կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 15:05
Մշակույթ

«Մեզ» ասելով` մշակույթի նախարարն ամենևին էլ նկատի չունի՞ 190 հազար քաղաքացիների

«Մեզ» ասելով` մշակույթի նախարարն ամենևին էլ նկատի չունի՞  190 հազար քաղաքացիների

Եվս մեկ թանգարանային գիշեր կայացավ: Ինչ խոսք, նախաձեռնությունը ողջունելի է և ուրախացնող: ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջը, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը»: Եթե Հայաստանի և Արցախի 100 թանգարաններից առնվազն 5-ը կարող են իրենց դռները բացել նաև հաշմանդամություն ունեցող թանգարանասերների համար, ապա ինչպե՞ս կարող եք համարել, որ թանգարանները միավորում են մեզ, թե՞ «մեզ» ասելով ամենևին էլ նկատի չունեք այն 190.000 քաղաքացիներին, որոնց կարիքներին չեն համապատասխանում մշակութային օջախները:

 

Այս տարի միջոցառումներն իրականացվում են Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հովանու ներքո, որը մշակել և մի քանի անգամ վերանայել է էթիկայի իր կոդեքսը: Դրա 1.4-րդ կետն անդրադառնում է հասանելիությանը. «Ղեկավար մարմինը պետք է այնպես անի, որ պարբերաբար և օրվա համապատասխան ժամերի թանգարանը և դրա հավաքածուները հասանելի լինեն բոլորին: Առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացվի մասնավորապես հատուկ կարիքներ ունեցող անձանց»:

 

2010-ի հոկտեմբերի 22-ին Հայաստանի հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիան, որի Հոդված 30-ը վերաբերում է մշակութային կյանքին, հանգստին, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցությանը: Այն ամրագրում է՝ 1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու, որ նրանց համար.

ա) մատչելի լինեն մշակութային գործերը` ընդունելի ձևաչափերով.

բ) մատչելի լինեն հեռուստահաղորդումները, ֆիլմերը, թատրոնը և մշակութային գործունեության այլ ձևերը` ընդունելի ձևաչափերով.

գ) մատչելի լինեն մշակութային ներկայացումների ու ծառայությունների համար նախատեսված վայրերը, ինչպես, օրինակ, թատրոնները, թանգարանները, կինոթատրոնները և այլն:

 

Սակայն կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության հաշվետվությունում 2010-2012 թվականներին մշակութային կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանն ուղղված միջոցառումների ցանկում սակայն ոչինչ չի նշվում թանգարանների հարմարեցման մասին: Հասկանալի է, որ ո´չ թանգարանները և ո´չ էլ պետական բյուջեն չունեն բավարար միջոցներ բոլոր կառույցները միանգամից հարմարեցնելու համար, սակայն տարիներ շարունակ այս ուղղությամբ գրեթե ոչինչ չձեռնարկելը ուրիշ բանի մասին է վկայում: Միջոցները գուցե իսկապես սուղ են, բայց եթե հարցը առաջնայնություն է, միջոցներ, հովանավորներ, ծրագրեր ու աջակիցներ հնարավոր է գտնել` գոնե աստիճանաբար խնդիրը լուծելու համար:

 

Ի վերջո, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ միայն հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն. այդ խմբին են պատկանում նաև տարեցները, ովքեր ողջ աշխարհում զբոսաշրջիկների և թանգարաններ այցելողների ամենամեծ մասն են կազմում: Չնայած ինչպես այս օրերին, այնպես էլ ողջ տարվա ընթացքում հատկապես թանգարաններում անտեսանելի են հենց հաշմանդամություն ունեցող մարդիկ: Խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային կյանքին մասնակցելու ոտնահարված իրավունքը վերականգնելու և ՀՀ տարածքում գործող թանգարանները հնարավորինս հասանելի դարձնելու համար: Շնորհակալություն:

 

Հարգանքով՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն