Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ամփոփեց երեկվա բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում` ներկայացնելով իր անձնական տեսակետները:
Ըստ նրա` բողոքի ակցիան իր համար շատ սպասելի տարբերակով ընթացավ, սպասելի էր նաև մարդկանց քիչ մասնակցությունը, դա էլ, ըստ նրա, օրինաչափ էր, որովհետև հասարակության լայն զանգվածների ըմբոստության գագաթնակետին, որը եղել է մի ժամանակ, միշտ էլ բարդ է կրկին հասնել:
Լևոն Զաքարյանը վստահ է, որ պետք է վերլուծել, թե ինչու այս անգամ մարդիկ չեկան սոցիալական այդ լուրջ խնդրի համար կազմակերպված պայքարին, որովհետև մարդկանց ինքնանպատակ հրավիրել բողոքի ակցիաների, դա էլ ճիշտ չէ: Ամեն դեպքում` «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի պատրաստվում հանձնվել և կշարունակի իր պայքարը թալանի դեմ:
«Բողոքի ակցիային մարդկանց քիչ մասնակցությունը ամենատարբեր պատճառներ կարող է ունենալ` սկսած հիասթափությունից, որը առաջնային գործոն է, վերջացրած պարզ մեկնաբանությամբ, որ պայքարի ճանապարհները ճիշտ չեն ընտրված: Նախորդ անգամ Բաղրամյանի ցույցերին մասնակցած մարդիկ այնտեղ չէին, այն պարզ պատճառով, որ նախորդ անգամ նրանք մեզ հավատացին, իսկ այս անգամ` չհավատացին: Դա էլ նորմալ է, քանի որ խոսքը գնում է ակտիվ քաղաքացիական պայքարի շրջանակից դուրս գտնվող մարդկանց մեծամասնության մասին: Նրանք մի դեպքում կարող են մասնակցել, մյուս դեպքում` չմասնակցել»,- ասաց Լևոն Զաքարյանը:
Նա իր անձնական կարծիքը հայտնեց` ասելով, որ հետագայում գուցե փոխվեն պայքարի մեթոդները, և գուցե միշտ չէ, որ փողոցը միակ ամենալավ տարբերակն է: Մեթոդներից մեկը կարող է լինել մարդկանց իրազեկումը, նրանց հետ խոսելը: Նախաձեռնող խումբը դեռևս հստակ որևէ բան չի որոշել հետագա քայլերի մասին, դեռ պետք է հավաքվեն ու որոշեն:
Լևոն Զաքարյանը վստահ է, որ եթե շատ մարդ հավաքվեր, չէին հայտարարի այն, ինչ հայտարարեցին, և չէին ցրի ցույցը: Դրա վառ ապացույցը նախորդ բազմամարդ ցույցերն էին: Իսկ երբ քիչ են լինում ցուցարարները, ուժ կիրառելով, կարողանում են ցույցը ցրել:
Իհարկե, «Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է թալանի դեմ պայքարը, բայց եթե նախաձեռնության հետևից մեծ զանգվածներ չեն գնում, ուրեմն նախաձեռնությանը մնում է հետևել դեպքերի զարգացմանը ու միայն բարձրաձայնել անարդարությունների մասին:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի գնի հետ կապված առաջիկա զարգացումներին, Լևոն Զաքարյանը նշեց, որ բազմաթիվ են փաստերը, որ մարդկանց հոսանքի հաշիվները գալիս են արդեն բարձրացված սակագնով, և որ մեկ ամիս հետո արդեն իսկ պաշտոնապես կհայտարարեն, որ փորձագիտական խումբը հիմնավոր է համարել սակագնի բարձրացումը, ու մարդիկ կսկսեն վճարել բարձրացված սակագնով:
«Այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ քաղաքացիները չեն պահանջում: Եթե լռեն, վստահ եմ, որ օգոստոս ամսվա համար են վճարելու բարձրացված սակագնով: Շատ մարդկանց գիտեմ, որ մոռացել են այդ թեման, առաջիկա ամիսներին էլ սուսուփուս կտանեն ու կմուծեն, որովհետև առաջին անգամ չէ, որ հոսանքի գինը բարձրանում է: Բայց չի բացառվում, որ ձմռանը նորից բողոքի ալիք բարձրանա, երբ հոսանքի բարձրացված սակագնի հետ հաշտված քաղաքացիները կտեսնեն, որ թանկանում է գրեթե ամեն ինչը: Մեծ մասամբ ի՞նչ են անում հաշտվող բնավորություն ունեցող մարդիկ, սկսում են տեղավորվել իրենց ունեցած գումարի մեջ, այնքան ժամանակ, մինչև հասկանան, որ էլ չեն կարողանում տեղավորվել, մինչև հասկանան` ինչո՞ւ հաշտվել, եթե կառավարությունը չի կարողանում լուրջ փաստարկներով համոզել մարդկանց, որ հոսանքի թանկացումը հիմնավոր է»,- ասաց Լևոն Զաքարյանը: