կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 12:47
Հասարակություն

Ինչ եւ ինչպես ուտել ամռանը. օգտակար խորհուրդներ

Ինչ եւ ինչպես ուտել ամռանը. օգտակար խորհուրդներ

Նախորդ տարիների համեմատ` այս տարի թունավորման որևէ արտառոց դեպք չի գրանցվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ինֆեկցիոնիստ Մելանյա Շմավոնյանը:

«Ամեն տարվա նման եղանակների տաքանալուն պես ավելանում են աղիքային հիվանդությունները: Ամռանը մենք Հայաստանում ավելի շատ կանաչեղեն ու միրգ ենք օգտագործում, և որոշ դեպքերում վատ լվանալու արդյունքում, սննդամթերքը ոչ ճիշտ պայմաններում պահելու արդյունքում ստացվում է, որ աղիքային պրոբլեմներով հիվանդները շատանում են: Երբեմն էլ լինում են աղիքային վարակներ, երբեմն էլ ստամոքսի և աղիների սուր բորբոքումով հիվանդացություններ են հանդիպում»,- ասաց նա՝ հավելելով, որ անպայման պետք է ավելի հաճախ ձեռքերը լվանալ, և սնունդ պատրաստողն էլ առողջ մարդ պետք է լինի:

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ մայոնեզով ու թթվասերով պատրաստված սննդամթերք ուտելն այս եղանակին այնքան էլ ցանկալի չէ:

«Անցյալ տարի խմբակային հիվանդացության դեպքեր են եղել, այս տարի չկան: Ամենայն հավանականությամբ, սա գալիս է նրանից, որ սննդի վերահսկողության մասը տրվել է գյուղատնտեսության նախարարությանը, և վերահսկողությունն ավելի է մեծացել: Աղիքային հիվանդություններն անվանում են նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն»,- ասաց մասնագետը՝ ընդգծելով, որ թունավորումների նկատմամբ ավելի զգայուն են երեխաները:

«Թունավորման դեպքերն այս տարի քչացել են: Մի քանի օր առաջ մի կին էր դիմել, ով կերել էր ձմերուկ ու սեխ և թունավորվել: Մեկն էլ դիմել էր անլվա ծիրան ուտելու պատճառով: Շոգին պետք է ուտել թարմ ու թեթև սննդամթերք, թարմ միրգ, օգտագործել կոմպոտներ, թեյ, հանքային ջուր: Երշիկեղեն, ապխտած սննդամթերք օգտագործելն այնքան էլ ցանկալի չէ, քիչ է պետք օգտագործել նաև ձկնեղեն»,- ասաց Շմավոնյանը:

Նա նշեց նաև, որ աղեստամոքսային հիվանդություններն ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, փորլուծությամբ, փորացավով, փսխումով: Ինֆեկցիոնիստի խորհրդով՝ թունավորման դեպքում, մինչ բժշկի դիմելը, պետք է ստամոքսի լվացում անել՝ մեծ քանակությամբ ջրով, կերակրի սոդայով, և հիվանդին անընդհատ հեղուկ խմեցնել: