Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց կառավարության` նախկինում ընդունված որոշման մեջ փոփոխություն անելու հարցը: Նա նշեց, որ 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում չեն ներառվել բնության հուշարձանների պահպանության համար անհրաժեշտ գումարները, և առաջարկվում է այն տեղափոխել հաջորդ տարիներ` 2020-2022թթ.:
Ներկայացնելով հարցի բովանդակային մասը` Արծվիկ Մինասյանը նշեց, որ խոսքը բնության այն հուշարձանների մասին է, որոնք կարող են լինել էկոտուրիզմի համար հրաշալի օբյեկտներ, օրինակ` ջրվեժները, քարանձավների հարակից տարածքները և այլն: Ըստ նախարարի` այս առումով կարևոր է իրականացնել քարտեզագրում, թվայնացում, որպեսզի հետո հնարավոր լինի իրականացնել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, այսինքն` բնությունը վերածել եկամուտ ապահովող ոլորտի:
«Գումարը մեծ չէ` շուրջ 130 միլիոն դրամ, 232 բնության հուշարձանով: Արդեն սկսել ենք աշխատանքը մի շարք միջազգային հիմնադրամների հետ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու նպատակով: Ըստ էության` բեռ չի լինի բյուջեի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
«Չտեսնված է»,- արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հարցի հետ կապված, նշեց, որ մշակույթի նախարարությունը նման խնդիր ուներ` պատմամշակութային հուշարձանների հետ կապված, և քննարկումների ժամանակ հանգել են այն եզրակացության, որ հնարավոր է ոչ հստակ չափագրումներ անել` օգտագործելով այն ուսանողների ուժերը, որոնք պրակտիկա են անցնում համապատասխան գերատեսչություններում:
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ, անշուշտ, պրակտիկանտների ուժերը կարելի է օգտագործել, բայց խոսքը մասնագիտական գործունեության մասին է, քանի որ վստահ են, որ բնության հուշարձանների թիվը 232 չէ, այլ` ավելին, ուստի պետք է քարտեզագրում, չափագրում իրկանացնել բնության նոր հուշարձանները գտնելու համար, և ակնկալում են այդ աշխատանքները ավարտել 1 տարվա ընթացքում: