Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարար Արծվիկ Մինասյանին:
Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ երկար ժամանակ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջև քննարվում էր քաղաքական համագործակցության մասին հարցը, և համաձայանագիրը երեկ ստորագրվեց: Վարչապետը նշեց, որ հուշագիրը ստորագրելուց հետո ՀՀԿ-ն պետք է ՀՅԴ-ի հետ փորձի համատեղ լուծում տալ երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Եվ այդ համաձայնագրի շրջանակներում էկոնոմիկայի նախարարի պորտֆելը տրամադրվել է ՀՅԴ-ին:
«Պարոն Ճշմարիտյանի մասին եմ ուզում կարծիք ասել եւ` անկեղծորեն: Երկար տարիներ՝ դեռ 2008 թվականից, աշխատել ենք միմյանց հետ կառավարությունում, այնուհետեւ` ԱԺ-ում, եւ հետո` նորից կառավարությունում: Այդ տարիների ընթացքում Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման հարցում ես շատ բարձր եմ գնահատում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով Ճշմարիտյանին համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով Ճշմարիտյանը կարևոր ծրագրեր է դրել հիմքի վրա, եւ երկու տարի պաշտոնավարելու արդյունքում ակնառու ձեռքբերումներ են եղել:
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի նշանակմանը` վարչապետը համոզմունք հայտնեց, որ Մինասյանը կփորձի հասկանալ նախարարության խնդիրները և խորանալ դրանց մեջ:
«Ես համոզված եմ, որ այդ պրոֆեսիոնալ թիմը, որ կա, գործում է, աշխատում է նախարարությունում, կշարունակի իր աշխատանքային գործունեությունը: Հայեցողական պաշտոններում պարոն Մինասյանը լիովին ազատ է: Այդ մասին մենք խոսել ենք պարոն Մինասյանի հետ, պրոֆեսիոնալ կադրերը կաշխատեն, իսկ եթե մարդիկ կան, որ իրենց գործը չեն անում, ճիշտ չեն անում, լավ չեն անում, որակով չեն անում, ապա դա պարոն Մինասյանի որոշելիքն է»,- ասաց նա:
Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հրաժեշտի խոսքը սկսեց նախկին աշխատակիցների գործունեության գնահատմամբ:
«Բավական մեծ ներդրում ունի այս աշխատանքային կոլեկտիվը Հայաստանում տնտեսական զարգացման, տնտեսական քաղաքականության վարման բնագավառում: Նշեմ, որ շատ կարևոր է, պարո\'ն վարչապետ, ՀՀ նախագահի եւ Ձեր վստահությունը, որ, այս դժվարին ժամանակաշրջանում աջակցելով եւ վստահելով, մենք կարողացանք որոշակի փոքրիկ, բայց հիմքեր ստեղծել եւ, ըստ էության, պատվով դուրս գալ մարտահրավերներից: Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ ամենայն բարիք մաղթել պարոն Մինասյանին»,- ասաց նա՝ պատրաստակամություն հայտնելով հետագայում ցանկացած հարցում աջակցել եւ սատար կանգնել այն բոլոր ծրագրերին, որոնք լինելու են շարունակական եւ ամրապնդելու են երկրի տնտեսական հիմքերն ու նպաստելու են նախարարության աշխատանքին:
Արծվիկ Մինասյանը նշեց. «Հարգելի\' գործընկերներ, քաղաքական համաձայնագրի շրջանակներում մենք երկու քաղաքական ուժերով միավորում ենք մեր ներքին ջանքերը, որպեսզի երկրում իրականացնենք տնտեսական քաղաքականությունը նաև համատեղ: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում գործունեության, այլ նաև այն տարիների գործունեության համար, որ Հայաստանը ցուցաբերեց երկնիշ տնտեսական աճ: Այս փոփոխությունը իսկապես քաղաքական հենքի վրա է, և ես վստահ եմ, պարո\'ն Ճշմարիտյան, որ մենք աշխատելու ենք միմյանց հետ: Ես խնդրում եմ Ձեզ, որ կարողանանք մեր հարաբերությունները պահել և կարողանանք ներգրավվել կառավարության կառավարման համակարգում:
Ես շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակցությանը այս պարտականությունն իմ ուսերին դնելու համար: Կարծում եմ, որ պրոֆեսիոնալ թիմի հետ միասին բոլորս կկարողանանք նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել ծրագրերը, որոնք նախանշված են եղել: ՀՅԴ-ն արդեն պատասխանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար: Մնացածը աշխատանքային գործընթացից կերևա, վստահ եմ, որ մենք կունենանք լավ արդյունքներ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կարևոր է իր համար, որ այն մեծ անելիքներ ունի:
«2015թ. ունեցել ենք լուրջ մարտահրավերներ և, մեր բոլորի ուժերը համատեղելով, կարողացանք ապահովել տնտեսական աճ, որը, իհարկե, մեզ չի բավարարում, այդ աճը մեր հանրությունը չի կարող զգալ իր մաշկի վրա: Պետք է ամեն ինչ անել, որ ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, որը հնարավորություն կտա բարելավելու հասարակության սոցիալական վիճակը: Մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք ամեն ինչ, որ կարողանանք մեր տնտեսության զարգացումն ապահովել»: