Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շարքի նախորդ հոդվածը` այստեղ
Մարսողական համակարգ
Հղիության առաջին իսկ շաբաթներից կինը առավոտյան կարող է ունենալ սրտխառնոց և փսխումներ: Այս նշանները առաջանում են մարսողական համակարգի որոշակի փոփոխությունների հաշվին: Հնարավոր է` նկատվի նաև զզվանք մի շարք սննդամթերքների, օրինակ` մսամթերքի հանդեպ: Առաջանում են նոր համային նախընտրություններ. որոշ կանայք նույնիսկ սկսում են օգտագործել կավիճ կամ այլ «տարօրինակ ուտելիք»:
Շատ տհաճ զգացողություններ կարող է պատճառել նաև այրոցի զգացողությունը, որն առաջանում է այն ժամանակ, երբ ստամոքսը և կերակրափողը առանձնացնող մկանը սկսում է կծկվել, ինչի հետևանքով ստամոքսահյութը լցվում է կերակրափողի պատերին: Այդ հեղուկը գրգռում է լորձաթաղանթը և նպաստում տհաճ զգացողությունների առաջացմանը: Այրոցի տհաճ զգացողությունից ազատվելու համար պետք է հետևել հասարակ կանոնների.
• Չհագնել կիպ հագուստ, որը կարող է ճնշել որովայնը:
• Օգտագործել բավարար քանակի սննդամթերք:
• Անհրաժեշտ է առօրյա սննդակարգից բացառել ստամոքս-աղիքային ուղիների լարվածություն առաջացնող սննդամթերքները` կծու, տաք, տապակած ուտելիքները, ալկոհոլը, սուրճը, շոկոլադը:
• Պետք է շատ շարժվել:
Շատ կանայք նշում են վքնածություն, ընդհուպ մինչև ծննդաբերություն շարունակվող փորկապություն: Այդ փոփոխությունները պայմանավորված են աղիների կծկողականության իջեցմամբ:
Հղի կինը կարող է ունենալ ևս մեկ տհաճ խնդիր՝ թութք: Այն սկսվում է հաճախակի կրկնվող փորկապություններից, ինչպես նաև երկաթ պարունակող դեղամիջոցներից: Թութքի նշաններից են` քոր և այրոց հետանցքի շրջանում, արյունահոսություն ուղիղ աղուց, ցավեր աղիների դատարկման ժամանակ: Այս ախտանիշերի դեպքում անհրաժեշտ է դիմել պրակտոլոգի: Սակայն պետք է հիշել նաև, որ այս ախտաբանությունը կարելի է կանխարգելել` հետևելով մի քանի կանոնի.
• Կանոնավոր դատարկել աղիները (օրը մեկ անգամ):
• Փորկապության ժամանակ օրական երկու անգամ նստած դիրքում ընդունել գոլ ջրով լոգանքներ:
• Աղիները դատարկելիս չլարվել:
• Քնել կողքի վրա` խուսափելու համար ուղիղ աղու վրա առաջացող ճնշումից:
• Աղիները դատարկվելուց հետո ուղիղ աղին լվանալ սառը ջրով, օճառով:
• Շատ հեղուկ օգտագործել:
• Վարել ակտիվ ապրելակերպ:
• Սննդակարգում ներառել սալորաչիր, շիլաներ, բանջարեղեն, կանաչեղեն, ձեթ, կաթնաշոռ, անյուղ մսեղեն:
• Սնվել շուտ-շուտ և քիչ-քիչ:
• Սնունդը մանրակրկիտ ծամել:
Եթե հղիության ընթացքում հաջողվի խուսափել թութքից, ապա հետագայում` ծննդաբերությունից հետո, նման խնդրի առաջացման հավանականությունը նվազագույն է:
Հղիության ժամանակ շատ ծանրաբեռնված է լինում նաև կնոջ լյարդը, բայց ֆունկցիան չի տուժում: Պարզապես մի փոքր մեծանում է ծավալը, և նվազում հակատոքսիկ ֆունկցիան: Հղի կանայք կարող են ունենալ պեթեխիալ արյունազեղումներ, որոնք չեն կարող համարվել լյարդի ֆունկցիայի խանգարում, այլ բնորոշ են էստրոգենների մակարդակի ավելացմանը: Ծննդաբերությունից 1-2 ամիս անց այդ երևույթները լիովին անցնում են:
Արտազտիչ համակարգ
Հղիության ժամանակ անփոփոխ չի մնում նաև արտազատիչ համակարգը: Երիկամները ունենում են կրկնակի ծանրաբեռնվածություն, քանի որ արտահանում են ոչ միայն մոր նյութափոխանակության արգասիքները, այլև պտղի: Մոտ 10-12 շաբաթական ժամկետից կնոջ երիկամների բաժակաավազանային համակարգը սկսում է լայնանալ: Հետագայում այդ երևույթը շարունակվում է, քանի որ մեծացող արգանդը սկսում է ճնշել միզածորաններին: Միզապարկի ծավալը մեծանում է նաև պրոգեստերոնի ազդեցության տակ:
Հղիության մեծ ժամկետներում կարող են նկատվել նաև անմիզապահության երևույթներ:
Արտազատիչ համակարգում կատարվող այդ բոլոր փոփոխությունները դարձնում են հղի կնոջը շատ զգայուն միզուղիների վերելակ ինֆեկցիայի նկատմամբ: Հետևաբար, եթե մինչ հղիությունը հղի կնոջ միզային ուղիներում եղել են բորբոքային խնդիրներ, ապա հղիության ժամանակ դժվար կլինի դրանցից խուսափելը:
Ապագա մայրիկը պետք է օգտագործի օրական 2 լիտրից ոչ պակաս ջուր: Ընդունվող հեղուկի պակասի պատճառով երիկամները միշտ գտնվում են լարվածության մեջ, քանի որ պետք է արտազատեն ոչ միայն մոր օրգանիզմում առաջացող արգասիքները, այլև ընկերքի միջոցով ֆիլտրվող նյութերը: Ջրազրկումը վտանգավոր է ոչ միայն մոր, այլև երեխայի համար:
Լիլիթ Կուջոյան
մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու