Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջագրի վերաբերյալ քաղաքական մեծամասնության դիրքորոշումները հետաքրքրիր փոփոխությունների են ենթարկվում: Պահանջների հրապարակումից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե դրանք կառուցողական գործակցության դաշտ են ստեղծում, և այդ կետերն իրագործելի են: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նույնիսկ ավելի առաջ գնաց` հայտարարելով, թե քառյակն իրականում գործում է ՀՀԿ-ի օգտին` ներկայացնելով հենց ՀՀԿ-ի ծրագրերից բխող պահանջներ:
Բայց ահա դրանից մեկ շաբաթ չանցած` ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանկարծ հայտարարում է, թե քառյակի պահանջներում պոպուլիստական կետեր կան, որոնք իշխանության համար ընդունելի չեն: «Եթե մենք նրանց բոլոր պահանջները բավարարեինք, ապա մենք կլինեինք ընդդիմություն, իսկ նրանք` իշխանություն»,- ասում է Շարմազանովը`անուղղակի բացահայտելով, որ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սառը ջուր է լցրել ժամանակից շուտ ոգևորված իր կուսակիցների գլխին` հասկացնելով, որ սա այն դեպքը չէ, երբ կարելի է պահանջներն օգտագործել ընդդիմությանը «փչացնելու» համար, և որ նման հայտարարությունները կարող են ոչ թե քառյակին, այլ իրենց ծուղակը գցել:
Այս փոփոխությունը քառյակի հետ մուկնուկատու խաղալու ինչ-որ մանևր կամ «շուստրիություն» չէ: Երեկ կառավարությունը քննարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ` ՍԴ հայտնի որոշումից բխող օրենսդրական փոփոխությունների նախագիծը, ինչից պարզ դարձավ, որ գործադիրի առաջարկած լուծումներով իրականում ընդամենը տերմինների փոփոխության շղարշի տակ փորձ է արվում պահպանել պարտադիր կուտակայինի բաղադրիչը: Դրան սկզբունքորեն դեմ արտահայտվեցին քառյակին մաս կազմող կուսակցությունները, ինչն արդեն բավական է` համոզվելու համար, որ քառյակի ամենասկզբունքային պահանջներից առնվազն այս մեկը իշխանությունը չի ցանկանում կատարել:
Նույնը վերաբերում է նաև ընդդիմությանը վերահսկողական լծակներով օժտելու, ինչպես նաև ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին պահանջներին: Այսինքն` ավելի քան առարկայորեն պարզ է դառնում, որ քառյակի ներկայացրած պահանջները իշխանության համար այնքան էլ դյուրին մարսվող կարկանդակներ չեն, որքան ներկայացվում էր:
Լինելով կոնկրետ և պրագմատիկ` դրանք առաջադրում են միայն երկու հնարավոր տարբերակ` կատարել կամ չկատարել, որոնցից յուրաքանչյուրն ընտրելու դեպքում էլ իշխանությունը հայտնվում է քառյակի կողմից թելադրվող օրակարգին ենթարկվողի կարգավիճակում:
Այս իմաստով հանրապետականներն ակնհայտորեն «ֆալստարտ» էին վերցրել: ՀՀԿ խմբակցության` համեմատաբար անփորձ նոր ղեկավարը` Վահրամ Բաղդասարյանը, թույլ է տվել մարտավարական այն նույն սխալը, որը կատարում էր նրա նախորդը` Գալուստ Սահակյանը, ով իրեն նույնպիսի ինքնագլխություն թույլ տալու դեպքերում նախագահից սառը ցնցուղ ստանալուց հետո ստիպված էր լինում հանդես գալ իր նախնական կարծիքը նույնպիսի համոզվածությամբ հերքող մեկնաբանություններով: Նույնը ստիպված է լինելու անել նաև Բաղդասարյանը, ով նոր-նոր է միայն ամբողջ խորությամբ ընկալում, թե ինչ ասել է լինել խմբակցության ղեկավար Հանրապետական կուսակցությունում, և թե ինչ է նշանակում «Լեզվի տակ ոսկոր չկա» հայտնի ասացվածքը իրական քաղաքականության մեջ:
Սա ամբողջությամբ մերկացնում է նաև պահանջագիրը ներկայացնելուց հետո քառյակին ուղղված այն քննադատությունների սնանկությունը, թե այդ պահանջներով չորս քաղաքական ուժերն ամրապնդում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերը, և որ դրանով նրանք անուղղակի առաջարկում են իրենց հետ կիսել իշխանությունը:
Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 12 կետանոց պահանջները ներկայացնելիս քառյակը լեզվաշարադասական սխալներ է թույլ տվել, քանի որ եթե այդ պահանջները ներկայացվել են որպես իշխանության հետ համագործակցության առաջարկություն, ապա դրանցում պետք է բացառվեր «պահանջում ենք» արտահայտությունը: Այլ կերպ ասած, ըստ նախագահի, դրանք ոչ թե պահանջների ձևաչափով պետք է ներկայացվեին, այլ առաջարկությունների:
Այս մոտեցումը բացահայտում է իշխանության իրական ակնկալիքները: Եթե պահանջները ներկայացվեին որպես առաջարկություններ, ապա իշխանությունը լիարժեքորեն կարող էր պնդել, որ քառյակն ինչ-որ իմաստով գնում է զիջման, և օրակարգ թելադրողը մնում է իշխանությունը: Այդ ժամանակ վերջինս նաև կարող էր ընտրել պահանջներում իր քիմքին ավելի հաճելիները, ավելի հեշտ լուծելի խնդիրները և քառյակին ստիպել կոմնորոշվել` գնա՞լ դրանց շրջանակում համագործակցության, թե՞ ոչ:
Մյուս կողմից` «համագործակցության» մասին` նախագահի խոսքից տպավորություն է ստեղծվում, թե, իբրև այդպիսին, նա նկատի ունի, այսպես կոչված, իշխանության ոչ ֆորմալ անդամը դառնալու տարբերակը, երբ, չունենալով իրավիճակի ու քաղաքական որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն, իշխանության հետ գործակցող ուժերը, կամա, թե ակամա, կիսում էին նույն իշխանության գործունեության պատասխանատվությունը: Սա այլ բան չէ, քան քառյակին ուղղված` կամավոր կապիտուլյացիայի գնալու առաջարկություն:
Սակայն ինքնին նման ցանկության արտահայտումը մատնում է պահանջներին և աշնանը դրանց կատարման վիճակի վերլուծության հետ կապվող` խոստացված հանրահավաքային զարգացումներին իշխանության կողմից ավելի քան լուրջ վերաբերվելու փաստը: Իշխանությունն ակնհայտորեն փորձում է պահանջների շուրջ սկսվող քաղաքական պրոցեսի դեմն առնելու միջոցները փնտրել:
Եվ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերից բացարձակապես պատահական չի հայտարարում, թե հնարավոր բախումները պետք է լինեն խորհրդարանում, կարծիքների միջև, այլ ոչ թե` ցուցարարների և ոստիկանների: Նախագահի նման մոտեցումը, ինչպես նաև այն հայտարարությունը, թե իր կուսակիցների առջև խնդիր է դրել ուսումնասիրել և կատարել պահանջագրի այն կետերը, որոնք արտացոլված են իր նախընտրական ծրագրում, կառավարության նոր հաստատված ծրագրում, խոսում է այն մասին, որ իշխանությունը միանշանակ ընտրողական մոտեցում է ցուցաբերելու այդ պահանջներին: Իսկ թե որքանով դա ընդունելի տարբերակ կլինի քառյակի համար, ցույց կտա ժամանակը:
Գևորգ Աղաբաբյան