կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 14:21
Քաղաքական

ԲՀԿ-ն մարդկայնորեն հասկանում է Հովիկ Աբրահամյանին

ԲՀԿ-ն մարդկայնորեն հասկանում է Հովիկ Աբրահամյանին

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անդրադարձավ նախորդ կառավարության սխալներին:

 

Նա նշեց, որ մինչեւ 2008թ. Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ կառավարության ձեւավորումը երկիրը, ըստ բոլոր պաշտոնական ցուցանիշների, զարգանում էր երկնիշ տնտեսական աճով, սակայն Տիգրան Սարգսյանի կառավարությունը շատ արագ սկսեց ձախողումները եւ, ի վերջո, «բառի բուն իմաստով, ավերեց երկիրը, տնտեսությունը»:

 

«Մենք ստացանք մի իրավիճակ, որը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է գնահատել այլ կերպ, քան լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանը: Այսօրվա կառավարությունը ստացել է շատ ծանր ժառանգություն, առանց չափազանցության` տնտեսական ավերակներ, հուսով եմ` ասածս չի օգտագործվի հետագայում` հնարավոր տապալումների դեպքում արդարանալու համար: Անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ երկնիշ տնտեսական աճից հետո ունեցանք ավերակներ: Ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Առանց այս հարցին պատասխանելու` մենք չենք կարող առաջ գնալ: Դժվար է հաղթահարել իրավիճակը` առանց վերլուծելու եւ գնահատական տալու այն ծնող պատճառներին, երեւույթներին ու անձանց»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կառավարության ծրագրում բացակայում է որեւէ վերլուծություն, որեւէ գնահատական առկա իրավիճակին:

 

Պատգամավորը հարց է ուղղում կառավարությանը` եթե չի ֆիքսում իրավիճակը, եթե գնահատական չի տալիս, ապա որտե՞ղ է նույնը չկրկնելու երաշխիքը:

 

«Ես մարդկայնորեն հասկանում եմ Հովիկ Աբրահամյանին, երբ նա ասում է, որ չի խոսում նախորդների գործունեության վերաբերյալ: Բայց, պարո'ն Աբրահամյան, կարծում եմ` Դուք այս պահին պարզապես անձ չեք, Դուք ՀՀ վարչապետն եք եւ պետք է ֆիքսեք իրավիճակը: Փաստորեն, 6 տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը քանդում էր երկիրը եւ, ցավոք, լուրջ դիմադրության չէր հանդիպում: Փոխանակ իրատեսական ծրագրեր բերեր, բերում էր տարբեր քաղաքներ տարբեր կենտրոններ դառնալու գործընթացներին ուղղված ծրագրեր, չունեցած միջոցներ էր ծախսում դրանց վրա: Ավելորդ եմ համարում ասել, որ որեւէ մեկը այդպիսին չէր դառնում: Արդյունքում` որքան շատ այդպիսի ծրագրեր էր ընդունում կառավարությունը, որքան ավելի շատ բարեփոխումներ էր կատարում, այնքան հազարներով աճում էր փակվող օբյեկտների, տասնյակ հազարներով աճում էր գործազուրկների, աղքատների եւ ավելի շատ` երկիրը ստիպված լքողների թիվը»,- ասաց Ստեփան Մարգարյանը` հավելելով, որ տարիներ առաջ, երբ նմանօրինակ եւ այլ տիպի ծրագրերով նոր էր սկսում տնտեսության փլուզումը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց, որ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը իրականության ճիշտ ընկալման հետ խնդիրներ ունի: