կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 11:24
Առանց Կատեգորիա

Եթե պետական համակարգը «Զապորոժեց» է, ի՞նչ կապ ունի, թե ով է այն «քշում»

Եթե պետական համակարգը «Զապորոժեց» է, ի՞նչ կապ ունի, թե ով է այն «քշում»

Նոր կառավարության արդյունավետության, նրա դերի բարձրացման, կառավարության հանդեպ վստահության բարձրացման հարցերում հաճախ է կարեւորվում նոր վարչապետի անձի հարցը. Այս առումով  Yerkir.am-ը զրուցեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ' իմանալու նրա կարծիքը, թե ինչպես կազդի կառավարության դերի ու հետագա գործունեության վրա նոր վարչապետի անձը:


-Պարո'ն Մեսրոբյան, նոր կառավարությունից ինչպիսի՞ ակնկալիքներ Դուք ունեք' կառավարության դերն ինչպե՞ս կփոխվի' կառավարման արդյունավետության տեսանկյունից:


-Ոչ մի կերպ էլ չի փոխվի: Ոչ մի որակական փոփոխություն մի' սպասեք: Քանի որ կառավարությունը Հայաստանի  պետական համակարգի մի մասն է,  իսկ պետական համակարգը մեզ մոտ անհաջող է, եւ անհնարին է, որ մասնավոր կամ ենթահամակարգ' ի դեմս կառավարության, կարողանա հասնել ինչ-որ արդյունքի, եթե ամբողջ պետականհամակարգն անարդյունավետ է:

 

-Դուք նույնպես կարծում եք, որ վարչապետը, ինստիտուցիոնալ առուիմով, քաղաքական որոշումների կայացման պրոցեսի վրա լուրջ ազդեցություն չունի... Անձով պայմանավորված' կարո՞ղ է կառավարության դերը փոխվել. Կոնկրետ այս դեպքում' Հովիկ Աբրահամյանի անձով պայմանավորված:


-Անհնարին է' բացառվում է... Բացատրեմ, թե ինչու. Մեզ մոտ օլիգարխիկ տնտեսություն է: Օլիգարխիան այն երեւույթն է, երբ բիզնեսը սերտաճում է պետության հետ: հետեւապես' քանի որ մեզ մոտ օլիգարխները պետական կառավարման լծակների միջոցով երբեք թույլ չեն տա, որ իրենց գերշահույթներին լուրջ վնաս հասնի, հետեւապես ցանկացած կառավարություն, որն ուզի այդ խնդիրը լուծել, կունենա պատերազմ օլիգարխների հետ: Իսկ քանի որ ամբողջ պետական կառավարման համակարգը սերտաճած է օլիգարխիայի հետ,  այդ կառավարությունը կպարտվի:

 

-Կոնկրետ ուժեղ անձե՞րն էլ ի վիճակի չեն դրություն փոխել:


-ինչո՞վ փոխեն, եթե ամբողջ պետական կառավարման համակարգը սերտաճած է օլիգարխների հետ. ի՞նչ կարող է անել անձը: Ինքը պետք է լուծի հարց' անջատել օլիգարխներին պետությունից, իսկ այդ դեպքում կսկսվի պատերազմ: Այժմ մենք խոսում ենք պետական կառավարման ընդամնեը մի մարմնի մասին' կառավարության. Իսկ ամբողջ մնացած պետական կառավարման համակա՞րգը...

Եթե աշխարհի լավագույն կառավարությունն էլ' լավագույն թիմով անգամ, գա Հայաստան, արդյունք մի' սպասեք: Ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է փոխվի:

 

-Բայց կառավարության փոփոխության հետ զուգընթաց, սահմանադրական փոփոխությունների փաթեթ ներկայացվեց, ու կարծես նոր փոփոխություններ են հասունանում.


-Ես տեքստերի հետ գործ չունեմ: Ես գործ ունեմ փաստերի հետ' Հայաստանում կան օլիգարխներ, ովքեր օգտագործում են պետությունը' գերշահույթ ստանալու նպատակով: Ինչ էլ փոխենք տարբեր' անգամ հիմնարար փաստաթղթերում, նրանց մոտ այդ նպատակը չի վերանա' իրենք շարունակում են սերտաճած մնալ պետական կառավարման համակարգին: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ օլիգարխին ցույց տաք նոր սահմանդրություն, ինքն ասի' դե որ նոր սահմանադրություն է, ես հրաժարվում եմ գերշահույթներից...

 

-Դե, եթե համակարգը նորմալ աշխատի, ոչ թե կհամաձայնի, այլ ստիպված կլինի համաձայնել:

-ինչպե՞ս կարող է համակարգը նորմալ աշխատել' օլիգարխը պետության մեջ է: Ինչ ուզում եք, արե'ք, այդ հարցը, միեւնույն է, գալու է' օլիգարխը պետք է զրկվի իր գերշահույթից, բայց եթե նա սրտաճած է պետության հետ, ինչպե՞ս այդ հանգամանքը չօգտագործել: Օլիգարխներին շատ ռոմանտիկ մի' պատկերացրեք:

 

-Իսկ եթե հաշվի առնենք հարեւան Վրաստանի փո՞րձը...


-Մի' մոռացեք, որ այնտեղ մեծ լոբբինգ էր տարվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ցույց տրվի, թե դա հնարավոր է անել: Ձեզ թվում է' Սահակաշվիլին, որպես անձ, դա կկարողանա՞ր անել: Կոպիտ ասած' Սահակաշվիլին այդ հարցում ուներ պինդ մեջք, որը գտնվում էր դրսում եւ կապ չուներ վրացական օլիգարխների հետ:

 

-Ամփոփելով' կոնկրտ Հովիկ Աբրահամյանի անձը, Ձեր դիտարկմամբ, կառավարության դերի կամ գործունեության բարելավման ուղղությամբ դրական սպասելիքների տեղիք չի՞ տալիս, առավել եւս, երբ նորանշանակ վարչապետի առաջին հայտարարությունը քաղաքացիների բարեկեցությունը գերխնդիր համարելն էր...


-Կարգախոսները, եկե'ք, չքննարկենք: Պատկերացնո՞ւմ եք, որ ինչ-որ պաշտոնյա անձ բարձրանա ամբիոն ու ասի' ես ուզում եմ ոչնչացնել սեփական ժողովրդին... Բոլորը պետք է լավ բաներ ասենք:

Հիմա ես կոնկրետ օրինակով նշեմ, թե ինչու պետք չէ անձերի դերերին կարեւորությունն ընդգծենք.

Պատկերացրե'ք' «Զապորոժեց» մեքենան տալիս ենք Շումախերին կամ Ալոնսոյին. կարո՞ղ են նրանք այդ «Զապորոժեցով» լավ արդյունք ցույց տալ... Հիմա' եթե մեզ մոտ ամբողջ պետական համակարգն, իր արդյունավետությամբ, 1991 թվականից սկսած, «Զապորոժեց» է, ի՞նչ կապ ունի, թե ով է «քշում» այդ պետական համակարգը:

 

Հարցազրույցը' Գեւորգ Ավչյանի