Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Սևանա լիճը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհդանիշ, և կա 2002 թվականին ընդունված օրենք, որով սահմանվել է, որ մինչև 2032 թվականը Սևանի մակարդակը 6 մետրով պետք է բարձրացվի: «Անցել է 15 տարի, և այս 15 տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ կառավարությունը նման հարցով մտնում է Ազգային ժողով, և մեկ դեպքում նույնիսկ լրացուցիչ ջուր բաց թողնելու շատ ավելի մեծ թիվ էր նշված»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ, անկախ տարբեր մոտեցումներից, անցած 15 տարում ունենք Սևանա լճի մակարդակի` առնվազն 4 մետր բարձրացում, և առաջիկա 15 տարում ոչինչ չի խանգարում սահմանված մակարդակը ևս 2 մետրով բարձրացնել: «Օրենքով սահմանված նպատակը՝ էկոհամակարգը պահպանելու, Սևանը փրկելու ծրագիրն իրականացվում է, և հենց այստեղ է, որ ինձ համար մի քիչ անհասկանալի է մեր բնապահպան ՀԿ-ների հնչեցրած այն կարծիքը, թե սա կատաստրոֆա է»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Տարրական ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ կատաստրոֆա չէ, մենք երրորդ անգամ ենք անում, և նպատակն էլ հստակ իրագործելի է»:
Վարդանյանի խոսքով՝ բնական է, որ բնապահպաններն իրենց գործն են անում և պետք է բարձրացնեն Սևանի ու մյուս բնապահպանական հարցերը, բայց կա այլ հարց՝ գյուղատնտեսական սակավաջուր տնտեսությունները: «Մենք ամեն օր տեսնում ենք ահազանգեր, ճանապարհները փակելու փորձեր, դա իսկապես լուրջ խնդիր է»,- ընդգծեց նա:
Պատգամավորն ասաց, որ շատ կցանկանար տեսնել, որ մեր բնապահպանական ՀԿ-ները միավորվել են՝ ոչ 70-72 կազմակերպությամբ, և կառավարության աջակցությամբ բնապահպանական ծրագիր են իրականացնում: Վարդանյանը նաև ասաց, որ բնապահպանական ՀԿ-ները գոնե կարող էին ողջունել կառավարության այն որոշումը, որի շնորհիվ այսօր Սևանի թերակղզում կարգուկանոն է և տուրիզմի համար պայմաններ են ստեղծված: Նա նշեց, որ այդ ՀԿ-ները նույնիսկ չեն մասնակցել «Մաքուր Հայաստան» ծրագրին:
Ըստ պատգամավորի՝ մի հարցի հարկավոր է ուշադրություն դարձնել: «Օրենքն ընդունվել է 15 տարի առաջ, և արդեն բավական ժամանակ է անցել: Ես կարծում եմ, որ հարկ է մտածել օրենքը վերանայելու, ավելի ամբողջական, հստակ չափորոշիչներ դնելու ուղղությամբ, և այստեղ բնապահպան ՀԿ-ները նույնպես անելիք ունեն: Ես մեր խմբակցության կողմից պատրաստ եմ նրանց հետ աշխատել՝ առաջիկայում քննարկումների, լսումների հետ կապված հարցերում, որպեսզի մենք օրենքը բերենք, հասցնենք այսօրվա չափորոշիչներին»,- շեշտեց նա:
Վարդանյանը նշեց, որ առաջին անգամ է, որ գոյանալիք լրացուցիչ միջոցները նախատեսված է ծախսել պետական նպատակների համար: «Եթե պետությունը օրենքով 100 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնում, Սևան-Հրազդան-Կասկադը, բնականաբար, ջուրը չի կարող կողքից տանել, և լրացուցիչ էներգիա է արտադրվելու, իսկ ՀԷՑ-ը լրացուցիչ էներգիա է վաճառելու, և պետության իրավունքն է ասել ՝ այստեղ պայմանները պիտի նաև այսպիսին լինեն, որ մենք կարողանանք այդ միջոցները օգտագործել հենց նույն համակարգերի զարգացման համար»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց` այն, որ մենք ոռոգման համակարգում տարիներ շարունակ լրջագույն խնդիրներ ենք ունեցել և այսօր էլ ունենք, ակնհայտ է, բայց չպետք է չտեսնելու տալ, որ վերջին շրջանում այս ոլորտում որոշակի բարեփոխումներ են սկսվել: Նա նաև խոսեց մամուլում շահարկումների մասին և նշեց, որ բնապահպանության նախարարությունը երբեք դեմ չի եղել 100 մլն խորանարդ մետր ջրի բացթողմանը, խոսքը եղել է հիմնավորումներն ավելի ճշգրիտ ներկայացնելու մասին, և սա կառավարության առաջարկած նախագիծն է: «Սա կոալիցիոն կառավարություն է, և բնականաբար, մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու»,- եզրափակեց Վարդանյանը: