Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նրա առաջին հարցը վերաբերում էր քաղաքական ներգրավվածությանը:
«Դուք ճշտապահ կերպով նշում եք համերաշխության և հանդուժողականության մթնոլորտի կարևորության մասին: Սակայն չե՞ք գտնում, որ, մերժելով առաջարկը՝ քաղաքական ընդդիմությանը ներգրավելու երկրի պետական կառավարման հարցում, քաղաքական ընդդիմությանը վերահսկողության լծակներ տրամադրելու հարցում, բայց ոչ թե ընդդիմության ներկայացուցիչներին, այլ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուներին: Համագործակցության ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներ եք տեսնում այստեղ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր տեղական արտադրողների պաշտպանությանը: Նա նշեց, որ կառավարության ծրագրում, բացառությամբ գյուղատնտեսական մթերքների, առանձին դեպքերում պետական գնումներով տեղական արտադրության գնմանը, ուրիշ որևէ դրույթ չկա տեղական արտադրության խթանման աջակցության, հարկային համակարգն ի շահ տեղական արտադրողի գործադրման մեխանիզմի մասին: «Ի՞նչ քայլեր կիրականացնի կառավարությունը տեղական արտադրության զարգացման ուղղությամբ»:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետական կառավարման համակարգում ընդդիմության մասով հանրապետության նախագահն առաջարկ արել է ընդդիմադիր քաղաքական ուժերին կոալիցիա կազմել և համատեղ կառավարել:
«Այնպես չէ, որ մենք միշտ ցանկանում ենք կառավարել և ընդունել հաղթողի դերակատարում: Մենք միշտ էլ կիսել ենք մեր հաջողությունները, ունենալով մեծամասնություն՝ միշտ էլ առաջարկել ենք քաղաքական ուժերին մաս կազմել կառավարմանը: Միշտ էլ հանրապետության նախագահն ասել է՝ բերեք միասին կառավարենք: Ուրիշ հարց է, որ պայմաններին չեք համաձայնվել և ընդհանուր հայտարարի չեք եկել: Բայց գաղափարը եղել է, և դրան դեմ չենք, բայց դա մենակ վարչապետի որոշելու հարցը չէ, պետք է լինի նախագահի, կուսակցության մեծամասնության համաձայնությունը: Ես կողմնակից եմ համերաշխ աշխատելու, այլ ոչ կարծր դիրք բռնելու»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է տեղական արտադրողներին, վարչապետը նշեց, որ կառավարությունն ունի մեխանիզմներ ու ծրագրեր, որոնք առավել մանրամասն կներկայացնի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց վարչապետին՝ ասելով, որ երբ խոսում են ընդդիմության ներգարվվածության մասին, ապա խոսքը ոչ թե իշխանություն դառնալու ցանկության, այլ հավասարակշռված մեխանիզմ ունենալու մասին է, ինչպես ինքնաթիռի երկու թևը. մի թևը մյուսի վրա դնելով՝ ինքնաթիռը չի թռչի, բայց եթե երկու թևերը հավասարակշռվեն, ինքնաթիռը կարող է սլանալ առաջ:
Հովիկ Աբրահամյանը ծիծաղեց. «Հիմա ուզում եք ասել, որ ձեր ուզածը իշխանությունը չի, հա՞: Բա ի՞նչ է, բա վերահսկողությունը իշխանություն չէ՞»: