Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամառն իր հետ, հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի, բերում է նաև խնդիրներ: Դրանք առավել կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդությունների` այս սեզոնին բնորոշ ակտիվացման հետ:
Ամռանը շոգի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի գերտաքացում, արևահարություն, սրտանոթային համակարգի հիվանդագին դրսևորումներ, մաշկի ախտահարումներ և այլն: Բացի դրանից` ցավոք, հաճախ մրգերն ու բանջարեղենը բավարար չեն լվացվում, իսկ շուտ փչացող սննդամթերքը պատշաճ չի պահպանվում։ Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված` մեծանում է տարբեր հարուցիչներով դրանց աղտոտման և օրգանիզմ ներթափանցելու վտանգը։
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
- խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00-17:00-ին, աշխատել քայլել ստվերում:
- Հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ:
- Օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր)։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները հեղուկներ ընդունելու, դրանց քանակի վերաբերյալ հարցերի մասին պետք է խորհրդակցեն բուժող բժիշկների հետ:
- Ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել.
- ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ:
- Կաթնամթերք, հատկապես թան և մածուն, որոնք պարունակում են սպիտակուցներ, աղեր ու օրգանական թթուներ և հագեցնում են ծարավը:
- Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ քիչ սառը, որպեսզի ավելի լավ հագեցնեն ծարավը։ Չի կարելի հեղուկները շատ սառեցնել:
- Չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները թե տաք, թե սառը վիճակում:
- Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում են ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
- Հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել:
- Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
- Ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից:
- Պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց:
- Այնտեղ, որտեղ կան օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
Աղիքային վարակներից և բերանի խոռոչով օրգանիզմ թափանցող վարակիչ այլ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է.
- խստագույնս հետևել ձեռքերի հիգիենային հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո:
- Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ:
- Սննդամթերքը պահպանել սառնարանում պատշաճ ջերմաստիճանային պայմաններում:
- Գնել միայն թարմ, չփչացած և ոչ ժամկետանց սննդամթերք:
- Խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք (լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր) օգտագործելուց:
- Խուսափել անհայտ պայմաններում պատրաստված սառույց օգտագործելուց:
- Չլողալ արհեստական բաց ջրամբարներում, դեկորատիվ ջրավազաններում:
- Առավոտյան վաղ և երեկոյան ժամերին հնարավորինս պաշտպանվել միջատների խայթոցներից՝ օգտագործելով միջատներին վանող քսուքներ, պատուհանները և դռները պատել մանրավանդակ ցանցով:
- Խուսափել ոռոգման ջրով լվացվելուց, միմյանց վրա ցողելուց կամ լողանալուց: