կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 14:23
Քաղաքական

Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը. Շարմազանով

Հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը. Շարմազանով

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Վաչագան Ղազարյանի ձերբակալմանը։

«Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա իմ վրա վերցնել»,- հավելեց նա։

Հարցին` Ղազարյանն իր ընկե՞րն է, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող ասել` ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունենք։ Ես մտերիմ հարաբերություններից երբեք չեմ խուսափել և չեմ խուսափում։ Ի վերջո, նա այն մարդն է, ով ծառայություններ ունի Արցախում հերոսամարտի տարիներին։ Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երևույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, մենք տանուլ ենք տալու»։

Նրա խոսքով` ՀՀ-ում պետք է փակել անձերի դեմ պայքարի էջը ու պայքարել վատ երևույթների դեմ, և քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը ՀՀ-ում պետք է բացառվեն։ Նա նաև հիշեցրեց  վարչապետ Փաշինյանի հայտարարությունը`  չպիտի լինեն վհուկների որս, վենդետաներ և անձերի դեմ պայքար։

«Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ ՀՀ-ին։ Հիշում եք, որ Խաչիկյան Վազգենին ձերբակալեցին: Նա իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, և ես ասացի, որ նա իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ: Հինգ տարի այցելել եմ նրան ազատազրկման վայրում, բայց միևնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երևույթները տարբեր են։ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին էլ` չունի՞  այնպիսի տպավորություն, որ հերթը կհասնի Սերժ Սարգսյանին, Շարմազանովն արձագանքեց. «Տպավորությունը քաղաքական կատեգորիա չէ»։