Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հղիության ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմը ենթարկվում է բազմաթիվ հոգեբանական և ֆիզիոլոգիական փոփոխությունների: Սպասողական ինը ամիսները ուրախ և թեթև ապրելու համար կինը պետք է իմանա, թե ինչ է կատարվում իր հետ, և ինչպես լուծել առաջացած բարդությունները:
Բեղմնավորման պահից սկսած՝ կնոջ օրգանիզմում ամեն ինչ արմատապես փոխվում է: Մարմինը սկսում է պատրաստվել նոր ժամանակահատվածին: Օրգանիզմը տրամադրվում է ստեղծված նոր կյանքի ճիշտ զարգացմանը և լիարժեք սնուցմանը: Հղի կնոջ օրգանիզմի որոշ փոփոխություններ լավ նկատելի են շրջապատի կողմից: Կան նաև նշաններ, որոնք չեն նկատում ոչ հղի կինը, ոչ էլ մյուսները:
Հիմա քննարկենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում «հետաքրքիր վիճակում գտնվող», գեղեցիկ սեռի ներկայացուցիչների օրգանիզմում:
Ապագա հայրիկի դերը
Հղիությունը մեծ փորձություն է հղի կնոջ, նրա անուսնու, նրանց ընկերների և բարեկամների համար: Հղիությունը հնարավորություն է տալիս ինը ամսվա ընթացքում հետևելու կնոջ օրգանիզմում կատարվող զարմանահրաշ փոփոխություններին, երեխայի աճին:
Հետևաբար, տղամարդու դերը հղիության ընթացքում շատ զգալի և կարևոր է: Հղիության առաջին շաբաթներում տղամարդը դեռ լիարժեք չի ընկալում, որ շուտով իր կյանքն ընդմիշտ կտրուկ փոխվելու է: Առաջնահերթ փոփոխությունները տեղի են ունենում անձնական և մասնագիտական ինքնահաստատման մեջ: Իհարկե, ընդհանուր առմամբ, տղամարդը տեղյակ է, թե որքան է տևում հղիությունը, բայց նա նույնիսկ չնչին պատկերացում չունի հղիության ընթացքի որոշ կողմերի մասին:
Կնոջ առողջությունը նկատելի ազդեցություն ունի հղիության ընթացքի և ապագա երեխայի առողջության վրա: Ամուսնուն անհրաժեշտ է ակտիվ մասնակցել հղի կնոջ վիճակի բարելավմանն ուղղված տարբեր դասընթացներին: Հղիության ժամանակ կինը առավելապես է զգում ամուսնու կարիքը:
Հոգեբանական փոփոխություններ
Նոր կարգավիճակը կնոջ մեջ կարող է առաջացնել տարբեր բնույթների հուզականություն: Օրինակ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են մեկ հուզական վերելք զգալ, մեկ անհանգստություն, մեկ ուրախություն, մեկ էլ վախ: Այդ բոլոր էմոցիաները կարող են փոխակերպվել մեկը մյուսին նույնիսկ մի քանի րոպեի ընթացքում: Ընդհանուր առմամբ, հղի կնոջ տագնապի զգացումը վտանգավոր չէ, եթե չի հանգեցնում քնի խանգարման, երկարատև անտրամադրության:
Բացասական հույզերը հաղթահարելը շատ հեշտ է: Հիմնական մեթոդները հետևյալն են.
• պետք է ուսումնասիրել լիցքաթափման հատուկ մեթոդներ (աուտոթրեյնինգ, լող, շնչառական վարժություններ),
• պահպանել հումորի զգացումը,
• օրվա ընթացքում մի քանի անգամ հանգստանալ և հարմարվել այն մտքին, որ տրամադրության փոփոխականությունը կապված է «հետաքրքիր» վիճակին,
• անել ամենը՝ տրամադրությունը բարձրացնելու համար (հանդիպել ընկերներին, հետաքրքիր դարձնել առօրյան, փնտրել կյանքի հրաշալի կողմերը),
• տխուր մտքերը, բացասական էմոցիաները չթաքցնել հոգում խորքում («դուրս թափել», կիսվել հարազատների հետ),
• չմոռանալ, որ փոփոխական տրամադրությունը ժամանակավոր է, կանցնի ծննդաբերությունից հետո, կծնվի փոքրիկ հրաշքը, որը կբերի երջանկություն և ուրախություն,
• անկեղծ զրուցել քո գինեկոլոգի, նա կփորձի օգնել, կբացատրի հղիության բոլոր նրբությունները,
• նախապես պատրաստել ծննդատանը ձեզ անհրաժեշտ իրերով պայուսակը, ինչպես նաև կազմել նորածնին անհրաժեշտ իրերի ցուցակը:
Միշտ հիշեք, որ բոլոր բացասական հույզերը ժամանակավոր են: Բայց եթե դրանք երկարատև են կամ անընդհատ, հանգեցնում են անքնության, վատ ախորժակի, ֆիզիկական թուլության, ապա այդ ամենը արդեն անվտանգ չէ և պահանջում է հատուկ բուժում, քանի որ այդ ամենը դեպրեսիայի նշաններ են, իսկ դեպրեսիան հատուկ բուժման է ենթակա:
Հաջորդ նյութերում կքննարկենք հղիության ընթացքում տարբեր օրգան-համակարգերում կատարվող փոփոխությունների մասին:
Լիլիթ Կուջոյան
մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու