Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների ազատ խոսքի իրացումն արգելելու, սահմանափակելու կամ խանգարելու փորձերը անհեռանկար են ու դատապարտված են անհաջողության. դատապարտող հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ ընդդիմադիր ուժերի երեկոյան կազմակերպած երթի ընթացքում անթույլատրելի միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրության՝ տվյալ պահին իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող Արտակ Խուլյանի, օպերատոր Կարեն Չիլինգարյանի և երթի մասնակից որոշ քաղաքացիների միջև:
Միևնույն ժամանակ, դրանից ժամեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ կառավարության 1-ին մասնաշենքից գնում էր դեպի 3-րդ մասնաշենք, բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» օպերատոր Արամ Ներսիսյանին ոստիկանները տառացիորեն ոտնատակ տվեցին կրկին վերջինիս՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելու պահին:
Այսօր ևս Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու, և երբ ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, վերջինս հարվածել է կայքի թղթակցի տեսախցիկին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող Զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու փաստերը:
Ազատ խոսքն այլընտրանք չունի, և ի սկզբանե լրագրողների՝ ազատ խոսքի իրացումն արգելելու կամ սահմանափակելու և նրանց՝ իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու պահին խանգարելու փորձերը անհեռանկար են ու դատապարտված են անհաջողության:
Ներքաղաքական բոլոր դերակատարներին կոչ անելով պահպանել կոռեկտության սահմանները՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների ազատ տեղաշարժի ու երթերի, ցույցերի ընթացքում նրանց անվտանգության և մասնագիտական գործունեության անխաթար իրացման երաշխավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս ոստիկանության»: