կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-17 12:48
Քաղաքական

Մոտակա ժամանակներում Արցախի հարցի լուծում չկա. Վաղարշակ Հարությունյան

Մոտակա ժամանակներում Արցախի հարցի լուծում չկա. Վաղարշակ Հարությունյան

23 տարի առաջ մայիսի 16-ին ստորագրվեց զինադադարի պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պայմանագիրը մինչ այսօր գործում է` անկախ նրանից, որ ադրբեջանական կողմը խախտում է այդ պայմանագիրը, բայց այն գործում է և զսպող գործոն է. այսօր լրագրողներին ասաց ՀՀ  ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Զինադադարի կնքման գործընթացը տևել է շատ երկար, մի ամսում չի կայացվել զինադադարի կնքման որոշումը: Պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ է եղել կնքել զինադադարի պայմանագիր: Մինչև չստեղծվեցին պայմաններ` ադրբեջանական կողմը չգնաց դրան: Հայկական ուժերի գործողություները ստիպեցին, որ կնքվի այդ պայմանագիրը: Անցած տարի ապրիլին էլ, երբ ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ, և մենք դիմեցինք պատասխան գործողությունների, ադրբեջանական կողմը դիմեց Ռուսաստանին, որպեսզի զինդադար լինի: Նույնը եղել է 94 թվին»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա`պայմանագրի ստորագրման հիմք հանդիսացավ այն փաստը, որ Ադրբեջանը հասկացավ, որ ի վիճակի չէ շարունակել ռազմական գործողությունները: «Փորձեց հաստատել զինդադադար, որպեսզի քաղաքական ճանապարհով լուծի այն հարցը, որը չկարողացավ լուծել ռազմական միջոցով: Դա տարածքների հանձնումն էր Ադրբեջանին»,- ասաց Հարությունյանը` նշելով`ադրբեջանական կողմը ստարագրեց զինդադադարի պայմանագիրը` կարծելով, թե տարածքները պետք է հանձնվեն իրեն:

Բանախոսը նշեց, որ այդ զինադադարի պայմանագիրը միակ իրավական փաստաթուղթն է, որն ընդունվում է միջազգային կառույցների կողմից:

Անդրադառնալով հարցին, որ այսօր Արցախը բանակցային կողմ չէ, Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանը խուսափում է, որ Արցախը ընդգրկված լինի որպես բանակցային կողմ, որովհետև այդպիսով կստացվի, թե ինքը ճանաչում է Արցախի անկախությունը: «Բայց այսօր Արցախը բանակցային գործընթացի մասնակից է: Արցախը բանակցային մաս չէ միայն այն ձևաչափով, որ եռակողմ հանդիպում չի լինում: Մեր նպատակը հիմա դրան հասնելն է»,- ասաց նա:

Հարությունյանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրին: «Եթե Ադրբեջանը պատրաստ չէ որևէ զիջման գնալ, մենք ինչպե՞ս կարող ենք ասել` եկեք նստենք և լուծենք այս հարցը: Ավելին` Ալիևն ասում է` Ղարաբաղը մերն է, Սիսիանը, Գորիսը, Երևանը ևս մերն են, և ժամանակի հարց է դրանք վերադարձնելը: Եկեք օբյեկտիվ գնահատենք` հայկական կողմը կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելուն միշտ պատրաստ է եղել: Ադրբեջանն ինչի՞ է պատրաստ: Նրանց զիջումը սա է` ասում են` մենք ուզում ենք Երևանը, Գորիսը Սիսիանը: Ադրբեջանն այսօր չի գնա որևէ զիջման»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով` Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով մոտակա ժամանակներում Արցախի հարցի լուծում չկա: Բացի այդ` նա նշեց, որ աշխարհում բոլոր հակամարտությունների լուծման համար էլ երկար ժամանակ է պետք եղել: