կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-12 17:22
Հասարակություն

«Գլոբալ Գոլդ Մայնինգի պնդումներն ակնհայտ կեղծ են»․ չվճարված աշխատակիցները հերքում են ԳԳՄ-ի հերքումը

«Գլոբալ Գոլդ Մայնինգի պնդումներն ակնհայտ կեղծ են»․ չվճարված աշխատակիցները հերքում են ԳԳՄ-ի հերքումը

Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունն արձագանքել է Yerkir.am-ի հրապարակած՝ «Սնանկացած Գլոբալ Գոլդ Մայնինգի 140 աշխատակից 10 տարի է՝ դեռ աշխատավարձ չի ստացել» հոդվածին և ուղարկել իր դիտարկումները ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Հովհաննիսյանի շարադրմամբ։

Մեր խմբագրություն դիմած՝ Գլոբալ Գոլդ Մայնինգի նախկին աշխատակիցներն ու  կապալառուները, սակայն, ունեն իրենց հակափաստարկները, որոնք հերքում են Ընկերության ուղարկած «Հերքման պահանջը»:

Ներկայացնում ենք ինչպես ԳԳՄ-ի պնդումները, այնպես էլ աշխատակիցների առարկությունները՝ ամբողջությամբ։

ՊՆԴՈՒՄ 1. Իբր «Ընկերության աշխատակիցների եւ գործընկերների բացարձակ մեծամասնությունը վճարվել են աշխատավարձի եւ վճարումների գծով պարտքերը», եւ թե իբր դա երեւում է «www.datalex.am հանրամատչելի կայքի ուսումնասիրությունից», եւ թե իբր «այդ 140 աշխատակիցները ակնհայտորեն ստել են լրատվական կայքին».

Աշխատակիցները Yerkir.am-ին են ներկայացրել Վան Կրիկորյանի կողմից Ընկերության աշխատակազմի հետ վարած նամակագրությունը որը սկսվում է 2014թ-ից: Այդ նամակագրությունն ամբողջական չէ, եւ իրականում սկսվել է ավելի վաղուց, ուղղակի ավելի վաղ նամակները` նույն բովանդակությամբ չեն պահպանվել: Կից ներկայացված նամակագրությունը վկայում է, սակայն, որ աշխատավարձի եւ կապալառուների պարտքերը սկսել են կուտակվել շատ ավելի վաղուց, որոնք մինչև այժմ չեն վճարվել:

Այսպես, 2014թ-ի հուլիսի 11-ին աշխատակազմը գրել է, որ աշխատավարձերի չվճարումը անմարդկային է, անօրինական, հակասում է ստորագրված պայմանագրերին (նկատի ունեն Վան Կրիկորյանի վճարման հավաստիացումների հիման վրա ձեռք բերված համաձայնությունները եւ պայմանագրերը) եւ ընկերության հեղինակությանը, ինչին Վան Կրիկորյանը պատասխանել է՝ «հուսով եմ դուք բոլորդ ինձ ճանաչում եք շատ լավ մտածելու համար, որ գումար ենք ունեցել ձեզ վճարելու համար, եւ չենք վճարել», ինչպես նաեւ «ես համարում եմ ձեզ իմ ընտանիքի անդամները եւ ահավոր եմ զգում ինձ, որ դեռ չենք կարողացել լուծել մեր խնդիրները»:

Մի քանի օր անց,  2014թ-ի հուլիսի 15ին, ճարահատյալ, աշխատակազմը գրել է Վան Կրիկորյանին. «Մենք, որպես մեր ընտանիքի անդամներ, խնդրում ենք վճարել մեր կոմունալ վճարումները», եւ կցել է ցուցակ: Վան Կրիկորյանը պատասխանել է նոր հավաստիացումներով, որոնք մինչև օրս չեն իրականացվել:

2015թ-ի  հունիսի 29-ին աշխատակազմը գրել է Վան Կրիկորյանին. «Սիրելի Վան, մենք գումար չունենք նույնիսկ գրասենյակ գալու համար», ինչին Կրիկորյանը պատասխանել է. «Ես գիտեմ, մենք որոշ գումարների փոխանցում էինք սպասում մոտ 3 շաբաթ արդեն եւ հիմա ես նրանց անհանգստացնում եմ ամեն օր դրա համար, ես համոզված եմ մենք այն կստանանք այս շաբաթ եւ հավանաբար կստորագրենք մնացած պայմանագրերը, որոնց վրա ես աշխատում էի մեր խնդիրների լուծման համար»:

2015թ-ի սեպտեմբերի 10-ին, դարձյալ, աշխատակազմը դիմել է Կրիկորյանին. 

«Մենք հույս չունենք որեւէ դրական փոփոխությունների, այդուհանդերձ, գրում ենք մեր հաջորդ նամակը:

Հայկի աղջկա հարսանիքը մոտենում է, եւ նրան գումար է պետք այն կազմակերպելու համար: Բացի այդ, նա ունի վարկային պարտավորություններ, որը չի կարողանում մարել:

Լիլիթը բնակարան է վարձակալում, քանի որ նա Գյումրիից է եւ Երեւանում մնալու տեղ չունի: Նա ունի վարկային պարտավորություններ, որոնք մարել չի կարողանում:

Լուսինեն բնակարան վարձակալելու խնդիրներ ունի եւ վարկային պարտավորություններ: Վերջաժամկետները մոտենում են: Վիգենը նույնպես բնակարան է վարձակալում: Մարիամին գումար է անհրաժեշտ դստեր ուսման համար շուտով: Բոլորին գումար է անհրաժեշտ լույսի, գազի, ջրի, հեռախոսի եւ ինտերնետի վճարումների համար:

Ուստի, մենք ուզում ենք իմանալ՝ երբ գումար կլինի: Մենք գումար չունենք, բոլորովին:

Իրավիճակը հուսահատական է»։

2015թ-ի հոկտեմբերի 1-ին աշխատակազմը դարձյալ գրել է.

«Մենք հոգնել ենք սպասել լավ լուրերի: Ինչքա՞ն է դա տեւելու: Խնդրում ենք ասեք կոնկրետ ամսաթիվ»։

Հետեւել է հերթական հավաստիացումը․ «ուրախ եմ տեղեկացնել, որ … Հայաստանում գումար կունենանք երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի»:

2015թ-ի նոյեմբերի 18-ին աշխատակազմը դարձյալ թախանձել է. «Մենք ուզում ենք իմանալ՝ կա՞ արդյոք տեղեկություն գումարների վերաբերյալ: Մենք դրա կարիքն ունենք շատ»:

Հետեւել է հերթական հավաստիացումը. «Բոլորն այստեղ աշխատում են ճիշտ ուղղությամբ եւ ես ձեզ կտեղեկացնեմ»:

2015թ-ի նոյեմբերի 24-ին աշխատակազմը դարձյալ գրել է. «Նոյեմբերի վերջին շաբաթն արդեն մոտենում է: Մենք ուզում ենք իմանալ ինչ որ բան գումարների վերաբերյալ: Խնդրում ենք տեղեկացնել ինչպես է գնում գործընթացը: Մենք ուզում ենք իմանալ կոնկրետ ամսաթիվ: Մենք գումարի կարիք ունենք՝ դուք գիտեք»:

2015թ-ի նոյեմբերի 30-ին աշխատակազմը դարձյալ թախանձել է. «Մենք խնդրում ենք վճարել որոշ գումար նվազագույն ծախսերի համար եւ տրանսպորտի վարձ: Մենք ուզում ենք հնարավորություն ունենալ գրասենյակ հաճախելու համար»:

Հաջորդել է հերթական հավաստիացումը. «Դա կարող է լինել երեքշաբթի կամ մինչեւ ուրբաթ երեկոյան իմ ժամանակով»:

Եւ այդպես շարունակ, այս նամակագրությունը ձգվում է մինչեւ 2018թ-ի վերջը, այս նամակագրությունը վկայում է աշխատողների կրած ամենօրյա տառապանքի մասին` աշխատավարձերը շարունակաբար չստանալու պատճառով, նույնիսկ գումար են խնդրել, որպեսզի կարողանան գնալ աշխատանքի եւ կատարեն Վան Կրիկորյանի հանձնարարությունները, սակայն հետեւել են միայն կեղծ հավաստիացումներ` թախանձանքներին ի պատասխան, այն դեպքում, երբ խոսքը աշխատավարձերի վճարման մասին էր: Պարտքի գումարները  նամակագրության մասնակիցներին չեն վճարվել մինչև այժմ:

Datalex համակարգում նայելիս՝ հայտնի կդառնա, որ Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունը սնանկացել է 2015թ-ին: Դատական գործերն այդ ընկերության մասով մինչ օրս չեն ավարտվել, դրանք արդեն 7 տարի շարունակվում են` ընկերության եւ Վան Կրիկորյանի կողմից աշխատակիցներին գրանցված աշխատավարձի պարտքերը վճարելու պարզ պահանջի դեմ դատարաններում կեղծ բողոքներ ներկայացնելու պատճառով:

Նույն Datalex-ի տվյալներով, Գլոբալ Գոլդ Հանքավան ընկերությունը նույնպես սնանկացել է 2015թ-ին, նույնպես 7 տարի առաջ, դատաքննությունը շարունակվում է մինչ օրս, ընկերության կողմից գրանցված աշխատավարձերի պահանջներն անվերջ բողոքարկելու պատճառով, մինչդեռ, սնանկության կառավարչի հատուկ հաշվին վաղուց փոխանցվել են ԱԱՀ գերավճարի գումարները, աշխատակիցները կարող են վճարվել առանց ընկերության կողմից լումա անգամ ծախսելու, սակայն բողոքարկումները շարունակվում են, եւ ոչ մի աշխատակից (կամ նույնիսկ ՀՀ ՊԵԿ-ը) չի վճարվել մինչ այժմ:

Նույն Datalex-ի համաձայն, Մարջան Մայնինգ Քոմփանի ընկերությունը սնանկ է ճանաչվել 2016թ-ին՝ 6 տարի առաջ, եւ դեռ ընթանում է, աշխատակիցները չեն վճարվել: Աշխատակիցների պահանջներով դատական որոշումները ընկերությունը բողոքարկել է վերաքննիչ, այնուհետեւ վճռաբեկ դատարան, վերջին անգամ` 2021թ-ի փետրվարին: Այդ գործի մասին մինչ օրս տեղեկություններ չկան, այն դեռ չի վերադարձվել կամ որոշվել վճռաբեկ դատարանի կողմից, մինչդեռ անցել է արդեն 1 տարի եւ 2 ամիս, եւ հայտնի չէ, թե երբ որոշում կկայացվի:

Գետիկ Մայնինգ Քոմփանի ընկերությունը սնանկացել է 2016թ-ին, եւ նրա ընդամենը մի քանի աշխատակիցների մասով գործն ավարտվել է միայն 2021թ-ի վերջին, ընկերությունը լուծարվել է, գործը տեւել է 5 տարուց ավելի` ընկերության բողոքարկումների արդյունքում, Մեգո Գոլդ ընկերությունը սնանկացել է 2015թ-ին, գործը քննվել է 6 տարուց ավելի` դարձյալ ընկերության բողոքարկումների արդյունքում, այն դեպքում, երբ ի սկզբանե կառավարչի հաշվին են փոխանցվել ԱԱՀ-ի գերավճարների գումարները, դրանք կարող էին վճարվել աշխատակիցներին անմիջապես, սակայն ընկերության ղեկավարությունը (Վան Կրիկորյանը) փաստորեն ջանացել է,  որպեսզի ընկերության աշխատակիցները` երկար տարիների տառապանքից հետո տառապեն եւս 6 տարի:

Ընկերության բողոքները հիմնականում վերաբերում են նրան, թե իբր աշխատակիցներն իրենք են պարտավոր դատարանին ներկայացնել աշխատավարձի պարտքերի չափերը հաստատող փաստաթղթեր, իսկ երբ աշխատակիցները դրանք ներկայացնում են` հետեւում է այդ փաստաթղթերի վերաբերյալ բողոքները, մինչդեռ բոլոր փաստաթղթերը գտնվում են ընկերության մոտ, բնականաբար: Աշխատակիցների օգտին Սնանկության դատարանի որոշումները ընկերությունը բողոքարկում է Վերաքննիչ, այնուհետեւ Վճռաբեկ դատարան, այնուհետեւ վերադարձվում են Սնանկության դատարանին` նոր քննության համար, ապա նորից բողոքարկվում, եւ այդպես շարունակ: Դատական նիստերը նշանակվում են 2-3 ամիս պարբերականությամբ՝ վատթարացնելով երկար տարիներ պարտքեր կուտակած եւ տառապանքներ կրած աշխատակիցների վիճակը: Ընկերության հաշվապահությունը գրանցել է այդ աշխատակիցների եւ կապալառուների պարտքերը, սակայն ընկերությունը թաքցնում է աշխատակիցների պարտքերի վերաբերյալ տվյալները դատարաններից, եւ անվերջ բողոքարկում աշխատակիցների օգտին կայացված որոշումները` նրանց անվերջ չվճարելու, եւ արդյունքում` աշխատողների գումարները անվերջ պահելու եւ օգտագործելու նպատակով: Կից ներկայացված նամակագրության հավաստիացումների լույսի ներքո աշխատողների պահանջների դեմ ընկերության բողոքարկումները ոչ միայն միտումնավոր են, այլ նաեւ չարամիտ:

Այսինքն, դատական գործերն ավարտվել են, եւ վճարվել են Գլոբալ Գոլդի 5 ընկերություններից միայն 2 ընկերությունների աշխատակիցները, այն էլ այն դեպքում, երբ այդ 2 ընկերությունների դատավարությունները տեւել են 6-7 տարի` ընկերության դիտավոր եւ չարամիտ բողոքարկումների պատճառով: Ի դեպ, այն ընկերությունների աշխատակիցներից շատերը, որոնք վճարվել են աննախադեպ երկար տեւած դատաքննությունների արդյունքում, աշխատում են նաեւ այն 3 ընկերություններում, որոնց մասով դատական գործերը դեռ շարունակվում են տարիներ, այսինքն, այդ նույն աշխատակիցները Մեգո Գոլդ ընկերության դեմ դատավարական գործընթացի ավարտին (այն էլ ստիպված) վճարվել են մասնակի, եւ չեն վճարվել այլ ընկերություններում իրենց աշխատանքի համար, ուստի, պնդումն առ այն, թե իբր աշխատակիցների մեծ մասը վճարվել է` կեղծ է: Մնացած 3 ընկերությունների դատական գործերը դեռ շարունակվում են, այդ ընկերությունների աշխատակիցները եւ կապալառուները դեռ չեն վճարվել, եւ ցավալի է, որ չի բացառվում, որ այդ դատավարությունները կարող են սահմանել ավելի երկար ժամկետային ռեկորդներ:

Ընկերության կապալառուներից միայն մեկը` «ՌԱԿԵ» ՍՊԸ-ն, որը դեռ չի վճարվել ընկերության բողոքարկումների պատճառով, ունեցել է 100-ից ավելի աշխատակիցներ: Երկու տասնյակից ավելի աշխատակիցների պարտքերի գծով դատավարություններն ընկերությունը դեռ բողոքարկում է, նույնիսկ սպառնում: Աշխատակիցները ձեռքի տակ ունեն նաև սնանկության կառավարիչների մոտ ժողովների ձայնագրությունները, որոնցով կարելի է պատկերացում կազմել, թե ինչ խոսույթով եւ սպառնալիքներով են հանդես եկել ընկերության ներկայացուցիչներն այդ ժողովներին՝ նախապես իմանալով, որ ժողովը ձայնագրվում է:

Ուստի, նրանց հավաստամամբ, պնդումն ակնհայտ կեղծ է:

ՊՆԴՈՒՄ 2.  Իբր Գլոբալ Գոլդը չի պատկանում Վան Կրիկորյանին.

Հերքման պահանջ ներկայացնողն ինքն է խոստովանում, որ Վան Կրիկորյանը Գլոբալ Գոլդ ընկերությունների սեփականատեր է: Ավելին, Վան Կրիկորյանն է ղեկավարել եւ ղեկավարում այդ ընկերությունները: Վան Կրիկորյանն է տարիներ շարունակ հավաստիացրել աշխատավարձերի մոտալուտ վճարման մասին, Վան Կրիկորյանն է մոլորեցրել աշխատակիցներին: Ընկերությունների աշխատակիցները գաղափար անգամ չունեն ընկերությունների այլ բաժնետերերի մասին, եւ չպետք է ունենան: Հասկանալի է, որ այժմ հանգամանքների բերումով անհրաժեշտություն է առաջացել թաքնվել այլ բաժնետերերի հետեւում, սակայն աշխատակիցները, ՀՀ բոլոր մարմինները եւ լրատվամիջոցները ճանաչում են միայն Վան Կրիկորյանին որպես ընկերությունների սեփականատեր: Եթե մեղավոր են նաեւ այլ բաժնետերեր, ապա թող թվարկեն նրանց անունները եւս:

Ուստի, Վան Կրիկորյանի` որպես ընկերության սեփականատեր չլինելու մասին պնդումը նույնպես կեղծ է:

ՊՆԴՈՒՄ 3. Իբր Վան Կրիկորյանը տարիներ շարունակ տարբեր պատրվակներով չի հետաձգել աշխատակիցների աշխատավարձի վճարումները.

Կից ներկայացված, տարիներ տեւած նամակագրությունը փաստում է միայն մի բան. տարիներ շարունակ աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել, իսկ Վան Կրիկորյանը բերել է բազմաթիվ պատրվակներ այդ աշխատավարձերը չվճարելու համար, փաստորեն մոլորեցրել է նրանց, եւ հաջողել: Աշխատավարձերը չեն վճարվել մինչև այժմ: Սնանկության դատարանը լցված է բազմաթիվ աշխատողների եւ կապալառուների պահանջներով` տարիներ տեւած աշխատանքի համար չվճարվելու արդյունքում: Նույն «ՌԱԿԵ» ՍՊԸ-ն չի վճարվել արդեն 13 տարի, նրա պարտքերը վաղուց հաստատվել են, ներառյալ փոխադարձ ակտերով եւ Վան Կրիկորյանի հետ նամակագրությամբ: Չեն վճարվել նաեւ այլ կապալառուներ, որոնք ունեն աշխատակիցներ:

Ուստի, այս պնդումը նույնպես կեղծ է:

ՊՆԴՈՒՄ 3. Իբր, մահացած 4 աշխատակիցները չեն մահացել աշխատավարձերը չվճարվելու պատճառով.

Ակնհայտ է, որ մարդիկ ուղղակիորեն չեն մահանում աշխատավարձ չստանալու պատճառով, եւ ոչ մեկի հիվանդության պատմության մեջ նման նշում չկա:

Մարդիկ կարող են մահանալ երկար տարիների աշխատավարձ չստանալու հետեւանքով համապատասխան բուժում չստանալու, վարկային պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով ապրումների, վաստակած գումարները չստանալու հետեւանքով երեխաներին ուսման տալ չկարողանալու, վարձերը չվճարելու եւ այլ հետեւանքային պատճառներով տառապելու, անհանգիստ կյանք ապրելու, անարդարության պատին բախվելու հետեւանքով: Կից ներկայացված նամակագրությունը վկայում է այդ մարդկանց տառապանքների մասին, մինչդեռ, դատարաններում իրենց ծնողների վաստակը ստանալու համար այժմ պայքարում են նրանց ժառանգները: Ողջամիտ կլիներ, եթե նման տառապանքներ պատճառած կողմը ներողություն խնդրեր այդ մարդկանցից եւ նրանց ժառանգներից, եւ ոչ մի դեպքում չվիճարկեր իրենց մեղքի բաժինը մարդկանց վաղաժամկետ վախճանի համար:

Սա ընդամենը ներկայացնում է հերքման պահանջ ներկայացնող կողմի տեսակը եւ աշխարահայացքը (նկատում ենք, որ պահանջը ներառում է բազմաթիվ սպառնալիքներ` լրագրողական աշխատանքը կատարելու համար), եւ բնականաբար, պնդումը կեղծ է բոլոր փաստական եւ բարոյական առումներով:

ՊՆԴՈՒՄ 4. Իբր «Մեգո Գոլդ» եւ «Գետիկ Մայնինգ Քոմփանի» ընկերությունները առողջացել են.

Արդեն նշվել է, որ «Մեգո Գոլդ» ընկերության սնանկության գործընթացն ավարտվել է, սակայն ՀՀ Կառավարությունը հետ է վերցրել այդ ընկերության հանքարդյունահանման լիցենզիան, եւ անկախ սնանկության գործընթացի ավարտից` այդ ընկերությունը զրկված է գործունեություն վարելու իրավունքից, եթե նայենք Datalex-ն ամբողջությամբ, այլ ոչ թե այն տեսանկյունից, որը պնդում է հերքման պահանջ ներկայացնողը:

«Գետիկ Մայնինգ Քոմփանի» ընկերության սնանկության գործընթացն ավարտվել է ոչ թե այդ ընկերության առողջացմամբ, այլ նրա լուծարմամբ:

ՊՆԴՈՒՄ 5. Իբր Վան Կրիկորյանը կապ չունի կառավարիչների հաշիվներին նստած գումարները աշխատակիցներին չվճարելու եւ խոչընդոտներ հարուցելու հետ, եւ իբր, աճուրդների գործընթացում կեղծ հայտատուներ չեն եղել.

Աշխատակիցների եւ կապալառուների հանդեպ ստանձնած, գրանցված եւ երկուստեք ընդունված դրամական պարտավորություններով տարիներով չկատարելը` դատական որոշումները ընկերության կողմից անվերջ բողոքարկելու միջոցով, չի կարող համարվել այլ բան, քան այդ վճարումները կատարելը խոչընդոտելը: Ստացվում է, որ ընկերությունն օր ու գիշեր փորձում է կատարել այդ վճարումները, բայց աշխատողները եւ կապալառուները համառորեն դրանք չեն ընդունում: Քանի որ պահանջատերն աշխատողները եւ կապալառուներն են, իսկ խուսափողն ընկերությունը, ուրեմն այս երկար տարիների ընթացքում խոչընդոտել է ընկերությունը` նախապես երկար տարիներ աշխատողներին եւ կապալառուներին մոլորեցնելուց հետո: Հիշեցնենք, որ ընկերությունը նախ պահանջում է, որպեսզի աշխատակիցները եւ կապալառուներն ապացուցեն, որ իրենց պարտք են (մինչդեռ պարտքի գոյության եւ դրանք ընդունելու վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ընկերության հաշվապահությունում), իսկ երբ աշխատակիցները եւ կապալառուները ներկայացնում են այդ փաստաթղթերը, ընկերությունը սկսում է բողոքարկել այդ փաստաթղթերը: Օրինակ, կապալառուներից մեկին երկար տարիներ չվճարելուց, եւ այդ տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ գրավոր խնդրելով սպասել եւ չդիմել դատական ատյաններին, ընկերությունը մեղադրել է պարտքի հայցային վաղեմությունն անցնելու մեջ: Դատարանը որոշում է ընդունել կապալառուի օգտին, սակայն ընկերությունն այն բողոքարկել է, գործը հասցնելով վճռաբեկ դատարան, որտեղ այն գտնվում է արդեն տարուց ավելի: Համաձայն ենք այս դեպքում նույնպես նայել Datalex-ը, կամ դատարանների արձանագրությունները: Մեկ այլ դեպքում, ընկերության տնօրենի պարտքի վերաբերյալ տեղեկանքը ստորագրել եւ կնքել է ընկերության հաշվապահը, տնօրենն այն չի ստորագրել, որպեսզի չմեղադրվի ինքն իրեն տեղեկանք տալու մեջ, եւ չնայած տեղեկանքը ճիշտ է եւ համապատասխանում է ընկերության հաշվապահական փաստաթղթերին, ընկերությունը մեղադրում է տնօրենին ինքն իր հանդեպ տեղեկանքը ստորագրելու համար, եւ դատարաններից թաքցնում է պարտքը հաստատող հաշվապահական փաստաթղթերը: Ընկերության մեկ այլ աշխատակցի` թոշակի անցած իրավաբանի, նախկին դատախազի, նույնպես վերագրում են ժամանակին պարտքը չստանալու մեջ (հայցային վաղեմութուն), այն դեպքում, երբ բազմաթիվ փաստեր կան, երբ այդ մարդուն խնդրել են դատարան չդիմել, իբր պարտքը շուտով վերադարձնելու են:

«Մեգո Գոլդ» ընկերության սարքավորումներն աճուրդի հանվելուց հետո, երբ աճուրդին են դիմել այդ սարքավորումները գնել ցանկացող կազմակերպություններ եւ անհատներ, ընկերության ներկա տնօրենի ընկերությունը եւ Գլոբալ Գոլդ ընկերության երկու աշխատակիցներ, որոնց հանդեպ ընկերությունը նույնպես ուներ տարիների աշխատավարձի կուտակված պարքեր, աճուրդում հանդես են եկել որպես հայտատու` տասնյակ միլիոնավոր գումարների սարքավորումների գնման համար ներկայացնելով դրանց արժեքը մի քանի անգամ գերազանցող հայտեր, հաղթել են աճուրդում, սակայն այնուհետեւ այդ սարքավորումները չեն գնել, այդպիսով խափանելով աճուրդը, եւ արդյունքում հետաձգել են աշխատողների, կապալառուների, համայնքների եւ ՀՀ ՊԵԿ-ի հանդեպ ընկերության պարտավորությունների կատարումը: Աշխատակիցների հավաստմամաբ՝ աճուրդները վիժեցրած աշխատակիցների անուններն են` Գագիկ Գալստյան եւ Տիգրան Բաղդասարյան: Նախկինում նրանք երբեւէ որեւէ աճուրդի չեն մասնակցել, սարքավորումների գնման հետ կապված գործունեություն չեն վարել, սակայն նշված դեպքերում մասնակցել են աճուրդներին` նպատակ ունենալով վիժեցնել դրանք: Ընկերությունը բնականաբար տեղյակ է այդ մասին, ընդամենը փորձում է մոլորեցնել` ըստ սովորության: Աճուրդի արձանագրություններից մեկը կցում ենք:  Մնացած արձանագրությունները կարող եք ստանալ սնանկության կառավարիչ Ռուզաննա Մարգարյանից:

ՊՆԴՈՒՄ 6. Իբր Վան Կրիկորյանը երբեւէ Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ լինելու հանգամանքը չի օգտագործել որեւէ այլ նպատակով, եւ թե իբր աշխատակիցների մոտ չէր կարող ձեւավորվել ընկալում առ այն, որ տարիներ շարունակ իրենց մոլորեցնող անձը նաեւ ԱՀՀ-ի համանախագահն է.

Կից ներկայացված` աշխատակազմի եւ Վան Կրիկորյանի միջեւ նամակագրությունը փաստում է, որ Վան Կրիկորյանը տարիներ շարունակ խոստացել է վճարել աշխատողների աշխատավարձը, սակայն չի վճարել մինչեւ հիմա: Հատկանշական է, որ աշխատակիցները հավատացել են Վան Կրիկորյանին, եւ նրան փաստորեն հաջողվել է չարամտորեն մոլորեցնել նրանց բոլորին, մինչեւ եկել է պահը, երբ աշխատակիցները դադարել են հավատալ նրան, եւ դիմել են դատարան, եւ հիմա տարիներով պայքարում են իրենց վաստակած աշխատավարձերը ստանալու համար:

Այդ բոլոր տարիների ընթացքում Վան Կրիկորյանը այցելել է Հայաստան, տարին մի քանի անգամ, հանդիպել աշխատակիցների հետ, եւ շարունակել մոլորեցնել նրանց: Միաժամանակ, այդ բոլոր այցելությունների ընթացքում, երբ աշխատողների եւ կապալառուների հանդեպ պարտքերը կուտակվում էին, Վան Կրիկորյանը հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` որպես ԱՀՀ-ի համանախագահ (կցում ենք լրատվամիջոցների կողմից հաղորդագրություններից ընդամենը մի քանիսը): Այս հաղորդագրությունները տեսել են ընկերության աշխատակիցները եւ կապալառուները: Ավելին, աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ, երբ Վան Կրիկորյանը շարունակում էր նրանց մոլորեցնել, նա պատմել եւ նույնիսկ պարծեցել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների մասին: Այս հանգամանքում պնդել, թե իբր աշխատակիցների մոտ չէր կարող լինել ընկալում եւ համոզմունք առ այն, թե իբր ՀՀ բարձրաստիճան խավի եւ իրենց հետ հանդիպումների ընթացքում հավաստիացումներ տվողները տարբեր անձիք են, եւ որ Վան Կրիկորյանի` ԱՀՀ համանախագահ լինելու, եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընդունված լինելու պարագայում նա հաստատ մոլորեցնելու էր իրենց` նման չարամիտ, ընդհուպ ցինիզմի հասնող ձեւով, եւ հատկապես շահերի բախման նման հանգամանքում` անհնար է: Ի դեպ, աշխատակիցները եւ կապալառուները բաց նամակով դիմել են նաեւ ԱՀՀ-ին, եւ պարզ չէ, թե ինչ են որոշել այդ հեղինակավոր կազմակերպության ղեկավարները (որոնցից մեկը հենց Վան Կրիկորյանն է):

Ուստի, պնդումը ակնհայտ կեղծ է՝ վստահեցնում են աշխատակիցները:

Ինչ վերաբերում է ընկերության կողմից «համապատասխան իրավասու մարմիններում» ընթացող գործերի, եւ հատկապես ընկերության եւ Վան Կրիկորյանի անհավատալի ունակությանը` տարիներով մոլորեցնել քաղաքացիներին եւ այնուհետեւ տարիներով ձգձգել դատավարական գործընթացները, ապա աշխատակիցները ներկայացնում են Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի եւ Կարգապահական Հարցերի Հանձնաժողովին ներկայացված հաղորդումը, որը, նրանց համոզմամբ, բացահայտում է ընկերության, Վան Կրիկորյանի, նրանց փաստաբանի (ով նաեւ Yerkir.am-ին  ներկայացրել է  «հերքման պահանջ» գրվածքը` լրատվամիջոցին ակնհայտ սպառնալիքներով) եւ դատավորների միջեւ ակնհայտ կապերի փաստերը, որոնք հանգեցնում են օրենքի հետ չառնչվող, մասնավոր շահեր սպասարկող, քաղաքացիների իրավունքները ոտնահարող եւ դատավարությունները ձգձգող որոշումների կայացմանը:

Աշխատակիցները վստահեցնում են, որ առկա են վերոգրյալը հաստատող այլ փաստական հանգամանքներ ևս, փաստաթղթեր, ձայնագրություններ եւ վկայություններ, որոնք գտնվում են իրենց տրամադրության տակ:

Աննա Բալյան