կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 17:35
Իրավական

Թրաֆիքինգի այս գործը «կատաստրոֆա» է. փաստաբան

Թրաֆիքինգի այս գործը «կատաստրոֆա» է. փաստաբան

Ընդամենը ժամեր առաջ 25-ամյա Ռ.Մ-ն դատապարտվեց 11 տարվա ազատազրկման` 16-ամյա աղջկա թրաֆիքինգի ենթարկելու համար: Շուրջ երկու տարի առաջ էլ 11 տարվա ազատազրկման դատապարտվեց Ռ.Մ-ի «գործընկեր» Քրիստինե Վարդանյանը, որի գործով արդեն իսկ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Ավելի վաղ Yerkir.am-ը զրուցել է Քրիստինեի և Ռ.Մ-ի փաստաբան Մարինե Թովմասյանի հետ:

 

Նշենք, որ, համաձայն մեղադրականի, 2011 թվականի հուլիսին Ռ-ն Քրիստինեի հետ անչափահաս` 16-ամյա Արեւիկին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով շահագործման նպատակով տեղափոխել էին ՌԴ Մինվոդի քաղաքԱյնտեղ աղջկա փախուստը կանխելու նպատակով վերցրել էին նրա անձնագիրը, ապա, բռնություն գործադրելով, փորձել էին ներգրավել պոռնկության մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Սակայն տեսնելով, որ աղջիկը դիմադրում է, պարտադրել էին Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ:

 

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ է այսքան ձգձգվում դատավարությունը: Շուրջ երկու տարի է` շարունակվում է, իսկ վերջին շրջանում նիստերն անընդհատ հետաձգվում են:

-Եթե կարծում եք, թե ինձ ձեռնտու է այս դատական նիստի ձգձգումը, սխալվում եք: Մենք միշտ պատրաստ գալիս ենք դատական նիստերին, դատախազը չի գալիս, տուժողը չի գալիս: Հիմա ես պետք է էդ հարցը տամ` ինչո՞ւ չեն գալիս, ինչո՞ւ է դատավորը հետաձգում նիստերը: Ինչո՞ւ է դատախազը ճառ ասում` բացարձակ անտեղյակ լինելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից: Ինչո՞ւ է տուժողն այսօր նույն այն վայրում, որտեղ ինքը սթրեսի է ենթարկվել (նկատի ունի ՌԴ Մինվոդի քաղաքը, որտեղ, համաձայն մեղադրականի, շահագործման է ենթարկվել - Ա.Կ.):

 

-Հաստա՞տ գիտեք, որ այնտեղ է:

-Այո, ես նկարներ էլ ունեմ… Ես դեռ այս գործով սպասում եմ:

 

-Ինչի՞ն եք սպասում:

-Սպասում եմ, տեսնեմ` դատարանն ինչ դատավճիռ պիտի ընդունի: Էդ գործով վկա կա, ով իմ վերաբերյալ էլ է սուտ ցուցմունք տվել: Նա ասում է, թե իբր մեզ վռնդել է, որովհետև իմ խոսելուց հասկացել է, թե ասում եմ` խղճացեք, գումար ենք առաջարկել: Հետաքրքիրն այն է, որ կոնկրետ այդ վկայի հետ երբ խոսել եմ,  խոսակցությանը ներկա են եղել էնտեղ բնակվող հայեր: Քանի որ ես տեղանքին ծանոթ չեմ (խոսքը Մինվոդի քաղաքի մասին է, որտեղ մեկնել է փաստաբանը` ապացույցներ հավաքելու համար), էդ մարդկանց խնդրել եմ, որ եթե հնարավոր է, ինձ ուղեկցեն: Ներկայացել եմ, որ փաստաբան եմ, ասել եմ, որ եթե ցանկանան` մասնավոր հարցման կենթարկվեն, եթե` չէ, որևէ մեկը չի ստիպում:

 

-Ունե՞ք վկաների հետ ձայնագրությունները:

-Իհարկե: Բոլոր վկաները խնդիրներ չառաջացրեցին` կապված տեսանկարահանման հետ, միայն էդ կինն ասաց` չեմ նկարվի, բայց եթե ուզում եք ձայնագրել, ձայնագրեք:

 

Բացի ձայնագրությունից, կան մարդիկ, որոնց ցուցմունքներով հերքվել է, թե նման խոսակցություն է եղել: Այդ ձայնագրության մեջ նա ասում է, որ ցուցմունք տալու համար Հայաստան գալու գումար չունի, ես բացատրում եմ, որ  օրենսդրությունը նախատեսում է վկայի ծախսերը հոգալ: Ես ընդամենը դա եմ բացատրել: Միգուցե նա ցանկություն է ունեցել, որ առաջարկենք, բայց նման խոսակցություն չի եղել: Նա ասում է, թե իբր մեզ վռնդել է, բայց նույն այդ ձայնագրության մեջ լսվում է, թե` համեցեք, սուրճ կխմե՞ք: Ավելի ուշ նորից է հարցնում` մի հատ էլ սուրճ դնե՞մ:

 

-Դուք հավատո՞ւմ եք Ձեր պաշտպանյալի անմեղությանը:

-Կոնկրետ ամեն գործով ես ունենում եմ իմ ներքին համոզմունքը: Եվ պատահական չէր իմ էնտեղ գնալը: Ես պետք է համոզմունք ունենայի, իսկ համոզմունք ունենալուց հետո ապացույցներ հավաքելն անխոս է լինում: Էստեղ ընդհանրապես թրաֆիքինգի դեպք չկա:

 

-Լավ, էդ դեպքում ինչո՞ւ է Քրիստինեին որպես իր քույր ներկայացրել տուժողի ընտանիքին: Ո՞ւմ էր պետք այդ ամբողջ թատրոնը:

-Ես իմ պաշտպանական ճառում էլ ասացի, որ հենց դա է հիմք եղել, որ այդ գործը թրաֆիքինգի մեջ տեղավորեն: …Ռ.Մ-ն խնդիր է ունեցել իր ընտանիքի հետ, վիճած է եղել, Քրիստինեն, լինելով նրա ծանոթներից մեկի ընկերուհին, ընդամենը ընդունել է նրան, ժամանակավոր կացարան տվել:

 

-Իսկ նրանց` Քրիստինեի և Ռ-ի միջև սիրային կապ չի՞ եղել:

-Նախկինում: Բայց ոչ լուրջ նպատակներով: Դրա մասին Ռ-ն ասել է: Նույն տուժողը 10-14 օր բնակվել է նույն Քրիստինեի հետ` Քրիստինեի վարձակալած բնակարանում:

 

-Հա, իբր ամուսնանալուց հետո:

-«Իբր» չէ: Նրանք իրականում ամուսնացել են: Իրենց տանը, որպես ամուսիններ, նշել են, շնորհավորել են, «կարմիր խնձորն» էլ կերել են: Պատահական չէ, էլի, որ տուժող կողմը ընդունում է Ռ-ին` եկեք մեր տուն, «կարմիր խնձոր» բերեք, տղան մի կերպ համաձայնում է: Ո՞նց կարող էր տուժողը` Արևիկը (անունը փոխված է), չիմանալ Քրիստինեի ով լինելը (համաձայն գործի նյութերի` Քրիստինեն մարմնավաճառությամբ է զբաղվել –Ա.Կ.):  Ռ-ն չի ասել, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ նա իմացել է: Որովհետև Արևիկի մորաքույրը խնդրել է իր մարմնավաճառ ընկերուհուն, ով նաև Քրիստինեի ընկերուհին է, ու միասին եկել են «կարմիր խնձոր» բերելու: Հետևաբար` Արևիկի մորաքույրը չասա՞ց Արևիկին կամ Արևիկի մամային Քրիստինեի ով լինելու մասին:

 

-Բայց հավանական է, չէ՞, որ չեն ասել:

-Լավ, նույնիսկ եթե էդպես է: Այդ 10-14 օրը Քրիստինեի տանը բնակվելուց հետո Ռ-ն Արևիկին ասում է, որ պետք է գնան Ռուսաստան, բայց ինքը գումար չունի: Տուժողի հայրնը ինքն է գումար տալիս, որ գնան: Ասում եմ` ինչո՞ւ հորը մեղադրանք չեք  առաջադրում` որպես թրաֆիքինգին օժանդակող: Այսինքն` իրենք գիտեին, որ եթե գումար չտային, Ռաֆիկը էդ պահին գումար չուներ Ռուսաստան գնալու: Արևիկն էլ բացատրություն է տվել, որ Ռ-ն ասաց` «երբ փող դզենք էն ժամանակ կգնանք»: Այսինքն` թրաֆիկյորը նման արտահայտությո՞ւն է անում, թե սպասի, երբ փող կունենամ կամ պապադ կտա, կտանեմ, քեզ թրաֆիքինգի կենթարկեմ: Էդ գործը կատաստրոֆա է:

 

-Ի՞նչ եք կարծում` գործի ավարտն ինչպիսի՞ն կլինի: Արդարացման միջնորդություն եք ներկայացրել, կբավարարվի՞:

-Չեմ կարող ասել: Ես, ճիշտն ասած, կարող էի ինքնաբացարկի միջնորդություն հայտնել դատավորին, որովհետև նա արդեն դատել էր Քրիստինեին, և դա կարող էր ինձ մոտ համոզմունք առաջացնել, որ նա կանխակալ է: Բայց ես դա չարեցի, որովհետև կարծում էի, որ այդ ժամանակվա փաստերն այլ են եղել, և հիմա ես ներկայացնում եմ նոր փաստեր: Ու ես հիմա սպասում եմ… Ես կարծում եմ, որ հիմա դատավորի համար ծանր կլինի:

 

-Կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռ-ն արդեն հասցրել է մեկ այլ գործով քրեական պատասխանատվության ենթարկվել: Դա ինչ-որ բան ասո՞ւմ է:

-Ոչ: Ես էդ գործի հանգամանքերից տեղյակ եմ, դա որևէ կապ չունի թրաֆիքինգի հետ: Դա վկայում է այն մասին, որ, այո, նման անհիմն մեղադրանքի դեպքում մարդը, գտնվելով անազատության մեջ, «ապահով» չէ մեկ այլ հանցանքի մեջ չմեղադրվելու համար:

 

Հ.Գ. Դատապարտյալի իրական անունը չենք գրում, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: