Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի ԱԽ-ում ձևավորվել էր մթնոլորտ, որտեղ իրապես ներկայացվեց Արցախում ստեղծված իրավիճակը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
Նրա տպավորությամբ՝ ԱԽ նիստում ելույթ ունեցողների մեծամասնությունը շեշտեցին, որ Լաչինի ճանապարհը փակ է և Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ։
Սակայն, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ կարելի էր ավելի տեղին գնահատական տալ, արձանագրել ոչ թե խնդիրն, այլ՝ աղետը։
«Որոշումից զատ նաև պետք է գործողություն լինի։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում պարզապես պետք է քննարկեն հարցը, որոշում չլինի և հետամուտ չլինեն այդ որոշումների կատարմանն, ապա այս նիստը որևէ արժեք չի ունենա։ Սակայն, եթե կա սրտացավություն, մտահոգություն Արցախում աղետը կանխելու վերաբերյալ, պետք է լինեն որոշակի քայլեր։ Ինձ թվում է՝ պատկերը դրական է, թե հետո ինչ քայլեր կլինեն, դա արդեն այլ հարց է»,- մատնանշեց Արցախի քաղաքական գործիչը։
Բալայանը նկատեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում խոսվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտության մասին։ Պատգամավորի համոզմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ քննարկումը Լաչինի միջանցքը բացելու հավաքական կոչ էր, բայց չկար խոսք այն մասին, թե ինչ կլինի, երբ Ադրբեջանն արհամարհի այս կոչը:
«ՄԱԿ անդամ երկրները հնարավորություն ունեն կոնկրետ գործողություններով ստիպել, որ Լաչինի ճանապարհը բացվի և մարդիկ ապրեն իրենց երկրում։ Մենք հենց այդ գործողությանն ենք սպասում»,-ասաց նա։
ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստին ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։
Վահրամ Բալայանին չի զարմացանում ռազմավարական դաշնակցի այս հայտարարություն այն դեպքում, երբ այդ պետության ղեկավարը ստորագրել է հայտարարություն, որտեղ «այլ ճանապարհների» մասին խոսք չկա, փոխարենը Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժի երաշխիքներ են տվել։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ տարածաշրջանում յուրաքանչյուրն ունի իր խնդիրները և դրանք է լուծում։
«Եթե Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, դուք այլ պետություններից ի՞նչ եք սպասում։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը գնահատական է տվել, որ խնդիրը կա, ամենայն հավանականությամբ, բալանսը պահելու նկատառումով է ՌԴ-ի ներկայացուցիչը նման բան ասում։ Պետք է նշեմ, որ միևնույն ժամանակ նշում են՝ մի ճանապարհը չպետք է փոխարինվի մյուսով»,- հավելեց Բալայանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը, որտեղ քննարկվել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և Լաչինի ճանապարհի ապաշրջափակման հարցը։