Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հունիսի 10-ին կայանալիք` ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Ըստ բելառուսական կայքերից մեկի` նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ընդհանուր իրավիճակին, ինչպես նաև անդամ երկրների միջև ռազմական համագործակցությանն առնչվող հրատապ խնդիրներ: Նախատեսվում է նաև մի քանի փաստաթղթերի նախագծերի մշակում, որոնք ավելի ուշ կներկայացվեն ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի քննարկմանը: Այլ կերպ ասած` լինելու է հերթապահ, օրակարգում ոչ մի սկզբունքային հարց կամ խնդիր չունեցող հանդիպում` ՀԱՊԿ-ի կենսունակությունը հավաստող հերթական անիմաստ «պտիչկան» դնելու նպատակով:
Սեյրան Օհանյանի այցը, ըստ այդմ, այդ ձևականությանը Հայաստանի մասնակցությունը և նվիրվածությունը վերահաստատելուն միտված քայլ է: Եթե դա տեղի ունենար այլ ժամանակահատվածում և այլ իրավիճակում, այդ նիստին պաշտպանության նախարարի մասնակցության փաստը գուցե անցներ աննկատ: Սակայն ոչ հիմա, երբ ՀԱՊԿ-ը, որպես անդամ երկրների և, մասնավորապես, Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային բաղկացուցիչ, ապացուցում է ոչ թե իր կենսունակությունը, այլ գրեթե կատարյալ սնանկությունն ու պայթելու պատրաստ փուչիկ լինելու իրողությունը:
Այս տարվա մայիսի 5-ին Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացրեց միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր հարցերում ընդհանուր դիրքորոշմամբ հանդես գալու խնդիրը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում»,- հայտարարել էր նախագահը: Սակայն մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բաձրագույն խորհրդի նիստում ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ըստ էության, նախապայման դրեց` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցում ակնհայտորեն պաշտպանելով ՀԱՊԿ-ում իր, այսպես կոչված, «դաշնակցի»` Հայաստանի հետ հակամարտող երկրի` Ադրբեջանի շահերը` հայտարարելով, թե Հայաստանի և Ղարաբաղի սահմանազատումն անհրաժեշտ է Ադրբեջանի իր կոլեգային` նախագահ Ալիևին չնյարդայնացնելու համար: Նազարբաևի այս հայտարարությունը որևէ առարկության չհանդիպեց ո'չ Հայաստանի և ո'չ էլ ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրների` Բելառուսի և Ռուսաստանի նախագահների կողմից:
Անկախ այն բանից` գործնական ի՞նչ նշանակություն կունենա Նազարբաևի այս հայտարարությունը, դրա հնչեցումն ինքնին բացահայտ արհամարհանք էր նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ-ի շրջանակում արտաքին հարցերի հետ կապված ընդհանուր դիրքորոշմամբ հանդես գալու մասին` նրա կոչի նկատմամբ: Դրանից մի քանի օր անց Ղազախստանը, շարունակելով նույն գիծը, Թուրքիայում թյուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանին տնտեսական ու քաղաքական բլոկադայի ենթարկող Թուրքիային հրավիրում է ԵՏՄ, որին Հայաստանի անդամակցության համար արդեն վերջնաժամկետներ գոյություն ունեն: ՀԱՊԿ մեկ այլ երկիր` այս անգամ արդեն Հայաստանի ռազմաստրատեգիական գործընկեր համարվող Ռուսաստանը, ի դեմս այդ երկրի արտգործնախարարության հատուկ ներկայացուցչի, հայտարարվում է, թե Հարավային Կովկասում Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը, ոչ ավելի, ոչ պակաս, Ադրբեջանն է: Ավելին` ո'չ ՀԱՊԿ-ի, ո'չ էլ Երևանի հետ երկկողմ գործակցության շրջանակում Մոսկվան այդպես էլ որևէ կերպ չարձագանքեց Նախիջևանի կողմից Հայաստանի, այսինքն` ՀԱՊԿ-ի անդամ երկրի տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած գործողություններին, որոնց արդյունքում երկու հայ զինծառայող զոհվեց:
Սեյրան Օհանյանը, ահա, այս ամենի ֆոնին է որոշել մասնակցել ՀԱՊԿ-ի նախարարական մակարդակի ինչ-որ հերթապահ նիստի: Նրա այդ քայլը, որը, թելադրված է, թերևս, ներկայիս ուղղակի դիմազուրկ ընդհանուր արտաքին քաղաքականության պայմաններով, փաստացի նշանակում է, որ Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի` ՀԱՊԿ անդամ երկրները արհամարհո՞ւմ են իրեն, ապտակո՞ւմ, թե՞ աքացի տալիս, քանի՞ անգամ են պատրաստվում դա անել, ինչով նաև քարտ բլանշ է տալիս հետագայում ևս իր հետ վարվել նման կերպ կամ գուցե ավելի նվաստացնող մեթոդներով:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, փաստորեն, հիմնվում է դեմքի թուքը անձրևի տեղ անցկացնելու «սկզբունքի» վրա: Ավելին` ըստ էության, Հայաստանի շահերը պինգ-պոնգի գնդակի վերածելու` ներկայիս տարածաշրջանային պրոցեսների ֆոնին, որոնք ընթանում են առաջին հերթին հենց ՀԱՊԿ-ի հարթակի վրա կամ միջոցով, Օհանյանի մասնակցությունը նաև անուղղակիորեն նշանակում է, որ անգամ իր` Հայաստանի համար որևէ նշանակություն չունի, թե ինչ է հայտարարում կամ գործընկերներից պահանջում իր նախագահը: Եթե Երևանն ինքն է այսքան անլուրջ վերաբերվում սեփական դիրքորոշմանը, պահանջներին, որևէ մեկը որևէ բարոյական իրավունք չի կարող ունենալ Հայաստանի նկատմամբ լրջություն ակնկալել կամ պահանջել մյուսներից:
Գևորգ Աղաբաբյան