդեցություն դատական իշխանության վրա՝ ի դեմս օերնքների ընդունման մեխանիզմների, դատական իշխանության կազմավորման մեխանիզմի։

«Սա ազդեցության մեխանիզմներից մեկն է, սահմանադիրն ամրագրել է այս մոտեցումները, որ քաղաքական ցանկացած իշխանություն կարողանա իր ազդեցությունը ունենալ։  Մեզ մոտ ամեն գնով ՍԴ ունենալու քաղաքական իշխանության ձգտումը պատրաստ է արհամարհել այս սկզբունքները՝ առանց գիտակցելու, պատասխանատվություն զգալու, որ վաղը, երբ իրենք փոխվեցին, ցանկացած նոր իշխանություն գալու է և իր ՍԴ-ն է ձևավորելու»,-ասաց նա։

Արծվիկ Միանսյանի համար մտահոգիչ է, որ ՍԴ դատավորի համար նախատեսված էթիկական նորմերը ԱԺ պատգամավորները վերածում են այնպիսի իրավիճակի, որի իրենք են դառնում դատավորը՝ սահմանադրական դատավորի․ «Սա ակնհայտ սեփական լիազորությունները չգիտակցող անձի վարքագիծ է, սա ճիշտ բան չէ, դեգրադացնում է իրավական համակարգը»։

Նրան նաև անհանգստացնում է, երբ ԱԺ պատգամավորն ասում է՝ ինձ ժողովուրդը ձայն է տվել, ես պատասխանատու չեմ  գործադիրի համար․ «Պառլամենտական կառավարման համակարգում այս տարանջատման սկզբունքի երաշխավորը ոչ թե օրենսդիրի ու գործադիրի ներկայացուցիչներն են, այլ ընդդիմության և իշխանության հարաբերակցությունն է, իշխող թիմի պատգամավորը չի կարող ասել ինքը պատասխանատու չէ նույն՝ իր թիմի ձևավորած կառավարության համար»։

Արծվիկ Մինասյանի համար ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունը առաջնորդվում է ոչ թե իրավական նորմերով, այլ սեփական քաղաքական շահն առաջ տանելու մղումով։

Աննա Բալյան