Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի ժամանակ գործադիրը պատրաստվում է բացասական եզրակացություն տալ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի և Արմեն Մխիթարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուների կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջին վերաբերող դրույթը:
Այնուհետև սահմանել, որ, եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող ոչ թե մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, այլ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ամբողջ ժամանակահատվածի համար:
Պատգամավորներն առաջարկում են նաև սահմանել, որ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է ոչ թե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա, այլ ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Այս նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու հիմքում գործադիրը բերում է այն հիմնավորումները, թե ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կավելանան կենսաթոշակների վճարմանն ուղղվող ծախսերը և, համաձայն նախնական հաշվարկների, կենսաթոշակների վճարումը ֆինանսավորելու համար առաջիկա 2-3 տարիներին կպահանջվի միանվագ շուրջ 25 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները միջնաժամկետ ապագայում կկազմեն տարեկան շուրջ 10-15 մլրդ դրամ:
Այնինչ` նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով և ՀՀ 2015-2017թթ. պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման` 2015-2016թթ. ճշգրտված և 2017 թվականի կողմնորոշիչ չափաքանակներով:
«Սա նշանակում է, որ պետք է վերանայել կենսաթոշակների չափերի բարձրացման քաղաքականությունը և կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականության թիրախային ցուցանիշները»,- նշվում է կառավարության եզրակացության հիմնավորումներում:
Այսինքն' գործադիրի հիմնավորմամբ' նշված փոփոխությունները կառաջացնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ Ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (ֆինանսական գնահատականը բացակայում է), իսկ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է տալ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում: