կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 14:36
Քաղաքական

Քառյակը կարող է դառնալ հնգյակ. Արմեն Ռուստամյանը գոհ է քառյակի պարզ սկզբունքից

Քառյակը կարող է դառնալ հնգյակ.  Արմեն Ռուստամյանը գոհ է քառյակի պարզ սկզբունքից

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով քառյակի գործունեության մասին, նշեց, որ առաջիկայում քառյակը փորձելու է վերահսկել ու ճշտել, թե ինչպես է իրականացվում կառավարության ծրագիրը, և պարբերաբար հանրությանը կներկայացնեն այն ցուցանիշները, որով կգնահատվի` առաջընթաց կա՞,  թե՞ ոչ:

 

Հարցին` ինչպե՞ս է ընդդիմությունը պնդում, որ քառյակը հաստատուն քայլերով առաջ է գնում, եթե ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարում է, որ հրաշալի քառյակ չկա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ երբեմն հասարակությունը մի պատկեր է ստեղծում` դառնալով դրա գերին: Ըստ նրա` Աղվան վարդանյանի ասածն այն է, որ սթափ պետք է լինել, քանի որ քառյակը դաշինք չէ ու կարծր ձևաչափ չէ, որ փլուզվի կամ չփլուզվի, ու ամեն անգամ ասում են` բա ինչո՞ւ էն երկուսը էս արեցին, դուք չարեցիք և այլն:

 

Արմեն Ռուստամյանի խոսքով` հենց ուզում ես իդեալական միասնության մասին խոսել, միշտ առաջանում են որոշ իրավիճակներ, որոնք փորձում են ներկայացնել իբրև միասնության փլուզում` տպավորություն ստեղծելով, թե հայ ժողովրդի մեջ միասնություն հնարավոր չէ: Նման մեկնաբանությունից խուսափելու համար քառյակը գտել է աշխատելու լավագույն սկզբունքը` քառյակ են այնքանով, եթե կարողանում են ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալ: Եվ եթե չկա համաձայնություն, ուրեմն ամեն մեկն իր գործողություններում ազատ է:

 

Քառյակի այդ պարզ սկզբունքը, ըստ Արմեն Ռուստամյանի, մինչ այժմ տվել է հիանալի արդյունքներ, և քառյակի անդամները դրանով գոհանում են: «Բայց երբ ասում են` հրաշք տեղի ունեցավ, եթե մի բան էն չի, ուրեմն քառյակը գոյություն չունի, դա ճիշտ չէ: Տեսնում եք, որ կան քայլեր, որոնք հնարավոր է միասին իրականացնել, որովհետև քառյակի մեջ չկա մի քաղաքական ուժ, որի անկեղծ նպատակը երկիրն այս վիճակից դուրս բերելը չէ, իսկ դա ամենակարևոր միավորող հանգամանքն է»,- ասաց նա` հավելելով, որ քառյակի համագործակցությունը նոր երևույթ է Հայաստանի քաղաքական դաշտում, ինչը շատ կարևոր է:

 

Ռուստամյանի խոսքով` իհարկե, կան տարաձայնություններ, բայց հաղթահարվում են, և ձևավորվում է մեկ միասնական դաշտ:

 

Ինչ վերաբերում է արդեն ընդդիմադիր դաշտ տեղափոխված ՕԵԿ-ի հետ համագործացությանը, նա նշեց, որ տրամաբանությունն այս դեպքում էլ պահպանվում է, և եթե իրենք մի քայլ են անում ու դրան միանում է ՕԵԿ-ը, ապա դառնում են հնգյակ: Եվ նման իրավիճակ առաջացավ այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը, կուտակայինի հետ կապված, ներկայացրել էր իր առաջարկը, որը նույնությամբ կրկնում էր ավել վաղ ՀՅԴ կողմից ներկայացրած ծրագիրը:

 

«Հարց է հնչում` միանո՞ւմ եք ՕԵԿ-ի առաջարկին, ինչպե՞ս կարող ենք չմիանալ մեր առաջարկին: Եթե հարցն այդպես է դրվում, ապա խանդի խնդիր չկա: Եթե հետագայում կլինեն առաջարկներ, որի շուրջ միակարծիք կլինենք, ապա ավելի լավ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ երկրում պրոբլեմներն այնքան շատ են, որ պետք է ուժերը համատեղել: