Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ կես ժամ առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Գորիսում հուլիսի 8-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների եւս մեկ թեկնածու՝ Տիգրան Կարապետյանը:
Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկի մասին լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը, զերծ մնալով լրացուցիչ հայտարարություններից կամ պարզաբանումներից, նշեց միայն, թե ստեղծված պայմաններում սա ամենաճիշտ որոշումն էր:
Նշենք, որ մինչ այսօր Գորիսում գրանցված էր քաղաքապետի 4 թեկնածու՝ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ում առաջադրել էր ՀՀԿ-ն և որը, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալն ու ներկայացուցիչը, և հենց նրա միջոցով է Սուրիկ Խաչատրյանը փորձում մասնավորապես Գորիսում պահպանել իր՝ օր օրի թուլացող դիրքերը:
Ինքնաառաջադրվել էին նաև անկուսակցական Հրայր Յոլյանը, ով, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, որոնց մասին Yerkir.am-ին տեղեկացրել էր հենց Յոլյանը, նույնպես համարվում է Սուրիկ Խաչատրյանի մարդը եւ ինքնաառաջադրվել էր հօգուտ Վաչագան Ադունցի ձայներ փախցնելու նպատակով: Այս լուրերը հերքեց հենց Հրայր Յոլյանը:
Մյուս երկու թեկնածուները ընկերներ են` ինքնաառաջադրված Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը: Այսօր երկուսն էլ ինքնաբացարկ ներկայացրեցին:
Արա Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ անցյալ տարի սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Նա հանդես էր գալիս մեկ այլ ՀՀԿ-ական ինքնաառաջադրված թեկնածուի՝ Տիգրան Կարապետյանի հետ համատեղ ճակատով: Տիգրան Կարապետյանը, ի դեպ, Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի ընկերն է:
Օրեր առաջ Yerkir.am-ի հետ զրույցում թե' Տիգրան Կարապետյանը, թե' Արա Բուդաղյանի շտաբի համակարգող Ռոբերտ Հակոբյանը հայտարարել էին, որ իրենք միևնույն ճակատից են, իրար դեմ չեն պայքարելու, և ընտրապայքարի ինչ-որ փուլում նրանցից մեկնումեկը ինքնաբացարկ կհայտնի' հօգուտ մյուսի: Այսօր առավոտյան, երբ Արա Բուդաղյանն ինքնաբացարկ ներկայացրեց, Ռոբերտ Հակոբյանը հայտարարեց, որ Բուդաղյանն իր թեկնածությունը հանեց հօգուտ Տիգրան Կարապետյանի:
Ու զարմանալի է, որ Տիգրան Կարապետյանը նույնպես, այն էլ` հենց այսօր ինքնաբացարկ ներկայացրեց, քանի որ գոնե մեզ հետ զրույցում վստահ ու վճռական էր տրամադրած եւ հայտարարում էր, որ մինչեւ վերջ գնալու է՝ հաղթելու վճռականությամբ:
Այսպիսով՝ ընտրապայքարից դուրս եկան Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադունցի հիմնական մրցակիցները` նրան դարձնելով քաղաքապետի պաշտոնի ամենահավանական հավակնորդը, քանի որ Գորիսում ցածր էին գնահատում Յոլյանի շանսերը: