կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 22:35
Հասարակություն

Ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները հղիության ժամանակ. օգտակար խորհուրդներ - 2

Ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունները հղիության ժամանակ. օգտակար խորհուրդներ - 2

Սկիզբը` այստեղ

 

Կրծքագեղձերը

 

Հղի կնոջ կրծքագեղձերում կատարվում են փոփոխություններ, որոնք սկսվում են հղիության առաջին օրերին և հետագայում ապահովում են նորածնի կերակրումը: Գեղձային բջիջները, որոնք արտադրում են կաթ, սկսում են գերաճել: Դրան նպաստում է երկու հորմոն` պրոգեստերոնը և պրոլակտինը: Հետագայում էստրոգենների ազդեցության շնորհիվ սկսում են աճել կաթնածորանները, որոնք կաթը գեղձային բջիջներից հասցնում են պտուկներին:

 

Ավելացող բջջային զանգվածին անհրաժեշտ է արյան լավ շրջանառություն, հետևաբար արյան հոսքը դեպի կրծքագեղձեր ավելանում է: Այդ պատճառով շատ հղիներ կրծքագեղձերի վրա նկատում են արտահայտված անոթացանց: Հղիության վերջում մինչև հետծննդյան առաջին շաբաթը թեթևակի սեղմելիս պտուկներից արտազատվում է կաթի նախանյութը՝ կաթնախեժը: Այն թափանցիկ հեղուկ է, որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր:

 

Սիրտ-անոթային համակարգ

 

Նոր կյանքի ստեղծման պահից կնոջ սիրտն ընկնում է ծանրաբեռնվածության տակ: Դա բացատրվում է ընկերքային արյան շրջանառության ստեղծմամբ: Հղի կնոջ օրգանիզմը սկսում է հարմարվել նոր պայմաններին: Ավելանում է սրտամկանի քաշը: «Հետաքրքիր վիճակում գտնվող» կանանց 40-55 տոկոսի դեպքում ավելանում է շրջանառվող արյան ծավալը, ինչը կազմում է 1,5 լիտր: Առողջ կանաց 80 տոկոսի մոտ հղիության երկրորդ եռամսյակից լսվում է սիստոլիկ աղմուկ, քանի որ ավելանում են սրտի կծկողականության հաճախականությունը, սրտի հարվածային ծավալը, շրջանառվող արյան ծավալը: Սա շեղում չէ, այլ բացարձակ նորմալ է:

 

Արյան արագացած շրջանառությունը դառնում է երակային ցանցի փոփոխությունների պատճառ: Հետևաբար, շատ հղիների մոտ առաջանում է երակների վարիկոզ լայնացում: Այս խնդիրը կարող է առաջանալ մեծացած արգանդի կողմից երակներին ճնշելու, արյան ընդհանուր ծավալի ավելացման, ստորին վերջույթների երակներում ավելացող ճնշման արդյունքում: Իհարկե, երակների վարիկոզ ավելի հաճախ ունենում են այն հղիները, ում հարազատներն ունեն նման խնդիրներ: Հետևաբար, հղի կնոջ նման «ֆիզիոլոգիական բարդույթի» առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է պահպանել որոշակի կանոններ.


  • Հետևել քաշի ավելացմանը (քաշը պետք է ավելանա աստիճանաբար, ոչ թե կտրուկ):
  • Խուսափել նույն դիրքում երկարատև գտնվելուց (օրինակ, պառկած կամ նստած):
  • Պառկած վիճակում որևէ բան դնել ոտքերի տակ, օրինակ` բարձ: Կարելի է նաև ոտքերը դնել բազմոցի բարձրադիր մասում:
  • Ծանրություն չբարձրացնել:
  • Կրել հատուկ էլաստիկ զուգագուլպաներ (պետք է հագնել արթնանալուց անմիջապես հետո և հանել երեկոյան քնելուց առաջ):
  • Չկրել կիպ հագուստ և նեղ կոշիկներ:
  • Չծխել:
  • Զբաղվել ֆիզիկական վարժություններով և հաճախ լինել մաքուր օդում:
  • Սննդակարգում ներառել վիտամին C-ով հարուստ մթերքներ:

 

Շնչառական համակարգ

 

Մոր փորիկում աճող պտղին անհրաժեշտ է թթվածին: Այդ իսկ պատճառով կնոջ շնչառական համակարգում կատարվում են էական փոփոխություններ: Հղիության հորմոնը՝ պրոգեստերոնը, նպաստում է բրոնխների պատերի մկանների թուլացմանը: Շնչուղիների լուսանցքը մեծանում է: Աճում է նաև շնչառական ծավալը (թթվածնի այն ծավալը, որը հայտնվում է թոքերում մեկ շնչառական շարժում կատարելու ընքացքում):

 

Հղի կնոջ թթվածնի պահանջն ավելանում է, ընդհանուր առմամբ, մոտ 15-20 տոկոսով: Պտղին անհրաժեշտ է այդ ծավալի օդի 30 տոկոսը, ևս 10 տոկոսն անհրաժեշտ է ընկերքին: Մնացած թթվածինը կնոջ օրգանիզմին անհրաժեշտ է մնացած օրգան- համակարգերի նորմալ աշխատանքի համար:

 

Սեռական համակարգ

 

Հղիության ժամանակ արտաքին սեռական օրգանները կարող են ունենալ այտուց, կապտավուն երանգավորում: Հեշտոցը մի փոքր երկարում է և լայնանում: Անշուշտ, ամենամեծ փոփոխությունները կատարվում են արգանդում. ավելանում են արգանդի քաշը, երկարությունը, ծավալը, առաջ-հետին և միջաձիգ չափսերը, փոխվում է արգանդի դիրքը փոքր կոնքում:

 

Հղիության ժամանակ փոխվում է նաև արգանդի ընկալիչների համակարգը. հետևաբար, արգանդի զգայունությունը արտաքին գրգռիչ ազդակների հանդեպ բավականաչափ ցածր է (ինչը նպաստում է հղիության պահպանմանը): Ծննդաբերությունից առաջ տեղի է ունենում հակառակը. ինչ-ինչ պատճառներով արգանդի գրգռողականությունը բարձրանում է` նպաստելով ծննդալուծմանը:

 

Լիլիթ Կուջոյան

մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու