Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վերլուծելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, չի ցանկանում անդրադառնալ հարթակից հնչած ելույթներին, այսինքն` ճիշտ չի համարում մեկնաբանել այլ քաղաքական ուժի ելույթները, քանի որ ամեն քաղաքական ուժ ներկայացրել է իր մոտեցումները, և ամեն քաղաքական ուժ պետք է մեկնաբանի իր ելույթները:
Արմեն Մարտիրոսյանին դուր է եկել հանրահավաքին ներկայացած ժողովրդի ակտիվությունը: «Մի փոքր գլուխ գովեմ: Հանրահավաքին իմ կոնկրետ հարցադրմանը, իշխանափոխության հետ կապված, միանշանակ է եղել ժողովրդի պատասխանը` ժողովուրդն իշխանափոխություն է ուզում, և դա ամենակարևոր պահն էր»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Մեր հարցին` ինչո՞ւ էր այդ դեպքում ՀԱԿ առաջնորդը կառավարում կամ զսպում իշխանափոխության վերաբերյալ կոչերը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Որովհետև ցանկացած պարագայում պայքարը չի կարող ինքնահոս լինել, որովհետև մի մասը պահանջում էր «հիմա», մի մասն էլ գտնում էր, որ ավելի լավ է սպասել, մի քիչ էլ ընդլայնվել, շատանալ, այսինքն` տարբեր մոտեցումներ կային, որոնք ճիշտ չէին լինի` առանց համակարգման»:
Իսկ ի պատասխան հարցին` արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վիրավորված չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունից, թե ԵՏՄ-ին դեմ են մի քանի տասնյակ ջղաձգված մարդիկ, մեր զրուցակիցը նախ նշեց, որ որևէ մեկը չի իմացել մինչև վերջին պահը, թե հարթակից ինչ ելույթ պետք է ունենան Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեր կուսակցությունը, որը խորհրդարանում խմբակցություն ունի, նաև Երևանի ավագանու «Բարև» դաշինքում խմբակցություն ունի, մարզերում անդամներ ունի, միանշանակ 10-20 հոգի չեն, ինչի մասին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին նկատի չի ունեցել»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգության» համար եռյակից դուրս գալու խնդիր չկա, առաջիկա խնդիրը հոկտեմբերի 24-ի հանրահավաքն է, և հնարավոր է` եռյակի առաջնորդների հանդիպում լինի, և եթե այդ հանդիպման ընթացքում մշակվի միասնական օրակարգ և ճանապարհային քարտեզ, ըստ նրա, «առավել հրաշալի կլինի»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով` եռյակը հանրահավաքի ժամանակ միասնական կարծիք չհնչեցրեց, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ ճիշտ է ասել: Դրա մասին Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ասել, որովհետև այդ հանրահավաքին միասնական կարծիք հնչեցնելու խնդիր դեռևս չկար, և ամեն մեկը ներկայացրել է իր տեսակետները: Մյուս հանրահավաքին ընդառաջ` առաջնորդների հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ պարզ կլինի` միասնական օրակարգի և գործողությունների առումով»: