Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թրաֆիքինգի գործերով որոշ դեպքերում մարդիկ դատապարտվում են, երբ չկա նրանց մեղքը հաստատող բավարար ապացուցողական բազա, խնդիրներ են առաջանում քրեադատավարությանը մասնակից անձանց դատարան կանչելու և հարցաքննելու, ինչպեսև այլ ապացույցներ հավաքելու հետ: Այս խնդիրների մասին Yerkir.am-ը զրուցեց Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանի հետ, ով թրաֆիքինգի գործերով հիմնականում ներկայացնում է ամբաստանյալների շահերը:
-Որպես ամբաստանյալի շահերի ներկայացուցիչ` ի՞նչ խնդիրների եք առնչվում գործի քննության ժամանակ:
-Իրականում դժվար ապացուցելի երևույթ է, եթե խոսքը վերաբերում է արտերկրում կատարված գործողություններին: Պատկերացրեք, երբ կա տուժող, ով ասում է, թե` ինձ խաբեցին, տարան Արաբական Էմիրություններ և ստիպեցին մարմնավաճառությամբ զբաղվել: Մենք ինչպե՞ս ենք դա կարողանում ապացուցել: Հիմնավորվում են այլ տուժողների ու վկաների ցուցմունքներով: Սակայն չունենք դեպքի վայր, կոնկրետ հասցե, ինչ պայմաններում է տուժողը պահվել: Ցուցմունքներում մեկն ասում է` դրսում էինք, մյուսը` հյուրանոցում, էն մեկն էլ` վարձու բնակարանում, և այլն:
Մի անգամ դատարանում տուժողին հարց տվեցի, թե ինչպե՞ս կարող է ապացուցել, որ հենց մարմնավաճառությամբ է զբաղվել, որովհետև ես տեղեկություններ ունեի, որ երեխա էր պահել և չէր շահագործվել: Պատասխանեց, որ հաջորդ անգամ գնամ, կնկարեմ, կբերեմ, կտեսնեք… Դա հանրահայտ Աղունիկ Այվազյանի գործն էր, որի ժամանակ ես նրա շահերն էի ներկայացնում: Այդ գործով արդեն դատական ակտ կա, որոշ հանգամանքներ փորձել են հիմնավորել գաղտնալսումների, տեսանկարահանումների միջոցով: Էն մասով, որ կան գաղտնալսումներ և տեսաձայնագրություններ, ես ոչինչ չունեմ ասելու, սակայն, կոնկրետ իմ պաշտպանյալի առումով, բոլոր աղջիկները, ովքեր գնացել էին, գիտեին` ինչու էին գնում և ինչ պայմաններով:
-Այսինքն` գիտեի՞ն, որ շահագործվելու էին, թե՞ չեն շահագործվել:
- Տեսեք, երբ գալիս, ասում են, թե հարկադիր աշխատանքի մեջ են եղել` չնչին վարձատրությամբ կամ անհատույց, խնդիրը հետևյալն է` ինչպե՞ս է հաշվարկվում դա: Տուժողը պատմում է, որ պայմանավորվեցի «X»-ի հետ, որ ինձ տաներ աշխատանքի` մարմնավաճառությամբ զբաղվելու, ընդունում է, որ, օրինակ, ճանապարհածախս չի կատարել: Իսկ, այսպես ասած, գործատուն մինչև 3000 դոլար գումար է ծախսում մի աղջկա վրա մինչև նա հասնում է էմիրություններ: Լինում են դեպքեր, որ այստեղ պարտքեր են ունենում, խնդրում են իրենց պարտքերը փակել, հագուստներ գնել… Բացի դրանից` էնտեղ նա կացարան է ունենում, որի դիմաց վճարում են, սնվում է, ոչ ոք չի ասում` սոված են պահել: Հագնվում է, սնվում է, տուն գումար է փոխանցում` բանկային հաշիվները կան, վերջում էլ իրենց հետ որոշակի գումար են բերում: Հիմա ես միշտ էդ հարցը տալիս եմ` որևէ մեկը պարտավո՞ր էր էդ աղջկան պահել:
Կա նաև գումարի ծախսելու ձևը: Իմ պաշտպանյալներից մեկն ասում էր, որ` ես զեղչերի ժամանակ էի գնում խանութ, իսկ ինքը (տուժողներից մեկը) գնում էր` նոր ստացած ապրանքը թանկ առնում: Եվ բնական է, որ մեկն, օրինակ, 7000 դոլար կբերեր իր հետ, մյուսն` ավելի քիչ կամ ընդհանրապես չէր բերի:
Ինչ վերաբերում է հարկադիր, պարտադրված աշխատելուն, ապա, մասնավորապես, Էմիրությունների գործերով տուժողները եղել են շրջիկներ, պատմում էին, թե` գնում էինք սրճարաններ, ռեստորաններ, ժամանցի այլ կետեր և էնտեղ հաճախորդ գտնում: Այսինքն` նրանք կարող էին դիմել ոստիկանություն, օգնություն խնդրել, առավել ևս` բոլորի ձեռքին եղել է բջջային հեռախոս, միմյանց հետ, իրենց ընտանիքների հետ կապ եղել է:
-Խոսքը միայն Էմիրությունների՞ մասին է:
-Ես ունեցել եմ միայն դեպքեր` կապված Էմիրությունների հետ:
-Այսինքն` մարդիկ դատապարտվում են ոչ բավարար ապացույցների դեպքում, եթե տեղազննություն չի կատարվում:
-Այո, եթե դու ուզում ես մեղքն ապացուցել, ապա պետք է ձեռնարկես բոլոր միջոցները: Միայն տուժողի հայտարարությունը, ցուցմունքը շատ քիչ է` մարդուն դատապարտելու համար: Կան տուժողներ, ասում են` ինձ ծեծի են ենթարկել, բայց մարմնական վնասվածքներ չկան, չկա որևէ հետք մարմնի վրա, որը կապացուցի բռնությունների մասին: Իմ կարծիքով` տուժողների մեծ մասը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տալիս: Կամ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքից տարբեր ցուցմունք են տալիս դատարանում և դա պատճառաբանում են, որ շատ ժամանակ է անցել ու չեն հիշում:
Հետաքրքիր է նաև այն, որ հազվադեպ կգտնեք տուժողի, ով Էմիրություններում եղել է մեկ անգամ: Անգամ, երբ այդ նույն թրաֆիկյորները գտնվում են անազատության մեջ, նրանք հանրապետությունից բացակայում են, դատական նիստերի ընթացքում, երբ պետք է լինում նորից հարցաքննել տուժողներին, պարզվում է, որ նորից գնացել են Էմիրություններ: Լինում են դեպքեր, երբ տուժողների հետ առերեսում չի լինում, քանի որ չեն կարողանում ապահովել նրանց ներկայությունը: Իսկ հետո միջնորդում ես, որ այդ ապացույցներից հրաժարվեն, չեն հրաժարվում, նախաքննական ցուցմունքը հրապարակվում է և դրվում մեղադրանքի հիմքում:
-Լավ, այս դեպքում ո՞վ է մեղավոր` դատավորը, նախաքննական մարմինը…
-Այստեղ որևէ մեկի մեղքը չկա, երբ տուժողներին հարցաքննում ու բաց են թողնում, որովհետև չկա որևէ օրենսդրական կարգավորում, որով կարող ես արգելել մարդուն արտերկիր գնալ: Եվ, իհարկե, դա կարող է դիտվել որպես մարդու ազատ տեղաշարժման իրավունքի խախտում:
-Իսկ ոչ բավարար ապացուցողական բազայի դեպքում անձին դատապարտե՞լը:
-Դե, իհարկե, դա անօրինական է:
-Այսինքն` դատավորները ինչ-որ ցուցումո՞վ են աշխատում:
-Իմ կարծիքը հետևյալն է` այսօր դատարանները անկախ չեն, և դա ոչ միայն թրաֆիքինգի գործերով է ակնհայտ: Դատարանները կաշկանդված են և անկախ չեն, սակայն չեմ կարող ասել դրա պատճառները:
Ա.Կ.