կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 17:10
Քաղաքական

Հոկտեմբերիկ ու պիոներիկ ասելով` նկատի եմ ունեցել ՀԱԿ-ին. Շարմազանովը սրբագրո՞ւմ է խոսքը

Հոկտեմբերիկ ու պիոներիկ ասելով` նկատի եմ ունեցել ՀԱԿ-ին. Շարմազանովը սրբագրո՞ւմ է խոսքը

Այսօր ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Եթե իրենք չմիանան ԲՀԿ-ին, կվերածվեն հոկտեմբերիկների և պիոներների»: Շարմազանովի այս հայտարարությունից լրագրողները ենթադրել էին, որ նա նկատի ունի ընդդիմադիր երեք ուժերին, քանի որ մինչ այդ խոսում էր երեք ընդդիմադիր ուժերի` ԲՀԿ-ին միանալու օգտակարության մասին:

 

Սակայն պարզվում է` «իրենք» ասելով` Շարմազանովի նկատի է ունեցել միայն ՀԱԿ-ին: Համենայն դեպս, այդպես է վստահեցրել Henaran.am-ի հետ զրույցում:

 

«Նախ` ես ափսոսում եմ, որ իմ խոսքը որոշ լրատվամիջոցների համար փոքր-ինչ թյուրըմբռնման առիթ է դարձել, ես շատ կոնկրետ եմ ասել, և մեկ անգամ չէ, որ իմ գնահատականը տվել եմ ավանդական կուսակցություններին: Իմ խոսքն ունեցել է կոնկրետ հասցեատեր, այն վերաբերել է ոչ թե ՀՅԴ-ին, այլ ՀԱԿ-ին: «Հոկտեմբերիկ ու պիոներիկ» եղել է ի պատասխան ՀԱԿ խմբակցության առաջնորդի, ով, անկախ իմ գնահատականներից, յոթ երգ գիտի, յոթն էլ Հանրապետականի մասին է: Ասում է` ՀՀԿ-ն KПCC է: Ես այլ բան եմ ասում, ինքն այլ բան է ասում, դրա համար էլ ասել եմ՝ եթե Հանրապետականը վերածվելու է KПCC-ի, դուք ավելի շատ կվերածվեք հոկտեմբերիկների ու պիոներիկների, եթե չմիավորվեք «Բարգավաճի» հետ»,- հայտարարել է Շարմազանովը:

 

Հարցին, թե` ժամանակին ասվում էր, որ ընդդիմադիրները պետք է միավորվեն ՀՅԴ-ի շուրջը՝ որպես ավանդական կուսակցության, իսկ հիմա ասվում է, որ պետք է միավորվեն ԲՀԿ-ի շուրջը, Շարմազանովը պատասխանել է. «Ես չէ, որ գնահատականներ պետք է տամ Դաշնակցությանը: ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, որն անելիք ունի, ունեցել է թե' Սփյուռքում, թե' Հայաստանում»: