կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 15:00
Հասարակություն

«Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները ոստիկանությունից պահանջում են իրենց՝ յոթ ամիս չվճարված աշխատավարձերը

«Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները ոստիկանությունից պահանջում են իրենց՝ յոթ ամիս չվճարված աշխատավարձերը

2013 թվականի հոկտեմբերի 30-ից լուծարված «Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի` արդեն նախկին աշխատակիցներ Գոհար Թամամյանը, Հայկանուշ Գալստյանը, Սանամ Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեցին, որ իրենց հիմնարկությունը, որը ոստիկանության համակարգի աշխատակիցների համազգեստներ էր կարում, պարտք է իրենց առնվազն յոթ ամսվա աշխատավարձ: Գոհար Թամամյանի խոսքով՝ արդեն լուծարված հիմնարկության բոլոր` 126 նախկին աշխատակիցներին էլ որոշակի չափով գումար են պարտք:

«Թղթերը հանձնել ենք դատարան, վճիռը կայացավ, որ պետք է գույքը վաճառեն, նոր վճարեն մեր աշխատավարձերը, բայց մենք այնտեղ գույք չունենք»,- ասաց Գոհար Թամամյանը՝ հստակեցնելով, որ վերոնշյալ հիմնարկությունը հարկայինին պարտք է 53 միլիոն դրամ:

Հայկանուշ Գալստյանի խոսքով՝ հիմնարկության տնօրենը եղել է Աշոտ Ավետիսյանը, ում պաշտոնավարման ընթացքում աշխատակիցները որևէ դժգոհություն չեն ունեցել, մինչդեռ նրան փոխարինողը՝ Սամվել Բեկչյանը, ըստ Գալստյանի, ապիկար է և որևէ կերպ չի օգնել, որ աշխատակիցների խնդիրները լուծվեն:

Նշենք նաև, որ «Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները դիմել են նաև ՄԻՊ-ին, սակայն` ապարդյուն:

«Երբ ընկերությունը լուծարման եզրին էր, մի կերպ բանվորների աշխատավարձերը, վերջնահաշվարկները տվեցին, բայց 126 հոգու աշխատավարձ դեռ չեն տվել»,- նշեց Գոհար Թամամյանը՝ հավելելով, որ 700 հազար դրամից ավելի աշխատավարձ պետք է վճարեն իրեն, Հայկանուշ Գալստյանին, Սանամ Ավագյանին, նաև շեշտեց, որ կան աշխատակիցներ, որ առանց աշխատավարձ ստանալու մահացել են արդեն:

Հայկանուշ Գալստյանը պատմեց, որ առնվազն մեկ միլիոն դրամի չափով աշխատավարձ չստացած իրենց գործընկերը մահացել է, և մտահոգություն հայտնեց, որ դա կարող է սպառնալ իրենցից յուրաքանչյուրին, քանի որ արդեն 60-ն անց կանայք են:

«Կոնտինենտեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պատմեցին, որ իրենց չվճարված աշխատավարձի չափը կազմում է առնվազն 15-20 միլիոն դրամ: «Ոստիկանությանը, վարչապետին, նախագահին ենք դիմում, որ մեր հարցը լուծեն, այլապես ստացվում է, որ ոստիկանությունն այսպես ցույց է տալիս՝ ինչ խղճալի վիճակում է»,- ասաց Հայկանուշ Գալստյանը՝ հավելելով, որ իրենց խնդրով զբաղվել են նաև ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում, սակայն այնտեղից էլ ասել են, որ պետք է հիմնարկության գույքը վաճառվի, որ իրենց աշխատավարձը վճարվի: «Այնտեղ որևէ գույք չկա, ի՞նչը պետք է ախր վաճառեն, չեմ հասկանում: Հիմնարկությունը միայն երկու մեքենա ուներ, կարող են դա վաճառել»,- եզրափակեց նախկին աշխատակցուհին: